
«Չեմ կարծում, որ հայոց բանակի գեներալը հրաման տա՝ կրակել իր ժողովրդի վրա». Սասուն Միքայելյանը՝ գեներալ Օգանովսկու մասին

«Ես տեղյակ չեմ, քննություն կընթանա, լրիվ պարզ կլինի: Ես չեմ կարող որևէ կարծիք հայտնել»,- այսօր լրագրողների հետ զրուցում այս մասին ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը՝ ի պատասխան լրագրողների՝ Մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ վերջին աղմուկի մասին հարցի:
Լրագրողները մասնավորապես հետաքրքրվեցին՝ գեներալ Օգանովսկու ցուցմունքի և BBC-ի հրապարակման վերաբերյալ Սասուն Միքայելյանն ի՞նչ կարծիք ունի:
«Ես երբեք չեմ կարծում, որ մարտական ուղի անցած գեներալը նման հրահանգ տա, ժամանակը ցույց կտա: Որպես պատերազմ անցած մարդ երբեք ինքն իրան թույլ չի տա հրաման տա հայի վրա կրակել»,- ասաց Սասուն Միքայելյանը՝ ի պատասխան հարցին, թե ըստ BBC-ի հրապարակման՝ գեներալ Օգանովսոկու հրամանով են Մարտի 1-ին կրակ արձակել:
Դիտարկմանը՝ եթե գերագույն գլխավոր հրամանատարն է նման պահանջ դնում, նա արձագանքեց. «Գերագույն հրամանատարը պահանջ դնել չի նշանակում, որ գերագույն հրամանատարը պահանջ ա դնում, որ հային խփեն»:
Հարցին՝ զինվորականը կարո՞ղ է նման հրամանը չկատարել, երբ իր առջև նման խնդիր է դրվում, նա պատասխանեց. «Կարող է, խի՞ չի կարող»:
«Ես չեմ կարծում, որ հայոց բանակի գեներալը հրաման տա՝ կրակել իր ժողովրդի վրա, որն իր կյանքը դրել է այդ ժողովրդի, մեր պետականության համար, Արցախ աշխարհի համար»,-ընդգծեց նա:
Ինչ վերաբերում է հարցին՝ Արցախից զորքեր են բերել, սպայակազմով տեղակայել, նա ասաց, որ քննություն կընթանա. «Ես ձեր համար գուշակ չեմ»: