Բաժիններ՝

«Եթե 2.5 ժամ թռել եք, կանգնած ուղևոր եք տեսել, ինչո՞ւ եք սեղանը նկարել քերծված». Ավիաընկերությունը հերքում է կանգնած ուղևորների մասին լուրը

Մինչ Երևան-Մոսկվա NGT 928 չվերթում կանգնած ուղևորների մասին լուրը տարածվում է լրատվականներում ու բուռն քննարկվում համացանցում, Քաղավիացիայի կոմիտեում դեռևս չեն հաստատում, մեկնաբանում կամ հերքում տեղեկությունը՝ պարզաբանմամբ, որ Տաթևիկ Ռևազյանը գործուղման մեջ է:

Հիշեցնենք՝ օրերս տեղեկացրել էինք, որ «Արմենիա» ավիաընկերության Բոինգ 737 ինքնաթիռում Երևան-Մոսկվա NGT 928 չվերթն իրականացնելիս հայտնաբերվել է էլեկտրականության անսարքություն։

Թեմայի առնչությամբ ֆեյբուքյան իր էջում «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը հայտնել էր, որ օդանավի անձնակազմը՝ կարևորելով ուղևորների անվտանգությունը, խելամիտ որոշում է կայացրել և վայրէջք է կատարել Թբիլիսիի օդանավակայանում։

168.am-ի խնդրանքով  Գևորգ Խաչատրյանն անդրադարձավ համացանցում ու լրատվամիջոցներում տարածված այն վարկածին, որ վայրէջքի պատճառը ոչ թե անսարքությունն է եղել, այլ գերբեռնվածությունը:

Կարդացեք նաև

Ավիաընկերության փոխտնօրենն այս լուրերը որակեց ապատեղեկատվություն. «Եթե բոլորն իրենց համարում են ավիաինժեներներ, ավիատեխնիկներ ու հարկ չեն համարում անգամ ավիաընկերություն զանգահարել՝ ինչ-որ բան ճշտելու, այլ հիմնվում են ֆեյսբուքյան մեկնաբանությունների վրա, ի՞նչ մեկնաբանենք, եթե ուղևորը նշում է, որ կանգնած ուղևոր է եղել ու այդ ընթացքում հեռախոսով  ֆիքսել է քերծված սեղանը և չի ֆիքսել այդ կանգնած ուղևորին, ի՞նչը մեկնաբանենք: Ձեզ մոտ հարց չի՞ առաջանում՝ եթե 2.5 ժամ թռել եք, կանգնած ուղևոր եք տեսել, ինչո՞ւ եք սեղանը նկարել քերծված»:

Ապատեղեկատվություն տարածելու առնչությամբ պատրաստվո՞ւմ եք իրավական գործընթաց սկսել՝ մեր հարցին ի պատասխան՝ նա նշեց. «Իրավաբանների հետ արդեն իսկ քննարկվում է այդ հարցը, ու շատ արծարծվելու դեպքում՝ քրեական պատասխանատվության են ենթարկվելու բոլորը»:

Զարուհի Դիլանյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս