«Թղթե գրքերն առաջվա պես շատ կարեւոր են: Գերմանիայում էլեկտրոնային գրքերի տոկոսաբաժինն առաջվա պես շատ ցածր է, այն մոտավորապես 5 տոկոս է: Ես կարծում եմ, որ հաջորդ առնվազն հինգ տարում կտրուկ փոփոխությունչի լինի: Գերմանիայում ընթերցողներն առաջվա պես նախընտրում են թղթե գրքերը»,- պատմել է աշխարհում խոշորագույն Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառի ներկայացուցիչ Կլաուդիա Դոբրի-Շնայդերը:
Նույն կարծիքն է հայտնել նաեւ Seuil Jeunesse ֆրանսիական հրատարակչական տան ներկայացուցիչ Ժյուլի Գենարը:
«Ինչ վերաբերում է մանկական գրքերին, ապա ծնողները նախընտրում են տպագիր գրքերը: Բայց վերջին ժամանակներս մենք նկատում ենք, որ ավելի ու ավելի շատ մարդիկ են Էլեկտրոնային գրքեր գնում, բայց հրատարակիչների համար դա առայժմ այնքան էլ սովորական չէ»,- ասել է նա ՌԻԱ Նովոստիի հետ զրուցելիս:
Բենարը պարզաբանել է, որ ծնողներն տպագիր գրքերն են նախընտրում, որովհետեւ չեն ցանկանում, որ իրենց երեխաները նայեն էլեկտրոնային գաջեթների էկրաններին:
«Ինձ թվում է, որ Ասիայում մեծ տարբերություն կա գրքերի էլեկտրոնային տարբերակների նկատմամբ վերաբերմունքի հարցում: Ասիայի հրատարակիչներն ինձնից հաճախ են Էլեկտրոնային տարբերակի հեղինակային իրավունքներ խնդրում, Եվրոպայում երբեք ինձ հետ նման բան չի պատահել»,- պատմել է հրատարակիչը:
Նա հավելել է, որ ֆրանսիացի ընթերցողներն առաջվա պես նախընտրում են տպագիր գրքերը, չնայած էլեկտրոնային տարբերակների առկայությանը: Joint Printing Co. չին-հոնկոնգյան հրատարակչական տան ներկայացուցիչ Հու Լեյն իր հերթին պատմել է, որ Չինաստանում էլեկտրոնային գրքերի տոկոսաբաժինն աճում Է, բայց տպագիրներինը՝ նույնպես, թեպետեւ ավելի դանդաղ տեմպերով:
«Ինչ վերաբերում է մանկական գրքերին, ապա դրանք բոլորն էլ հիմնականում տպագիր են, իսկ ինչ վերաբերում է մեծահասակներին, ապա ոմանք նախընտրում են գրքերը կարդալ էլեկտրոնային տեսքով: Մեր տվյալների համաձայն, տպագիր գրքերի տոկոսաբաժինն աճում է, բայց աճում է նաեւ էլեկտրոնային գրքերի բաժինը, սակայն առաջին դեպքում աճի տեմպերն զգալիորեն ավելի արագ են»,- ասել է Հու Լեյը:
Բացի այդ, նրա խոսքով, բեսթսելլերները եւ քաղաքական գրքերը հրատարակվում են հիմնականում թղթե տեսքով, որովհետեւ դրանք ավելի շատ կարդում է ավելի մեծահասակ բնակչությունը, որը նախընտրում է թղթե գրքերը: