Ինչ անել, եթե աչքերը հոգնել են համակարգչից
Ժամանակակից կյանքը իր կանոններն է պարտադրում, եւ երբեմն ստիպված ենք լինում համակարգչի մոտ անցկացնել բավականին երկար ժամանակ: Ինչ անել, որ գոնե մեր աչքերը մեզ երկար ծառայեն:
Առաջին հերթին պետք է օգտագործել բարձր թույլատվությամբ մոնիտորներ:
Մարդկանց մեծ մասը սկսելով աշխատել նման մոնիտորներով, այլեւս չի բողոքում հոգնածությունից:
Համակարգչի դիրքը տանը կամ գրասենյակում պետք է ճիշտ լինի: Պետք է բացառվի էկրանին արեւի կամ այլ լուսավորության շողի հայտնվելը: Լուսավորությունը սենյակում պետք է շատ պայծառ չլինի:
Ցանկալի է, որ էկրանի ձախ կողմից սեղանին դրված լինի լապտեր, իսկ էկրանից ձեր աչքերը պետք է լինեն 60 սմ հեռավորության վրա: Երկար նստել մոնիտորի մոտ չի կարելի. դա նույնիսկ երեխաները գիտեն:
Իսկ եթե ձեր աշխատանքն է այդպիսին ու այլ ելք չկա, ուրեմն գոնե յուրաքանչյուր 2 ժամը մեկ պետք է ընդմիջում տալ 15 րոպեով: Իսկ հղի կանայք առհասարակ իրավունք չունեն 1 ժամից ավելի նստել համակարգչի առջեւ: Իսկ այդ ընդմիջումների ժամանակ կարելի է աչքերի համար վարժություններ կատարել:
Առաջին հերթին թուլացրեք մկանները, փակեք աչքերը եւ ապա մատների ծայրերով նուրբ մերսեք ակնախնձորակները:
Գլուխը առանց թեքելու նայեք ձախ ու աջ, վերեւ-ներքեւ: Կրկնեք այս վարժությունը 10 անգամ:
Վերցրեք մի փոքրիկ թղթի կտոր ու ներկեք այն սեւ գույնով ու կպցրեք լուսամուտի շրջանակին:
Հայացքը հառեք այդ կետին, իսկ հետո հայացքն ուղղեք լուսամուտից այն կողմ:
Սա պետք է տեւի մի քանի վայրկյան ու կարելի է կրկնել նույնպես 10 անգամ:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը