ԲԴԽ նախագահը պարզաբանում է, թե ինչ առնչություն ունի ԱԱԾ-ի հետ

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով իր ընտրվելուց հետո ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի այն բնորոշմանը, թե հաղթեց Ազգային անվտանգության ծառայությունը, նշեց, որ դատական իշխանությունում կա մասնագիտացում ինստիտուտը, ըստ որի՝ կան դատավորներ՝ քննում են քրեական, կորպորատիվ և այլ գործեր։

«Ինքս՝ որպես դատավոր, 2012 թվականից քննել եմ օպերատիվ հետախուզական գործունեության մասին օրենքի շրջանակներում դատական վերահսկողության դաշտում ներկայացվող միջնորդությունները, այդ թվում՝ ԱԱԾ-ից ներկայացրած։ Եթե քանակը հաշվենք, թե որ մարմինն է ավելի շատ ներկայացրել, ապա վստահաբար կարող եմ ասել, որ ոստիկանությունն ավելի շատ միջնորդություններ է ներկայացրել, այդ պատճառով էլ ինձ համար անհասկանալի է, թե ինչու ԱԱԾ-ն հաղթեց, կարելի էր ասել, որ ոստիկանությունը հաղթեց»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ իրեն քննադատողներից մեկն ասել է նաև, որ ինքն այն դատավորն է, որն ավելի շատ է քննել այդ միջնորդությունները։

«Դա եղել է իմ գործառույթը, դա ես իրականացրել եմ, քանի որ նման մասնագիտացում եմ ունեցել»,- հավելեց Ռ. Վարդազարյանը։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս