«Ստեփանակերտում վարչապետի ելույթն էմոցիաների վրա հենվող, էմոցիաներով արձագանք ակնկալող ելույթ էր». Կարեն Բեքարյան

Օգոստոսի 5-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթը սկսեց նախ 2016 թվականին գրված բանաստեղծությամբ, այնուհետև անդրադարձավ Հայաստանին, Արցախին ու սփյուռքին առնչվող մի շարք հարցերի՝ ներկայացնելով մինչև  2050 թվականն իրականացվելիք ծրագրերը։

Ըստ այդ ծրագրերի՝ պետք է Հայաստանը դարձնել արդյունաբերական երկիր, ստեղծել 1 մլն 500 հազար աշխատատեղ, լուծել 2,5 մլն մարդու զբաղվածության հարցը, բնակչության թիվը հասցնել 5 միլիոնի, և այլն։

168.amի հետ զրույցում ԱԺ նախկին պատգամավոր, վերլուծաբան Կարեն Բեքարյանն անդրադառնալով վարչապետ Փաշինյանի ելույթին՝ նշեց, որ ելույթի գերակշռող մասը, ինչպես միշտ, պոպուլիզմ էր։

«Արցախին առնչվող հատվածը՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», «միացում», բերեցին բավականին սպասելի արձագանքներ, որին բոլորը տեղյակ են։ Եվ պատահական չէ, որ մեր Արտգործնախարարության հայտարարությունը փորձում էր սրբագրել Ստեփանակերտի ելույթի ինչ-որ էլեմենտներ։ Որքանո՞վ սա ստացվեց, այլ հարց  է, արդյո՞ք դրանով այդ հարցը լուծվեց, մարտահրավերները չեզոքացվեցին, փաստն այն է, որ տեղի ունեցավ սրբագրման գործընթաց։

Ինչ վերաբերում է 2050 թվականի տեսլականին՝ անկեղծ չեմ էլ ցանկանում մեկնաբանել, երբ ասում են, որ իրատեսական ծրագրերը մեզ հետաքրքիր չեն, դրանից հետո բոլոր մեկնաբանությունները դառնում են անիմաստ։ Քանի որ նման արտահայտություն արվում է գործադիր իշխանության ղեկավարի կողմից, որը ղեկավարելով երկիրը, եթե չի շարժվում իրատեսական ծրագրերով և չի ապահովում փուլ առ փուլ զարգացման էլեմենտներ, ապա իրականությունից պետք է դուրս գանք և խոսենք ինչ-որ բաների մասին, որոնք հաշվելի չեն, շատ հեռու են»,- ասաց Կարեն Բեքարյանը։

Անդրադառնալով վարչապետի թվարկած վեց կոնսենսուսներին՝ Կարեն Բեքարյանը նշեց, որ այդտեղ խելքին մոտ տարրեր կային, սակայն թվարկած վեց կետերից մեկում վարչապետը կրկին ներքին թշնամիների տարրի մասին խոսեց, ինչը, մեր զրուցակցի խոսքով՝ արդեն ձեռագիր է դառնում։

«Արցախի մասով չեմ ցանկանում ավելի շատ փակագծեր բացել, քանի որ այնտեղ կան շատ նրբություններ, որոնք հաշվի չեն առել»,- ընդգծեց նա։

Հարցին՝ վարչապետի ելույթն ամբողջությամբ վերլուծելով՝ հասկացե՞լ է, թե նա Հայաստանի ու Արցախի վերաբերյալ ինչպիսի տեսլական ունի, և ներկայացրած ռազմավարական ծրագիրը որքանով է իրագործելի, Կարեն Բեքարյանը պատասխանեց, որ տեսլական պատկերացնելը բավականին բարդ է, քանի որ ամեն ինչ էմոցիաների վրա աշխատող պոպուլիզմ էր։

«Ցանկացած հայի համար, բացառություններ քիչ կլինեն, հասկանալի է, թե ինչ է նշանակում՝ Հայաստան-Արցախ վերամիավորման խնդիրը։ Երբ նման պոպուլիզմով խաղում են այդ էմոցիաների վրա, որ պետք է ականջահաճո լինի, ապա սա իրական գործընթացի հետ որևէ առնչություն չունի։

Այսինքն, երբ մենք խոսում ենք գործադիրի ղեկավարի տեսլականի մասին, պետք է խոսենք ոչ թե 50, 100 կամ 200 տարի հետո ունեցած տեսլականի, այլ ներկայումս տեղի ունեցող գործընթացում շահերի պաշտպանության, համապատասխան ճիշտ գործիքակազմով ընտրված քայլերով շահերն առաջ տանելու մասին։

Ստեփանակերտի ելույթը որևէ նման էլեմենտ չէր պարունակում, դա էմոցիաների վրա հենվող, էմոցիաներով արձագանք ակնկալող մտքեր էին»,- նշեց Կարեն Բեքարյանը։

«Նման պոպուլիստական հայտարարություններով Հայաստանն ու Արցախը որքանո՞վ են պատրաստ դիմագրավելու սպասվող մարտահրավերներին» հարցին ի պատասխան՝ մեր զրուցակիցն ասաց, որ մարտահրավերին դիմագրավելը միշտ պետք է լինի օրակարգում և անընդհատ բարձրացվեն դիմագրավելու, ինչպես նաև մարտահրավերները չեզոքացնելու հնարավորությունները։

«Այստեղ ամենավատն այն է, որ մարտահրավերներն ավելացնում են, սա է ամենամեծ խնդիրը։ Ռեսուրսը, էներգիան, այդ թվում՝ ներառական, այսինքն՝ քննարկումների ու բավականին տեսակետների հնչեցման, անգամ բախման արդյունքում, որ պետք է ծնվի ճշմարտությունը, և ամենաէական ու կարևոր քայլերը լավ հաշվարկած լինելու արդյունքում՝ չեն անում, փոխարենն ավելացնում ենք մարտահրավերներ։

Օրինակ՝ կարելի է ելույթ ունենալ և ելույթի մեջ մի քանի րոպե նվիրել նրան, որ իշխանությունը ժողովրդինն է, որ ժողովուրդը որոշման ընդունման գործընթացում ներգրավված լինի, և այլն, սրանք բառեր են, խոսքեր։

Երբ Վերածննդի հրապարակում հայտարարվում է, որ Արցախը Հայաստան է, և վերջ, պարզվում է, որ հետո ամեն ինչ պետք է Արտգործնախարարությունը սրբագրի, բա հիմա ո՞ւր մնաց այդ ներառականը, դա քննարկա՞ծ էր, կա ընկալումը, որ այս աշխարհում ավարտվել է ներքին ու արտաքին լսարանների բաժանումը, երբ երկրի առաջին դեմքն անում է հայտարարություն, որքան էլ ցանկանա դա անել՝ ելնելով պոպուլիզմից կամ կոնկրետ լսարանի համար, այն միանգամից լսում են նաև արտաքին աշխարհում, և այս ամենի արդյունքում՝ ունենք այն, ինչ ունենք»,- եզրափակեց Կարեն Բեքարյանը։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս