Բաժիններ՝

«Այս մեկ տարվա ընթացքում մշակույթի ոլորտում կատարվել են բազմաթիվ անօրինականություններ». Ռուբեն Բաբայան

Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի կարծիքով՝ ժողովրդավարական երկրներում ընտրություններից հետո լինում է հասարակական տրամադրությունների որոշակի անկում, չնայած ընտրություններն անցնում են ավելի հանգիստ մթնոլորտում:

«Մեր պարագայում պարզ է, որ հիասթափությունը պետք է ավելի շատ լիներ, որովհետև մարդիկ իրենց ճակատագիրը հիմնականում մեկ անձի հետ էին կապում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ռուբեն Բաբայանը՝ ընդգծելով՝ հեղափոխության իմաստը ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու տեր լինելու զգացողություն և հնարավորություն տալն է, այլ ոչ թե ժողովուրդը պետք է ասի՝ մեկն ու մեկդ եկեք, ինձ տեր կանգնեք:

«Եթե մենք այդ տրամաբանությամբ ենք շարունակելու մտածել, որ մեկն ու մեկը գա՝ մեզ տեր կանգնի, մենք մշտապես և՛ ոգևորություն կապրենք, և՛ հիասթափություն: Եթե մենք մեր երջանկությունը կապենք միայն սեփական ուժերի, աշխատասիրության, տաղանդի հետ, իսկ իշխանություններից պահանջենք, որ բոլորի համար ստեղծի հավասար պայմաններ, որ չգործի ընտրյալների համակարգը, այդ ժամանակ շատ բանի կհասնենք:

Քիչ չեն մարդիկ, որոնք նախորդ տարիներին կարողացել են շատ բանի հասնել իրենց կյանքում, և պարտադիր չէ, որ նրանք դիմած լինեին անօրինական քայլերի»,- ասաց նա՝ հավելելով՝ եթե մարդու անձնական բարեկեցությունը կապում ենք միայն համակարգի հետ, դրանով թուլացնում ենք այդ մարդուն:

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է այս մեկ տարվա ընթացքում մշակույթի ոլորտում տեղի ունեցած փոփոխություններին, Ռուբեն Բաբայանն ասաց, որ տարվա ընթացքում խոսել է խնդիրների մասին և հիմա չի ցանկանում քննադատել նախկիններին:

«Այս մեկ տարվա ընթացքում բազմիցս խոսել եմ բոլոր չարված գործերի մասին, որը Մշակույթի նախարարությունը պետք է կատարեր, խոսքն առաջին հերթին՝ վերաբերում է օրենսդրական դաշտին, և քանի որ հիմա փոխվել է նախարարության կազմը, ես ինձ իրավունք չեմ վերապահել երբևէ քննադատել նախկիններին, միշտ քննադատել եմ ներկաներին:

Նոր կազմը, նոր պատասխանատուները հիմա իսկապես անում են որոշակի քայլեր, ընդ որում, դրանք համաձայնեցնելով մշակույթի ոլորտը ներկայացնող մարդկանց հետ: Ե՛վ թատերական ասպարեզում, և՛ օրենսդրական դաշտում որոշակի քայլեր արվում են՝ կապված «Գնումների մասին» օրենքի, կարգավիճակի, դրամաշնորհների հետ, որոնք ստանում են ավելի տրամաբանական տեսք:

Պետք է շատ պահանջատեր լինել այս ամենի հանդեպ: Այս մեկ տարվա ընթացքում մշակույթի ոլորտում կատարվել են բազմաթիվ անօրինականություններ, որոնց համար այսօր բոլորս ենք պատասխան տալու: Օրինակ՝ այդ 1 միլիոն 600 հազար եվրոյի պատասխանն ո՞վ է տալու. մենք՝ հասարակությունը, պետական գումար գոյություն չունի, կա հարկատուի մուծած գումարը»,- ասաց նա՝ նկատի ունենալով ՄԻԵԴ-ի վճիռը, երբ Եվրադատարանը պարտավորեցրել էր Հայաստանին 1,6 միլիոն եվրո վճարել քաղաքացի Յուրի Վարդանյանին:

Նույն պատմությունը, ըստ Ռուբեն Բաբայանի՝ կատարվել է այս մեկ տարվա ընթացքում մշակույթի ոլորտում՝ կապված Խորեոգրաֆիայի թատրոնի և Օպերային թատրոնի հետ.

«Չեմ ուզում առաջ ընկնել, թող դատարանը որոշի, բայց եթե դա հասնի Եվրադատարան, դա էլի կբերի մեծ տուգանքներ, որի համար էլի վճարելու ենք մենք: Այստեղ պետք է շատ զգույշ լինել: Կամայական որոշումներ կայացնելու ժամանակն անցել է, սա Սովետից եկող շատ վատ ավանդույթ է. ես ղեկավար եմ, ես այսպես եմ որոշում, և մնացած մյուս ստորադաս մարմինները կատարում են: Նույն Մշակույթի նախարարությունում, որոնք պարտավոր էին կանգնեցնել, ասել, որ նման որոշումներ չի կարելի կայացնել, որ դրանք անօրինական են, ցավոք, ասել են՝ հա, շեֆ ջան, ոնց կուզես՝ այդպես էլ կանենք: Արդյունքը դուրս է գալիս մեր գրպաններից»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս