
«Դա կանոնազանցություն է, անընդունելի և դատապարտելի է». Հայր Ասողիկը՝ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու միջադեպի մասին

Կովկասի ալբանաուդիական քրիստոնյա համայնքի ներկայացուցիչներն օրերս հայտարարել են Աղթամար կղզում գտնվող Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու հանդեպ իրենց իրավունքների մասին: Ավելին, ալբանաուդիական համայնքի ներկայացուցիչները թուրք-ադրբեջանական դրոշներով մտել են Աղթամարի Սուրբ Խաչ հայկական եկեղեցի և կրոնական արարողություն են կատարել:
Մայր Աթոռի ձեռագրատան, արխիվի և թանգարանների տնօրեն Հայր Ասողիկ Կարապետյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ եկեղեցին հանձնված է Պոլսո Հայոց Պատրիարքարանի խնամքին, և պետք է սպասել միջադեպի առնչությամբ Պատրիարքարանի հայտարարությանը:
Թուրքական լրատվամիջոցներից տեղեկանում ենք, որ «ուխտագնացները» հայտարարել են, թե՝ Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցին քրիստոնյա ալբաններն են կառուցել, և որ նրանք դիմել են Թուրքիային, որ վերջինս թույլ տա իրենց՝ հոգևոր ծեսեր կատարեն հայկական եկեղեցում:
Հայր Ասողիկ Կարապետյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Հայ Առաքելական եկեղեցու դուռը բաց է որևէ հավատացյալ անձի առջև, կապ չունի՝ այդ անձը մեր եկեղեցու զավակ է, այլ քրիստոնեական եկեղեցու զավակ է, թե այլակրոն է. «Եթե մարդն ուզում է Աստծուն աղոթել, կարող է մտնել և եկեղեցում աղոթել: Բայց կան կանոններ, համաձայն որոնց՝ քրիստոնեական եկեղեցին մեկ այլ եկեղեցում Պատարագ մատուցելու համար պետք է տվյալ եկեղեցու հոգևոր իշխանության արտոնությունն ունենա: Դա ընդունված և նվիրագործված կարգ է՝ դեռևս Տիեզերական ժողովի կողմից: Նույնիսկ ես՝ որպես հոգևորական, իրավունք չունեմ գնալ մեկ թեմում Պատարագ մատուցել, քանի դեռ թեմի առաջնորդի օրհնությունը չունեմ: Հակառակ դեպքում՝ իմ արածը հակականոնական և դատապարտելի երևույթ կլինի: Հիմա, եթե իրենք նման բան են արել՝ առանց արտոնության և օրհնության, բնականաբար, դա կանոնազանցություն է, անընդունելի և դատապարտելի է»: