
2019 թվականի հուլիսն աշխարհում ամենաշոգ ամիսն է դարձել դիտարկումների ողջ ժամանակաշրջանում

Արբանյակներից կատարված դիտարկումները ցույց են տվել, որ այս տարվա հուլիսն աշխարհում ամենաշոգ ամիսն է դարձել օդերեւութաբանական դիտարկումների ողջ պատմության ընթացքում: Այդ մասին հայտնել է Երկրի էկոլոգիայի եւ կլիմայի մոնիթորինգի «Կոպեռնիկոս» ծրագրի ղեկավար Ժան-Նոել Տեպոն:
«Կոպեռնիկոս» ծրագիրն իրականացվում է Եվրոպայի տիեզերական գործակալության, որի կենտրոնակայանը գտնվում է Փարիզում, եւ Եվրամիության կողմից: «Հուլիսը սովորաբար տարվա ամենաշոգ ամիսն է, բայց, ըստ մեր տվյալների, 2019 թվականի հուլիսը նաեւ դարձել է ամենաշոգ ամիսը, որը երբեւիցե դիտվել է»,-ասված է Տեպոյի հայտարարության մեջ: Դրանում նշվում է, որ, հաշվի առնելով «ջերմոցային գազերի շարունակվող արտանետումները եւ ջերմաստիճանների աճի վրա դրանց ազդեցությունը, այդ ռեկորդներն էլ կգերազանցվեն»:
Արձանագրված տվյալների համաձայն, հուլիսին միջին ջերմաստիճանները Ցելսիուսի 0,04 աստիճանով գերազանցել են նախորդ ռեկորդը, որը վերաբերում է 2016 թվականի հուլիսին: Գիտնականների տեղեկատվության համաձայն, հուլիսին միջին ջերմաստիճանը 0,56 աստիճանով բարձր է եղել 1981-2000 թվականների ժամանակաշրջանի միջին ջերմաստիճանային մեծություններից:
Անցած ամսին Եվրոպայի շատ երկրներում (Ֆրանսիայում, Գերմանիայում, Իսպանիայում, Իտալիայում) գերազանցվել են ջերմաստիճանային ռեկորդները: Ֆրանսիայում վերջին 16 տարվա ամենաշոգ օրը ճանաչել են հուլիսի 25-ը: Meteo France ազգային օդերեւութաբանական ծառայության տեղեկատվության համաձայն, ֆրանսիական մետրոպոլիայում, որը ներառում է մայրցամաքային տարածքը եւ մերձակա կղզիներն Ատլանտյան օվկիանոսում, Լա Մանշում եւ Միջերկրական ծովում (այդ թվում եւ Կորսիկան), միջին ջերմաստիճանը հասել է Ցելսիուսի 37,4 աստիճանի: Իսկ ամենաբարձր ջերմաստիճանg այս օրը գրանցվել է Փարիզից հարավ-արեւելք գտնվող Սեն-Մոր կոմունայում: Այստեղ օդը տաքացել է մինչեւ 43,6 աստիճան, հաղորդել է ՏԱՍՍ-ը: