Փաշինյանը՝ Ամուլսարի, Գագիկ Խաչատրյանի և Կարապի լճի խաչմերուկում
Արդեն տևական ժամանակ է, ինչ հանրության ուշադրությունը պարբերաբար գեներացվում է մի քանի տարբեր՝ պետության համար առանցքային նշանակություն ունեցող հարցերի ուղղությամբ։ Նախ, հայ հասարակության համար անընդունելի և տրամաբանության մեջ ոչ մի կերպ չտեղավորվող Ստամբուլյան կոնվենցիան, որն ընդունելու համար անգամ փոխվեց անգամ Արդարադատության նախարարը, ինչպես նաև, իշխանությունների համար գլխացավանք դարձած և քաղաքական փակուղի մտցրած՝ Ամուլսարի հանքի շահագործման թեման։ Եթե Ստամբուլյան կոնվենցիայի մասով Նիկոլ Փաշինյանը կարողացավ ինչ-ինչ մանևրներ գտնել և այն ժամանակավորապես կասեցնել, Ամուլսարի հարցը շարունակում է մնալ «տաք» և բոլորի ուշադրության կիզակետում։
Ըստ նախնական տեղեկությունների՝ Ամուլսարի հանքի շահագործող «Լիդիան» ընկերությունը հանքի աշխատանքների վերսկսման համար, որպես վերջնաժամկետ, հայրենի կառավարությանը տվել է մինչև սեպտեմբերի 11-ը, որից հետո նրանք պատրաստվում են դիմել Լոնդոնի արբիտրաժային դատարան։ Նշենք, որ դա բավականին լուրջ հարված է հայաստանյան իշխանությունների համար՝ և՛ ֆինանսապես, և՛ բարոյապես։ Այլ կերպ ասած՝ Փաշինյանը, իր իսկ կողմից ստեղծած «ամուլսարյան թնջուկը» լուծելու համար ունի մոտ 10 օր ժամանակ՝ կամ դեմ գնալ հանրային դժգոհության ալիքին և շահագործել հանքը, կամ մտնել արբիտրաժի տակ։
Ահա հենց այս փակուղային և երկդիմի վիճակի պատճառով էլ նա ընկել է բառացիորեն ցայտնոտի մեջ և փորձում է փրկել սեփական իմիջը՝ միաժամանակ հանրության աչքին շարունակելով մնալ որպես «հոգատար և ժողովրդական վարչապետ»։
Հենց հանքի շահագործման թեման շեղելու համար Փաշինյանը օգոստոսի 27-ին, նախ, «մասկի շոու» արեց, հետո բերման երնթարկեց, ապա նաև ձերբակալեց Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ և Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին։
Հանուն արդարության նշենք, որ ի հեճուկս իշխանությունների՝ Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը չունեցավ այն «բումը», որը նախապես ակնկալում էին իշխանությունները. իշխանությունների գովասանքն անող պատվերները հնազանդ կատարող ընդամենը մի քանի դեմքեր ու ֆեյքեր մի քանի շաբլոն գրառումներով փորձեցին թեման ակտիվացնել սոցցանցերում, բայց կատարվածը խիստ արհեստական էր և չունեցավ սպասված «ձնագնդիի էֆեկտը»։
Նախօրեին արդեն, տակտիկան կտրուկ փոխվեց, և մենք տեսանք արդեն այլ Նիկոլ Փաշինյանի, ով «ռոմանտիկայի ու դասականի» մեջ մտած, ընտանյոք հանդերձ շրջում էր Կարապի լճում և քաղաքի այլ հատվածներում, ակումբներում՝ ինքնամոռաց «սելֆիներ» ու հեռախոսով ուղիղ եթերներ հրամցնում հանրությանը։
Մեկ բառով՝ Փաշինյանն անում է ամեն ինչ՝ առկա անկասելի համարվող հանրային ընկալման խնդիրները շեղելու համար։ Ողջ հարգանքով ընտանիքի ինստիտուտի հանդեպ՝ Նիկոլ Փաշինյանն այս հարցերում դիմում է սեփական ընտանիքի իմիջի շահարկմանը, իր քաղաքական քմահաճույքները համեմելով ընտանեկան մելամաղձոտ դրամաներով։ Սա մի տեսակ հիշեցնում է հնդկական ռեալիթի շոու, երբ ամենուր բոլորը երգում են ու ինքնամոռաց պարում։ Այս դրամատիզմին զուգահեռ նա շարունակում է ուժեղ բռնաճնշումները։ Ասվածի վառ օրինակ կարող է հանդիսանալ Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը, կամ, ասենք, հանրապետության ողջ տարածքում տարբեր քրեական հեղինակությունների ձերբակալությունները։
Այսպիսով, կարող ենք եզրակացնել, որ, ըստ ամենայնի, Փաշինյանին չի հաջողվելու մինչև սեպտեմբերի 11-ը հնդկական սցենարներով և չինական մարտաֆիլմերին բնորոշ էֆեկտներով թեման շեղել․ պետք է կայացնել քաղաքական որոշում՝ այլընտրանք չկա։ Ստեղծվել է մի քաոտիկ ու աննախանձելի իրավիճակ, երբ Փաշինյանը հայտնվել է Ամուլսարի, Գագիկ Խաչատրյանի և Կարապի լճի խաչմերուկում։
Արմեն Հովասափյան