Ի՞նչ զանգ են կառավարությունից ստացել Արսեն Թորոսյանը և Արմեն Մուրադյանը

Այսօր լրահոսի թիվ մեկ թեման ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի սկանդալային ասուլիսն էր, և հետագա զարգացումները, որոնք անսպասելիորեն հետաքրքիր բացահայտումներ են անում ոչ միայն նրա ղեկավարած համակարգի, այլև ոլորտի շուրջ, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած Քաղաքացիական պայմանագիր (ՔՊ) կուսակցության շղթայված կապերի մասին:

Հիշեցնենք, Առողջապահության նախարարն այսօր ամփոփիչ ասուլիս էր հրավիրել ոլորտի ձեռքբերումները ներկայացնելու համար, և նրա կողմից պաշտոնանկ արված ՝ խորհրդատու Գևորգ Թամամյանը, ով հանդիսանում է Յոլյանի անվ. Արյունաբանական կենտրոնի Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավարը, անակնկալ կերպով ներխուժել էր սրահ և հրապարակավ նախարարին պարտադրել պատասխանել ուռուցքաբանության ոլորտին առնչվող իր հարցադրումներին՝ ընդգծելով, որ նրա զբաղեցրած պաշտոնը մեր հարկերով է պահվում, ուստի պետական պաշտոնյան պարտավոր է պարզաբանում տալ հանրությանը՝ իր ազատման և ոլորտի որոշ կոնֆլիկտային հարցերի վերաբերյալ:

Տհաճ իրավիճակում հայտնված նախարարը, որ մինչ այդ էլ, ըստ Թամամյանի՝ բազմիցս խուսափել է խորհրդատուի հետ դեմ առ դեմ շփումներից, չդիմակայեց նրա սադրանքներին նաև այսօր և տեսախցիկների առաջ գլխահակ փախուստի դիմեց մամուլի սրահից:
Խայտառակ փախուստից հետո նախարարը մի պահ փորձեց ինքնապաշտպանության դիմել՝ Թամամյանի «դեմքը պատռելու» համար սկզբում հրապարակեց վիճարկելի թեմային առնչվող որոշ փաստաթղթեր: Սակայն րոպեներ անց լարված մթնոլորտն էլ ավելի թեժացավ, երբ Ֆեյսբուքում հայտնվեց ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանի գրառումը, որով իշխող ուժի ներկայացուցիչն անուղղակիորեն միանում էր նախարար Թորոսյանի դեմ կազմակերպած արշավին:

Նկատենք, պատգամավորի գրառումը՝ թե՛ նախարարի, թե՛ ոլորտի մասնագետների կողմից ընկալվեց որպես ազդակ՝ նախարարի մոտալուտ հրաժարականի մասին, այսինքն՝ հրահանգված «մեսիջ» վերևից, մանավանդ, որ Զեյնալյանը պատահական մեկը չէ։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության անդամ լինելուց զատ՝ ԱԺ-ում բարձր պաշտոն զբաղեցնող վարչապետի կուսակից Նարեկ Զեյնալյանը, պարզվում է, խիստ մերձավոր կապեր ունի ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ընտանիքի հետ: Նարեկ Զեյնալյանն Արարատ Միրզոյանի զավակների կնքահայրն է և համարվում է Միրզոյանի, թերևս, միակ վստահորդն ԱԺ «Իմ քայլը» պատգամավորական խմբում:

Իսկ եթե հաշվի առնենք այն, թե ինչպես էր հանցավոր լռությամբ մինչ այդ երկար ժամանակ նույն Զեյնալյանը «բացակա գրվել» ամիսներ տևող նախարար Թորոսյան-Թամամյան հրապարակային հակամարտության ֆոնին (խնդիրը ոլորտային էր), Ամուլսարի շահագործման շուրջ իրար խառնված հանրային բուռն տրամադրությունների ժամանակ, ապա լրիվ հասկանալի է դառնում այսօրվա նրա ակտիվացումն ամենաթեժ պահին:

Սակայն 168.am-ին փոխանցված տեղեկությունների համաձայն՝ քիչ առաջ Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակվող ասուլիսը հրահանգված է եղել կառավարությունից, նա ուղիղ կապով պարզաբանումներ է տվել, իսկ նույն ընթացքում զուգահեռաբար ՔՊ-ի ներսում որոշ պատգամավորներ են միմյանցից զանգերով հաշիվ պահանջել: Այս մասին մանրամասն կհրապարակենք հետագայում, սակայն ներկայումս փաստն այն է, որ Կառավարությունից ստացված զանգը որոշակի «մեսիջ» է առ այն, որ Թորոսյանը պետք է վարչապետ Փաշինյանին: Իսկ տեսադաշտից առժամանակ կորած Զեյնալյանը, ըստ նույն աղբյուրի, ինքնագործունեություն է ծավալել:

Ի դեպ. Թորոսյանի հրաժարականին սպասող մարդկանց քիչ առաջ հաջորդ ազդակը եկավ ՔՊ ֆեյսբուքյան էջի միջոցով: Կառավարության նույն պաշտոնյայի կուրացիայի միջոցով համացանցում հայտնվեց նախարար Արսեն Թորոսյանի կատարողականը, այլ կերպ ասած՝ վարչապետից իջած «մեսիջը»՝ իշխող ուժի ներսում ինքնագործունեություն ծավալած թիմակիցներին և դրսի անձանց, առ այն, որ վարչապետը, չնայած այդ բոլոր սկանդալներին, բարձր է գնահատում իր նշանակած կադրի՝ Արսեն Թորոսյանի նախարարական արդյունավետությունը:

Այս ազդակն ուղղված էր նաև վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի մեկ այլ մտերիմ անձնավորության՝ Երևանի պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) ռեկտոր Արմեն Մուրադյանին, որին Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան ասուլիսում մեղադրեց այս սկանդալի կազմակերպիչը լինելու մեջ: «ԵՊԲՀ-ի ռեկտոր Արմեն Մուրադյանի կողմից էր կազմակերպված այս ամենը: Նա ժառանգություն է ստացել իր պաշտոնը և հիմա սարսափած է, որ կարող է այն կորցնել: Նա կարծում է, որ մենք շատ մեծ վտանգ ենք ներկայացնում իր պաշտոնավարման համար: Երբ մենք ցանկացանք ԵՊԲՀ կառավարման խորհրդի կազմը փոխել, այդ ժամանակվանից սկսվեց արշավն իմ դեմ»,- հայտարարել է Թորոսյանը:

Ասում են՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից նախարար Արսեն Թորոսյանին և ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանին զանգով հասկացրել են՝ փոխանցելով ավանդական կոչը՝ «Հանգիստ նստեք տեղներդ», մանավանդ, որ Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) ներսում բացահայտումների տրցակով փաստեր կան ԱԱԾ-ի քննության առած նյութերում:

Ի՞նչն է, սակայն, որ միջանձնային լարվածության պատճառ դարձել ՀՀ Առողջապահության ներկայիս և նախկին նախարարների հարաբերություններում: Բանն այն է, որ հեղափոխությունից հետո նախարար դարձած Արսեն Թորոսյանը նախաձեռնել է ռեկտոր Արմեն Մուրադյանի շահերի դեմ երկու գործողություն, առաջինը՝ Առողջապահական ազգային ինստիտուտում վերականգնել է բժշկական օրդինատուրայի վերականգնման գործընթացը, միայն մեկ տարում բացվել են տասնյակից ավելի ամբիոններ, երկրորդ գործողությունով՝ մտադրվել է փոխել Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կառավարման խորհրդի կազմը: Եվ եթե առաջին քայլի դեպքում բուհից վճարունակ ուսանողների, պրոֆեսորադասախոսական կազմի արտահոսք էր տեղի ունենում, այդ թվում՝ լծակների թուլացում, ապա երկրորդ քայլով նախարարն իր կառավարման դաշտում լրիվ վերահսկելի էր դարձնում բուհի ռեկտորի գործողությունները, և այլևս դեռևս նախկին իշխանությունների օրոք ստեղծված Զինվորական հաշմանդամների վերականգնողական կենտրոն վարչապետ Նիկոլ Փաշինյանի կամ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի այցելությունները դառնում էին ռեկտոր Արմեն Մուրադյանի համար անպտուղ: Արսեն Թորոսյանը ոչ միայն շատ ծանր էր տանում, այլև խանդով էր վերաբերվում Արմեն Մուրադյանի գործունեությանը: Ահա այստեղից է գալիս Արմեն Մուրադյան-Արսեն Թորոսյան ներքին կոնֆլիկտը, որը նաև խրախուսվում է իշխանական որոշ օղակների կողմից, իսկ Գևորգ Թամամյանը, որը մասնագիտական շրջանակներում բավականին լուրջ համբավ ունի, իրականում ռեկտոր Արմեն Մուրադյանի խորհրդականն է երկար ժամանակ, ու զուգահեռաբար՝ հասարակական հիմունքներով նույն ծառայությունը մատուցում էր նախարար Արսեն Թորոսյանին: Թամամյանը, ակնհայտորեն, ոչ միայն լավ տեղեկացված է ոլորտից և նախարարության, մասնավորապես, Թորոսյանի գործունեությունից, այլև լուրջ փաստեր ունի իր ձեռքին:

Թերևս այս պատճառով էր Թորոսյանը սլաքները կրկին ուղղում ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղղությամբ:

Հավելենք, որ factor.am-ի հետ զրույցում Արմեն Մուրադյանը հակադարձել է Արսեն Թորոսյանին՝ ասելով.

«Պետական պաշտոնյայի հոգեկան անդորրը պետք է ավելի խաղաղ լինի, և ճշմարտախոսությունը պետք է անպակաս լինի։ Գևորգ Թամամյանը պայծառ, ճշմարտախոս, ազատամիտ, բացառիկ բժիշկ է: Նա ունի իր ձևավորված կարծիքը և չի կարող այնպիսի դրսևորում լինել, որ իր ընկերոջ կամ իր ուսուցչի կարծիքով կարծիքներ ձևավորի: Պետք չի բոլորին համատեղ վիրավորել, պետք է քննադատությունը լսել ադեկվատ։ …Ես երբեք որևիցե պաշտոնից կառչած չեմ եղել: Եթե բաց քննարկում է գնում, թե ինչ է կատարվում իմ և պարոն Թորոսյանի միջև, եթերում կարող եմ հայտարարել. այս կենտրոնի հետ կապված մեկ տարի առաջ եղել է քննարկում և եղել է անթույլատրելի բառակապակցություն: Պարոն նախարարը հայտարարեց՝ «Հիսուն հոգի եղել են հաշմանդամ, հիսուն հոգին էլ մեռնելու են հաշմանդամ: Ինչո՞ւ եք այդքան փող ծախսել»: Որից հետո մեր խոսակցությունն ընդհատվել է: Ես չեմ կարծում, որ ցինիզմը, ստախոսությունը և ոչ ադեկվատ քննադատությունները կարող են տեղ գտնել առողջապահության համակարգում»:

Սյուզի Բադոյան

Հ.Գ. Հիշեցնենք, որ 2018թ. հունվարին «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի մասնաշենքում՝ Երևանի առաջին քաղաքային հիվանդանոցում, տեղակայված Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը ստեղծվել է Երևանի պետական բժշկական համալսարանի և Պաշտպանության նախարարության համագործակցության արդյունքում՝ Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի աջակցությամբ և բազմաթիվ բարերարների ու անհատ քաղաքացիների կողմից տրամադրված միջոցների շնորհիվ:

Տեսանյութեր

Լրահոս