
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը բացատրել է Brexit-ի հետևանքները դաշինքի համար

ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալը չի ազդի ՆԱՏՕ-ի երկրների վիճակի վրա, ընդսմին միայն կբարձրացնի այս հարթակի նշանակությունը եվրոպական երկրների փոխգործակցության համար: Այս կարծիքը հայտնել է դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը։
«Brexit-ը չի փոխի Բրիտանիայի դրությունը ՆԱՏՕ-ում: Ես վստահ եմ, որ անկախ այն բանից, թե ինչպես եւ երբ տեղի կունենա Brexit-ը, Բրիտանիան կմնա ՆԱՏՕ-ի շատ կարեւոր, հանգուցային դաշնակիցը»,-ասել է նա՝ ելույթ ունենալով Նոր Զելանդիայի ուսանողների առջեւ, ուր ժամանել է աշխատանքային այցով:
Նրա ելույթի ձայնագրությունը տարածել է դաշինքի մամուլի ծառայությունը:
«Ես կարծում եմ, որ Brexit-ը ՆԱՏՕ-ն նույնիսկ ավելի կարեւոր հարթակ կդարձնի եվրոպական երկրների եւ Հյուսիսային Ամերիկայի միավորման համար, որովհետեւ դաշինքը առաջվա պես ներառելու է Մեծ Բրիտանիան եւ եվրոպական մյուս երկրները»,-նշել է Ստոլտենբերգը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: