Զոհրաբ Մնացականյանն անդրադարձել է դեսպանների գործունեության վերաբերյալ վարչապետի հայտարարությանը
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարեց, որ 2018 թ. Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունը բառի բուն իմաստով համաշխարհային իրադարձություն է, և որ դեսպանները պետք է այդ հանգամանքը օգտագործած լինեին Հայաստանի հեղինակությունը բարձրացնելու համար, ինչպես նաև ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի խոսքին, թե հեղափոխությունից հետո արտաքին քաղաքականությունում որևէ բան կարծես թե չի փոխվել:
ԱԳ նախարարը նշեց, որ «նայած ինչն ենք գնահատում որպես փոփոխություն, որովհետև կառավարության ծրագիրն առավել քան պարզ արտահայտում է այն, ինչ հայտարարվել է շատ հստակ վարչապետի կողմից: «Արտաքին քաղաքականության մեջ Հայաստանը շրջադարձեր չի արել և չէր անելու, և դա արտահայտված է կառավարության ծրագրում, դա արտահայտում է կառավարության հստակ նպատակը: Եթե հիմա խոսքը գնում է այն մասին, որ որևէ փոփոխություն չի եղել, ի՞նչ իմաստով չի եղել այդ փոփոխությունը: Մենք նպատակ չունեինք արտաքին քաղաքականության այնպիսի փոփոխություններ անելու, որոնք մեզ կարող էին դնել մի իրավիճակի մեջ, որը կհակասեր մեր հռչակած ծրագրին»,- ասաց Մնացականյանը:
Ինչ վերաբերում է սկզբունքների հստակեցմանը՝ նախարարն ասաց, որ այստեղ շատ կարևոր է առավել ևս հստակեցնելու այն սկզբունքները, այն մեթոդները, որով իրենք իրականացնում են արտաքին քաղաքականությունը, ներառյալ ինքնիշխանության սկզբունքը, որտեղ առավել ընդգծում են մոտեցումը հայաստանակենտրոնության վրա, հայկական շահի վրա ձևավորված մեր արտաքին քաղաքականության իրականացումը:
«Բոլոր ուղղությունները՝ աշխարհագրական և թեմատիկ, բխում են մեր ազգային շահերից: Սա է ընգծվում կառավարության աշխատանքի մեջ, սա է ընգծվում դիվանագիտական մարմինների աշխատանքներում: Ինչ վերաբերում է ժողովրդավարությանը և մարդու իրավունքներին՝ որպես մեր կարևորագույն արժեքներից մեկը լինելուն, ինչն ընդգծվել է նաև իմ ելույթում, դա, բնականաբար, արտահայտվում է արտաքին քաղաքականության դաշտում, գործունեության մեջ, դա արտահայտում է այն հսկայական ներուժը, որը փոխանցվում է արտաքին քաղաքականությանը՝ իրականացնելու այդ գործառույթը: Երբ դու ունես ներքին ամրություն, այդ ներքին ամրությունը շատ հստակ փոխանցվում է արտաքինին»,- ասաց Մնացականյանը:
Հարցին՝ դեսպանները կարողացե՞լ են իրենց երկրներում տեղ հասցնել, որ սա համաշխարհային իրադարձություն է, և այդպիսով բարձրացնել Հայաստանի հեղինակությունը, նախարարը դրական պատասխան տվեց. «Այո՛, սա դեսպանների գործառույթն է, բայց այն դրանով չի սահմանափակվում: Իրենք ներկայացնում են Հայաստանն իր ողջ ծավալով, որը ներկայանում է նաև իր ժողովրդավարությամբ, մարդու իրավունքներով և Հայաստանում տեղի ունեցած կարևորագույն այս փոփոխությամբ՝ հեղափոխությամբ: Եթե դեսպանը նման բան չի անում, նշանակում է, որ իր գործը լիարժեք չի անում»:
Հարցին՝ իսկ կարողացե՞լ են արդյունավետ կատարել, Զոհրաբ Մնացականյանը պատասխանեց. «Իմ գնահատմամբ անցած տարվա ընթացքում մեզ համար, առաջին հերթին կենտրոնական ապարատի համար շատ Էական էր ինստիտուցիոնալ կերպով ուժեղացնել այդ սինխրոնիզացված և համապարփակ արտաքին քաղաքականության իրականացումը: Իմ գնահատմամբ, մենք բավական հաջող կերպով շարժվել ենք առաջ, քաղաքականություն իրականացնելու առումով՝ հիմնվելով կառավարության ծրագրի իրականացման վրա: Այսօրվա այս հավաքն առավել քան կարևոր էր հենց դրանով, որպեսզի անցյալ տարվա իրադարձություններից հետո առաջին այս հավաքը ամրապնդեր այդ հիմքերը, որպեսզի մենք այդ համապարփակ արտաքին քաղաքականության իրականացման մեր ներուժը առավել ուժեղացնենք: Սա էր մեր այս համաժողովի կարևորագույն նպատակը»:
Լրագրողը նկատել է, որ վարչապետը «պետք է որ», անցյալով էր խոսել, այսինքն մինչև այս պահն այդքա՞ն էլ չեն գոհացնում հարցին՝ նախարարն ասաց, որ ինքը բազմիցս վարչապետի հետ քննարկել է այդ հարցը: «Միշտ շատ հստակ անդրադառնում ենք այս հարցերին: Ունենք և՛ քննադատության, և՛ գոհունակության առիթներ, և մենք շատ սերտ աշխատում ենք այդ առումով: Վարչապետը, կառավարության ղեկավարը լինելով, ունի իր գնահատականները, ունի իր մոտեցումները, և մենք, որպես կառավարության մեկ միասնական թիմ, շատ հստակ աշխատում ենք, գնահատում ենք՝ ինչն է լավ և ինչն է վատ: Եթե Դուք մեկ ամբողջը տեղափոխում եք, որ ամենը պետք է լավ լինի կամ վատ, ապա…»,- եզրափակեց նախարարը: