Բաժիններ՝

«Հիմա միջազգային շուկայում է վիճակը շատ բարդ՝ և՛ հումքի, և՛ ադամանդների ձեռքբերման առումով». Փաշինյանի կառավարությունը կկարողանա՞ ակտիվացնել այս ոլորտը

Այսօր Կոտայքի մարզին նվիրված ներդրումային-բիզնես համաժողովի ընթացքում մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը խոսել է մարզում գործող ադամանդագործական ձեռնարկությունների մասին և հայտարարել, որ 2019 թ.-ին Աբովյան համայնքում կհիմնվի ևս մեկ խոշոր ադամանդագործական ընկերություն։

Ըստ պաշտոնական աղբյուրների՝ այս տարվա առաջին կիսամյակում թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից իրերի արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ աճել է 34.4%-ով՝ կազմելով 199 մլն 386.5 հազար դոլար:

Ադամանդագործությամբ զբաղվող «ԴԻ ՍԻ ԷՅ» ընկերության ներկայացուցիչ Նելլի Հարությունյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ ոլորտն այսօր ակտիվ չէ, բայց դա կախված չէ կառավարությունից, այլ խնդիրը միջազգային շուկան է:

«Հիմա միջազգային շուկայում է վիճակը շատ բարդ՝ և՛ հումքի, և՛ ադամանդների ձեռքբերման առումով: Բայց եթե կառավարությունը կարողանա նոր աշխատատեղեր բացել, մատչելի գներով հումք ապահովել, շատ լավ կլինի: Միջազգային շուկայում հումքը քանակապես բավարար է, գնային խնդիր կա: Եթե ներկայիս գներով հումքից պատրաստի արտադրանք ենք ստանում, բավականին թանկ է ստացվում, և իրացման խնդիր է լինելու: Ռուսական ադամանդները նույնպես թանկ են, Ռուսաստանն անգամ իր ընկերություններին արտոնյալ պայմաններով չի տալիս»,- ասաց Ն.Հարությունյանը:

Ըստ նրա՝ շահավետ պայմաններով հումք կարելի է ձեռք բերել աֆրիկական երկրներում, սակայն այդտեղ բարդությունը տարածաշրջանի հետ է կապված, և Աֆրիկայում աշխատելը հեշտ չի:

Ն.Հարությունյանի կարծիքով՝ ոլորտում ներդրումների խնդիր չկա. «Եթե հումքի հարցը լուծվի, ներդրումներ կլինեն: Հումքի խնդիրն է առաջնային»:

Անդրադառնալով տարիներ առաջ ստեղծված «Մերիդիան» ոսկերչական ազատ տնտեսական գոտուն՝ Ն.Հարությունյանը նշեց, որ ՀՀ-ում օրենքներն ադամադագործության ու ոսկերչության ոլորտի համար այնպիսին են, որ Հայաստանն ամբողջովին ազատ տնտեսական գոտի է՝ ներմուծման հարկեր չկային, հումքի վրա հիմա էլ հարկեր չկան, առանձին ազատ տնտեսական գոտի ստեղծելն անիմաստ էր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս