«Սերժ Սարգսյանի հնարավոր կալանավորումը լինելու է պայմանավորվածության արդյունք». Արմեն Բադալյան
Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը NEWS.am-ին տված հարցազրույցում ասել է՝ պարզ հաշվարկը հուշում է, որ առաջիկայում Սերժ Սարգսյանին կձերբակալեն՝ հանրությանը մի որոշ ժամանակով էլ իրական խնդիրներից շեղելու համար:
Միքայել Մինասյանի այս հայտարարության վերաբերյալ 168.am-ը մեկնաբանություն խնդրեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանից:
Նրա խոսքով՝ աշնան հետ կապված գործընթաց է գնում, որը հստակ չէ: «Կասկածներ կան, որ երրորդ նախագահն ու գործող վարչապետը լուռ փոխհամաձայնությամբ են գործում: Իհարկե, արտաքինից թվում է, թե նրանք տարբեր ճամբարներում են գտնվում, բայց եթե ուշադրություն ենք դարձնում, տեսնում ենք, որ ինչ-որ գործընթացներ կան, որոնք խոսում են նրանց փոխհամաձայնեցված գործունեության մասին»,- ասաց նա՝ բերելով մի քանի օրինակ:
Քաղտեխնոլոգը հիշեցրեց նախորդ տարվա դեկտեմբերին տեղի ունեցած ԱԺ ընտրությունները՝ ընդգծելով, որ ցանկության դեպքում ՀՀԿ-ն կարող էր հայտնվել խորհրդարանում.
«Եթե թեկուզ 5 հոգով էլ մտնեին ԱԺ, ապա որոշ ժամանակ անց բավականին լուրջ խնդիրներ էին ստեղծելու վարչապետի համար: Բայց այն ժամանակ ՀՀԿ ղեկավարը դա թույլ չտվեց. ինչո՞ւ: Չէ՞ որ ենթադրվում է, որ պետք է իրեն օգուտ լինի քննադատել այսօրվա վարչապետին: Մենք տեսնում ենք, որ այդ գործընթացը կասեցվեց: Բացի դրանից՝ շատ է խոսվում 50 տոկոս «փայի» մասին, բայց մենք տեսնում ենք, որ պոտենցիալ հանցագործությունը, որի մասին մամուլն էր գրում, դուրս է եկել շրջանառությունից: Միաժամանակ տեսնում ենք, որ բավականին կարևոր բժշկական կենտրոններից մեկի տնօրենը, որը երրորդ նախագահի բարեկամներից էր, նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվում, բայց նա հանգիստ հեռանում է Հայաստանից:
Երրորդ նախագահի եղբոր ընտանիքից մեկը մեղադրվում էր տարիներ առաջ ինչ-որ մեկին դանակահարելու մեջ, սակայն մենք չենք տեսնում այդ գործի ընթացքը:
Մենք տեսնում ենք, որ շատ է խոսվում այդ ընտանիքի հարուստ լինելու մասին, վերջերս էլ վարչապետը քաղաքապետի հետ այդ շոուի ընթացքում խոսում էր Լիբանանում ինչ-որ եղբայրների հետ կապված, այսինքն՝ շատ է խոսվում, որ այդ ընտանիքը փող ունի, բայց մինչ այս պահն ընդամենը 30 մլն դոլարի վրա է կալանք դրված, և կարծեմ 18 մլն է վերադարձվել: Բացի այդ՝ ՀՀԿ-ից մի քանի հոգի են քննադատում այս իշխանությանը, իսկ այդ կուսակցությունը որևէ գործողություն չի իրականացնում այս նոր իշխանության դեմ: Այսինքն՝ մենք տեսնում ենք, որ ենթադրյալ պարտավորությունները երկու կողմից էլ պահպանվում են»:
Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի հնարավոր կալանավորմանը, ապա ըստ Բադալյանի՝ դա կարող է լինել, որպեսզի վերոնշյալ պայմանավորվածությունների կասկածը վերացվի.
«Սերժ Սարգսյանին կարող են կալանավորել, որ ցույց տան, թե որևէ փոխադարձ պայմանավորվածություն չկա: Մենք տեսնում ենք, որ նախկինում քննադատված քրեաօլիգարխիկ համակարգի դեմքերից ոչ մեկը կալանավորված չէ, ոչ մեկի նկատմամբ ոչ մի բան չկա: Անցած տարի «մասկի շոուներով» ամենամանր ենթադրյալ հանցագործությունների դեմ էին պայքարում, բայց խոշորներից ոչ մեկի համար որևէ խնդիր չստեղծվեց:
Ենթադրություն կար, որ նախապես պայմանավորվել էին՝ ում պետք է կալանավորեն, ինչքան գումար վերցնեն, ում չպետք է կալանավորեն: Իսկ այդ խոսակցությունը վերացնելու համար պետք է ինչ-որ գործողություն լինի, որը կարող է լինել Սերժ Սարգսյանի կալանավորումը»:
Ճշտող հարցին՝ այսինքն՝ Սերժ Սարգսյանի հնարավոր կալանավորումը լինելու է պայմանավորվածությա՞ն արդյունք, նա պատասխանեց. «Այս պահի դրությամբ՝ այո: Հիշո՞ւմ եք՝ ապրիլի 23-ից առաջ Նիկոլ Փաշինյանը մեկ օրով անհետացել էր, ամենայն հավանականությամբ, այդ ժամանակ եղել են պայմանավորվածություններ, թե ով ինչ պետք է մուծվի, ինչքան մուծվի, ով չպետք է մուծվի:
Մենք տեսնում ենք, որ այս պահին գործող վարչապետն ու երրորդ նախագահն են շահագրգռված երկրորդ նախագահի գործոնի չեզոքացմամբ, որովհետև երկուսն էլ իրենց մրցակից են տեսնում երկրորդ նախագահին: Այստեղ նույնպես նրանց շահերը համընկնում են: Չի բացառվում, որ այդ կալանավորման գործողությունները շոու տեսարաններ ապահովելու համար լինեն, որպեսզի այս խոսակցություններին վերջ տրվի, որովհետև դրանք ավելի են ամրապնդվում»:
Ըստ քաղտեխնոլոգի՝ քանի որ հիմա Հայաստանում քաղաքական գործընթացները սառեցված են, արդեն ինտրիգային գործընթացներն են սկսել երևան գալ:
Ինչ վերաբերում է աշնանը սպասվող գործընթացներին, նա նշեց, որ ինչ-որ գործընթացներ կարող են լինել. «Հիմա քաղաքական չերևացող գործընթացներն ավելի ակտիվ են, քան երևացող գործընթացները: Դա խոսում է այն մասին, որ այսօրվա վարչապետն ապաքաղաքականացնելու իր գործընթացով քաղաքականությունը մղել է ընդհատակ: Երբ դու ոչինչ չես անում ու միայն կալանավորում ես, այդ կալանավորված մարդու վարկանիշը սկսում է ինքնըստինքյան բարձրանալ, նա դառնում է գործոն»: