Թբիլիսիի քաղաքագլուխը դատապարտել է քամահրական վերաբերմունքը ռուս զբոսաշրջիկների նկատմամբ
Թբիլիսիի քաղաքագլուխ Կախա Կալաձեն անընդունելի է համարել այն խոսակցությունները, թե Վրաստանին անհրաժեշտ չեն զբոսաշրջիկներ Ռուսաստանից: «Այն, ինչ ասում են, օրինակ, իբր մեզ պետք չեն ռուս զբոսաշրջիկներ, թող մեզ մոտ չգան Ռուսաստանից. այդ վերաբերմունքը կտրականապես անընդունելի է:
Դա այն է, ինչ ասում է մանր քաղաքական խումբը: Ընդհակառակը, մենք պատրաստ ենք զբոսաշրջիկներ ընդունելու ցանկացած երկրից: Նանց անվտանգությունն ինչպես քաղաքում, այնպես էլ երկրում առավելագույնս կապահովվի»,- մեջբերում է Sputnik գործակալությունը Կալաձեի խոսքը քաղաքային կառավարության նիստում:
Վրաստանը 2019 թվականի ամռանը կորցրեց ռուսաստանցի զբոսաշրջիկներին այն բանից հետո, երբ Թբիլիսիում բողոքի ակցիաների ֆոնին Ռուսաստանի ղեկավարությունը որոշում ընդունեց դադարեցնել ուղիղ ավիաչվերթները Վրաստանի հետ: Վրաստանի վիճակագրության տվյալներով՝ անցյալ տարի երկրում յուրաքանչյուր հինգերորդ զբոսաշրջիկը (21 տոկոս) եղել է Ռուսաստանից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: