
«Առանձնահատուկ սիրով եմ հրավիրում մեր Արցախի բոլոր հայրենակիցներին, որովհետև նման ֆորմատով նրանց առաջ ելույթ ունենալու առիթ չեմ ունեցել». ՀՀ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Սևանից ուղերձով է հանդես եկել և տեղեկացրել, որ օգոստոսի 5-ին, ժամը 19:00-ին ելույթ է ունենալու Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում.
«Ողջունում եմ բոլորիդ Սևանի գեղատեսիլ ափից:
Ինչպես տեղյակ եք, օգոստոսի 6-ին Ստեփանակերտում տեղի է ունենալու շատ կարևոր մի իրադարձություն՝ Համահայկական խաղերի բացումը: Եվ այդ առիթով Ստեփանակերտում հավաքվելու են հայության բոլոր մասերի ներկայացուցիչները, և ես կարծում եմ, որ սա շատ լավ առիթ է մի փոքր ընդլայնելու օրվա օրակարգը և խոսելու մեր համազգային մարտահրավերների մասին, մեր համազգային միասնության այս բացառիկ ժամի և նրա ստեղծած հնարավորությունների մասին և այդ հնարավորությունները արդյունավետ օգտագործելու մասին: Եվ ահա այս կապակցությամբ մտադիր եմ օգոստոսի 5-ին, ժամը 19:00-ին ելույթ ունենալ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, և սիրով հրավիրում եմ բոլորիդ, քանի որ կարծում եմ՝ այդ օրը տեղի է ունենալու շատ կարևոր խոսակցություն:
Առանձնահատուկ սիրով եմ հրավիրում մեր Արցախի բոլոր հայրենակիցներին, որովհետև նման ֆորմատով նրանց առաջ ելույթ ունենալու առիթ չեմ ունեցել, և այդ օրը նրանց աչքերի մեջ ուղիղ նայելով՝ կլինի շատ կարևոր խոսակցություն մեր համազգային օրակարգի, մեր այսօրվա իրավիճակի և վաղվա անելիքների մասին»:
https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/2385619051695640/?notif_id=1564729892728344¬if_t=live_video