Բաժիններ՝

Լոնդոնը պահանջել է առանց քաշքշուկի սկսել Brexit-ի շուրջ ԵՄ-ի գործարքի փոփոխությունների քննարկումը

ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ համաձայնագրի բոլոր փոփոխությունները, որոնց Լոնդոնը կցանկանար հասնել Բրյուսելից, վերաբերում են Իռլանդիա կղզում սահմանի մասին կետին, եւ այդ բանակցությունները պետք է սկսվեն հնարավորինս շուտ: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի ներկայացուցիչը:

«Մենք պարզորոշ հայտարարել ենք, որ այն փոփոխությունները, որոնց մենք ձգտում ենք հասնել, վերաբերում են «բեքստոպ»-ին (ԵՄ-ի Մաքսային միության եւ միասնական եվրոպական շուկայի կազմում Հյուսիսային Իռլանդիայի գտնվելու ռեժիմին անցումային շրջանի սկսվելուց հետո): Ակներեւ է, որ եթե երկուստեք բարի կամք դրսեւորվի եւ արդյունքի հասնելու վճռականություն, ապա «բեքստոպի» խնդրի համար լուծումներ գոյություն ունեն, եւ վարչապետը գտնում է, որ դրանք պետք Է քննարկվեն առանց ձգձգումների»,- Ջոնսոնի ներկայացուցչի խոսքը մեջբերել է Reuters գործակալությունը:

Ավելի վաղ Եվրահանձնաժողովի (ԵՀ) ներկայացուցիչ Մինա Անդրեեւան հայտնել է, որ ԵՀ-ի ղեկավար Ժան Կլոդ Յունկերն օգոստոսի 27-ի երեկոյան հեռախոսային բանակցություններ կվարի Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ եւ կքննարկի Եվրամիության կազմից թագավորության դուրս գալու պայմանների համաձայնագրի շուրջն ստեղծված իրադրությունը:

«Եվրահանձնաժողովի ղեկավարը պաշտոնավայր է վերադարձել այսօր, եւ երեկոյան պլանավորված է նրա հեռախոսազրույցը վարչապետ Ջոնսոնի հետ»,- ասել է նա՝ ընդգծելով, որ Եվրամիությունը Մեծ Բրիտանիայի կառավարությունից սպասում է կոնկրետ առաջարկություններ 2018 թվականի նոյեմբերին ձեռք բերված համաձայնագրի շրջանակներում:

Բացի դրանից, Անդրեեւայի խոսքով՝ Բրյուսելը եւ Լոնդոնն օգոստոսի 28-ին տեխնիկական բանակցություններ կվարեն Brexit-ի շուրջը:

Մինչ այդ Մեծ Բրիտանիայի ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինը խոստացել է իր ուժերի ներածին չափ ամեն ինչ անել՝ կանխելու ԵՄ-ից առանց գործարքի Մեծ Բրիտանիայի դուրս գալը:

«Մեր երկիրը մոտենում է աշնանային ճգնաժամին, երբ թորիները (վարչապետ) Բորիս Ջոնսոնի ղեկավարությամբ երկիրը կբերեն առանց գործարքի (ԵՄ-ից) դուրս գալուն:

Գործարքի բացակայությունը կոչնչացնի աշխատատեղեր, կհանգեցնի խանութներում պարենամթերքի գների բարձրացման եւ հնարավոր կդարձնի ամերիկյան մասնավոր կորպորացիաների կողմից Առողջապահության ազգային ծառայության գրավումը»,-նախազգուշացրել է Քորբինը:

«Մենք անհրաժեշտ ամեն բան կանենք, որպեսզի խոչընդոտենք առանց գործարքի դուրս գալու աղետալի տարբերակի իրագործումը, ինչի համար այս կառավարությունը մանդատ չունի»,- խոստացել է Քորբինը:

Ընդսմին նա ընդգծել է, որ աղետալի սցենար թույլ չտալու առավել ճիշտ տարբերակը համարում է այն, որ բրիտանացիներին հնարավորություն տրվի ԵՄ-ի հետ բանակցությունների արդյունքների շուրջ արտահայտվելու կրկնական հանրաքվեի միջոցով կամ վաղաժամկետ համընդհանուր ընտրություններում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս