Դասական գաղափարախոսությունից՝ կոպիտ բարքեր
Ժամանակակից աշխարհում վերջին տասնամյակի ընթացքում բավականին հստակ ուրվագծվել է երկու հիմնական քաղաքական ուղղություն, որը զուգորդվում է լիբերալ և կոնսերվատիվ հոսանքների գաղափարախոսական բախմամբ։ Նշենք, որ «իդեա» եզրը շատ հին է և ծագում է պլատոնիզմի փիլիսոփայությունից, բայց իդեոլոգիա եզրը և երևույթը նոր ժամանակներինն է:
Իդեոլոգիաներն այլ բան չեն, քան «աշխարհիկ կրոններ»՝ կոչված փոխարինելու քաղաքականության նկատմամբ եկեղեցակրոնական վերահսկողությունը նոր՝ աշխարհիկ կրոնականով: Հավելեմ, որ քաղաքական գործընթացներում գաղափարական հենքն առանցքային գործոն է, որն արհամարհելը կամ գիտակցաբար շրջանցելը տարօրինակ է: Սա այն վիճակն է, որին այսօր մենք բախվում ենք հայ իրականությունում։ Լիբերալիզմի տեսության առանցքում ոչ թե հանրային շահն է, այլ անհատի իրավունքների պաշտպանությունը։
Դասական լիբերալիզմի հիմնադրույթներից մեկը հենց այն է, որ անհատի իրավունքը գերադասելի է ավանդույթներից, կրոնական դավանանքից բխող վարքագծից, և այլն։
Ակնհայտ է, որ ներկայիս գործող գաղափարական տեղաշարժերն ազդել են նաև ընդհանուր քաղաքականության բովանդակության և ձևի վրա՝ ինչպես գլոբալ, այնպես էլ՝ տեղային մակարդակներում: Երկար տարիներ եվրոպական քաղաքական դաշտի հիմնական խաղացողները հանդիսացել են պահպանողականներն ու սոցիալ-դեմոկրատները, որոնք ռեալ քաղաքականության շրջանակներում տարիների ընթացքում տրանսֆորմացվում էին՝ որպես բյուրոկրատական կառույցներ:
Ներկայացնենք մի քանի դիտարկում իրական լիբերալիզմի և դրա բաղադրիչների մասին։ Լիբերալիզմի տեսության առանցքում ոչ թե հանրային շահն է, այլ անհատի իրավունքների պաշտպանությունը, իսկ դասական լիբերալիզմի հիմնադրույթներից կարելի է առանձնացնել այն, որ անհատի իրավունքը գերադասելի է ավանդույթներից, կրոնական դավանանքից բխող վարքագծից, և այլն։
Հենց այս ֆոնին լիբերալիզմի «ծննդատանը»՝ Արևմուտքում, սկզբնավորվեցին նոր քաղաքական միավորումներ, որոնք չունեն նախկինների հիերարխիկ կառուցվածքը, պատմությունը, կուռ գաղափարական հենքը և ավելի շատ հիշեցնում են քաղաքական նախագծեր՝ քան դասական միավորումներ: Այդպիսի մի «արհեստական» միավոր է նաև ՀՀ իշխող «կուսակցությունը», որի առաջնորդն «իզմեր» չունի։
Ըստ այդմ՝ զարմանալի չէ, որ մեր իրականությունում զարգանում են տարբեր կրոնական, սեռական փոքրամասնությունների շարժումներ։ Սերժ Սարգսյանի հնարավոր ձերբակալության մասին շահարկումներն իշխանություններին սպասարկող լրատվականների կողմից դարձել են նրանց համար թրենդային։ Հաճախ «հնարավոր ձերբակալության» մասին հրապարակումներում անդրադարձ է կատարվում ուղղակի ընդհանուր ինտրիգ ապահովելու և «կարդացվող» ու «քլիք» բերող վերնագիր ունենալու համար։
Այն պնդումը, որ շրջանառվում է, թե Սարգսյանի ձերբակալությունը, հնարավոր է, ունենա հանրային մեծ պահանջ, և ժողովուրդն այդ հացը, հնարավոր է, դնի Փաշինյանի առաջ՝ որպես օրակարգային հրատապ հանգուցալուծում ունեցող առանցքային հարց, որոշ անձանց վառ երևակայության արդյունք է, կամ ավելի ճիշտ՝ ֆեյք-օրակարգ։
Նշենք այդ ամենը բացառող մի քանի դետալ․ նախ՝ Փաշինյանն այսօր չունի այն «համահայկական» մեգաաջակցությունը, որն ուներ 2018-ի գարնանը, և երկրորդ՝ հանությունն աստիճանաբար գիտակցում է, որ գործ ունի շարքային մանիպուլյատորի և PR տեխնոլոգիաներով իրենց «արբեցրած» ավանտյուրիստի հետ, ով «Նյու Վասյուկի» ստեղծելու հովերով՝ մարդկանց հասցրել էր հավիտենական տեղապտույտի։ Մարդկանց գիտակցականում սկսել է զարթնել բանականությունը, և թմբիրային վիճակից դուրս գալով՝ դադարում են մտացածին պայքարը «հողմաղացների» դեմ։
Երբ Փաշինյանը ժամանակին ԱԺ ամբիոնը գրկած լալահառաչ ու ամբոխահաճո հայտարարում էր, թե «Սերժը բոլորիս կեղեքեց իր քրեաօլիգարխիայով», «Հայաստանը ստրկացրեց, բյուջեի հաշվին կազինոներ է խաղում», և այլն, հիմա հարց է առաջանում՝ ո՞ւր են այդ հինգ, տասը կամ գուցե քսան հոգին, որ իբր` բյուջեն «կերել են», բոլորին թալանել են, ստրկացրել են, ովքե՞ր էին նրանք:
Ցանկացած գիտակից քաղաքացի արդեն ունի այդ մանիպուլյացիոն ֆինտերի պատասխանը` չի եղել այն և այնքան, ինչ և որքան ասել են, գրել են, ստել են, և խաբել են ժողովրդին: Հաջորդ առաջնային թիրախը, որ իշխանական ագիտպրոպը պարբերաբար շահարկում է, և իր համար լավագույն քողարկման միջոցն է, նախկին համակարգին քննադատելն է՝ ի դեմս ՀՀԿ-ի վարկաբեկման։
Հետաքրքական է, որ այս փուլում առաջ են քաշվում արդեն գաղափարական «պսևդո» թեզեր, որ իբր ՀՀԿ-ն պսևդոպահպանողական կեղծ կեցվածքով է դիրքավորվել հայաստանյան քաղաքական դաշտում, որ «նա այն իրական պահպանողական կենտրոնը չէ», որը պետք է «փակի» այդ գիծը։ Քննադատվող թիրախներից է նաև ՀՀԿ-ի կողմից իրականացրած ցանկացած նախաձեռնություն։ Օրերս բացված «Հայկ Ասատրյան» ակումբի հիմնադրման փաստը ևս դարձավ հերթական գրոհի առիթը։
Այն պնդումներն ու արհեստական մեկնաբանությունները, որոնք շահարկվում էին մեդիադաշտում, ոչ միայն ի ցույց են դնում թեմայի հետ կապված անտեղյակությունը, և ընդհանրապես Հայկ Ասատրյանի գործին և տեսական ժառանգության մասին պատկերացումների բացակայությունը, այլև քամահրական վերաբերմունք էր դրսևորում 20-րդ դարի հայ նշանավոր գիտնական-մտածողի և Նժդեհի գաղափարակցի նկատմամբ (հանուն արդարության՝ պետք է նշել, որ, ցավոք, մինչ այսօր մեզանում դեռևս լիարժեքորեն չի արժևորված ու լուսաբանված Ասատրյանի իրական գործունեությունն ու գաղափարախոսական վաստակը)։ Իրականում ներկայումս ՀՀԿ-ն ստացել է հնարավորություն լուրջ քայլեր կատարել իր գաղափարաբանական հիմքի և կուսակցության ընդհանուր ռեբրենդինգն իրականացնելու համար:
Արդի քաղաքական իրականությունում նման օրինակներ մենք ունենք, օրինակ՝ Ավստրիական ժողովրդական կուսակցությունը, որն իշխանությունից զրկվելով՝ կարողացավ իր գաղափարական հիմքերը վերանայել և կրկին վերադառնալ իշխանության: Կա հակառակ պատկերը, երբ պահպանողական ուժերը, որոնք չկարողացան ռեբրենդինգ անել և «իրենք իրենց հաշիվ տալ», մինչ օրս շարունակում են մեծ դժվարությունների հանդիպել բոլոր ընտրությունների ժամանակ (Գերմանիայի և Ֆրանսիայի պահպանողականները):
Ամփոփելով՝ փաստենք հետևյալը․ չնայած Փաշինյանն իր խոսքում քանիցս հայտարարել է, որ «իզմերի» դարաշրջանն անցել է, բայց դա այդքան էլ այդպես չէ, այսօր հայկական քաղաքական դաշտում իրականում առկա է երեք հստակ «իզմային» ուղղություն․ պոպուլիզմ՝ ի դեմս գործող վարչապետի, ֆեյք-լիբերալներ, որը ներկայացված է քաղհասարակության, «սորոսականների» և ՀԱԿ-ի դեմքով, և ազգայնականներ՝ հանձինս պահպանողական ՀՀԿ-ի և սոցիալիստ Դաշնակցության։
Արման Գալստյան