Բաժիններ՝

«Հարիր չէ ՀՀ Առողջապահության նախարարին անկյուն մտնել, մանավանդ այն մարդուն, որ կամերաների դիմաց առյուծ է կտրում և թուր է ճոճում». Գևորգ Թամամյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մամուլի ասուլիսի ժամանակ ներս մտավ  մանկական ուռուցքաբան, արյունաբան, նախարարության ուռուցքաբանության  նախկին խորհրդական Գևորգ Թամամյանը` ասելով, որ որոշ հարցեր ունի նախարարին:

Ի պատասխան` նախարար Արսեն Թորոսյանը հեռացավ դահլիճից` տեղը զիջելով Գևորգ Թամամյանին:

«Ես՝ որպես ՀՀ քաղաքացի և բժիշկ, որը ամեն օր շփվում է հիվանդների հետ, մանկական քաղցկեղով, արյան հիվանդություններով տառապող անձանց հետ, ունեի հարցեր պարոն նախարարին, կարող եք համարել՝ որպես իր նախկին խորհրդատու ուռուցքաբանության գծով, որի հետ նա այդպես էլ չկարողացավ դեմառդեմ խոսել»,- ասաց Թամամյանը:

Ուռուցքաբանն անդրադառնալով իր հարցերից հետո ընդհատված ասուլիսին հաջորդած նախարարի առանձին ճեպազրույցին՝ նշեց. «Հարիր չէ ՀՀ Առողջապահության նախարարին անկյունը մտնել, մանավանդ այն մարդուն, որ կամերաների դիմաց առյուծ է կտրում և թուր է ճոճում»:

Գ. Թամամյանը նախարարին ուղղված որոշ հարցեր բարձրաձայնեց լրագրողների համար.

«Ինչպե՞ս էիք Ձեզ զգում, երբ ապրիլ ամսին հորդորել էիք  Ուռուցքաբանության ազգային կենտրոնին հերթագրել քաղցկեղով հիվանդներին, այդ մասին երեկ հայտարարեց նաև կենտրոնի նախկին տնօրեն պրոֆեսոր Տանանյանը:

Պարո՛ն նախարար, ընդհանրապես տեղյա՞կ եք՝ ինչ է քաղցկեղը, տեղյա՞կ էիք, որ այդ ամիսներին, երբ հորդորել էիք հերթագրել այդ հիվանդներին, քաղցկեղը տարածվելու հակում ունի, և խլում էիք տարբեր մարդկանց ապրելու շանսը»:

Ուռուցքաբանը նշեց, որ վերջինի մասին տեղյակ են նաև նախարարի աշխատակազմում, և հույս հայտնեց, որ դրա մասին կբարձրաձայնեն նաև նրանք:

Անդրադառնալով Ուռուցքաբանության կենտրոնի տնօրենի աշխատանքից ազատման հիմքերի մասին նախարարի հայտարարությանը, թե խոչընդոտել է օտարերկրյա ներդրողի մուտքը, Թամամյանը նկատեց, որ ԱԱԾ 11 ամիս տևած հետաքննության արդյունքները վկայում են, որ չի եղել դիրքի չարաշահում և ոչ մի խոչընդոտ չի եղել.

«Դեռ ավելին, դրանից հետո  պարոն նախարարը նույն օտարերկրյա ներդրողին հանձնել է ճառագայթային բժշկության մի կարևոր ոլորտ, որն ունի ստրատեգիկ նշանակություն. թող իրավապահները պարզեն՝ ինչ է կատարվում»:

Նախարարության աշխատանքներին անդրադառնալով՝ ԱՆ նախկին խորհրդատուն ցիտեց հենց նախարարության աշխատակիցների որակումը՝ «նախարարությունում տիրում է բարդակ», ապա հայտնեց, որ նախարարը նույնիսկ բազմավաստակ մասնագետի նվաստացնելով՝ սպասեցնում է ընդունարանում. «Գուցե մանկական ինչ-որ տրավմանե՞ր է ունեցել, որ փորձում է այլոց վրա ինքնահաստատվել»:

Գ. Թամամյանը խոսեց նաև նախարարի ծառայության մասին՝ նշելով, որ նա բանակում գրագրություն է արել. «էդ ի՞նչ հիվանդություն է, բարդություն է, որ Ստեփանակերտում չեք կարողանում գրագրություն անել, Երևանում  կարողանում եք. Եթե վերականգնվել եք, գնացեք Ձեր մեկ տարին ծառայեք: Մարդկանց էմոցիաների վրա խաղալով՝ խղճահարություն հայցել չի լինի»:

Զարուհի Դիլանյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս