«Ռուսական «Պոբեդա» ավիաընկերությունը «գիշատիչ» գներ էր կիրառում, ու մենք ոչ մի լծակ չունեինք իրենց հակազդելու». Տեղական ավիափոխադրող
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Եգիպտոսի Հուրգադա քաղաքից մեր քաղաքացիներին տարհանող երկրորդ չվերթը 168.am-ի հրապարակումից հետո վստահվել է հայկական «Տարոն-Ավիա» ավիաընկերությանը։
Ավիաընկերության կոմերցիոն տնօրեն Լևոն Քարամյանի հետ 168.am-ը զրուցել էր նաև ոլորտային խնդիրների մասին։
– Եթե տեղական ավիափոխադրողը կարող է ֆորս-մաժորային իրավիճակում հատուկ, տարհանման նպատակով թռիչք իրականացնել, ինչո՞ւ են դիմում արտասահմանյան ավիաընկերության օգնությանը։
– Քանի դեռ մենք չունենք կայացած ազգային փոխադրող տեղական ավիաընկերություն, այդ խնդիրները, ցավոք սրտի, միշտ էլ առաջանալու են։ Մենք բազմիցս դիմել ենք տարբեր ատյանների, դեռ կոնկրետ պատասխան չենք ստացել։
– Որպես ազգային փոխադրո՞ղ հանդես գալու նպատակով։
– Ոչ, ազգային փոխադրող ասվածը վերացական հասկացություն է. այն հստակ սահմանում չունի։ Ուղղակի, որպես տեղական ավիաընկերություն, ով ունի օդանավերի ամենամեծ շարժակազմը, «Տարոն-Ավիան» ապացուցել է, որ կարող է թռիչքներ իրականացնել Հայաստանից։ Այսինքն՝ մենք թռիչքներ ենք իրականացրել և Գյումրիից, և «Զվարթնոց» օդանավակայանից։ Եվ ընդհանրապես, Հայաստանի ավիացիայի պատմության մեջ մենք եղել ենք միակ ավիաընկերությունը, որն առանց մեկ կոպեկ պարտք ունենալու պետությանը, օդանավակայաններին կամ այլ ենթակառուցվածքների՝ դադարեցրել է չվերթերն ու դուրս է եկել հայաստանյան շուկայից։
– Ինչո՞ւ…
– Դե, որովհետև մենք մեր գործունեության ընթացքում առնչվել ենք բազմաթիվ անհավասար մրցակության տարբեր դրսևորումների։
– Իսկ ե՞րբ եք դուրս եկել շուկայից։
– Մենք թռիչքներ իրականացրել ենք 2017թ. ապրիլի 25-ից, Գյումրիից։ Հետո դադարեցրել ենք Գյումրիից չվերթերը դեկտեմբերի 31-ին, իսկ Երևանից չվերթերի մեկնարկը տրվել է 2017թ. նոյեմբերի 15-ից ու դադարեցրել ենք 2018թ. հունվարի 15-ին։
– Ինչո՞վ էր արտահայտվում Ձեր նշած անհավասար մրցակցությունը։
– Դա արտահայտվում էր նրանով, որ Ռուսաստանի Դաշնության օդանավակայաններում գործում է երկու տեսակի սակագին. մեկը՝ տեղական ավիափոխադրողների համար, մյուսը՝ օտարերկրյա։ Մեզ դիտարկում են՝ որպես օտարերկրյա, չնայած Հայաստանը հանդիսանում է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) լիիրավ անդամ։ Մենք այդ հարցը բարձրաձայնել ենք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մոտ։ Իրենք ընդունել են, որ մենք ճիշտ ենք, ու խոստացել են, որ մոտ ժամանակներս՝ 2019-2020թթ., գների համահավասարեցում կլինի։
– Այսինքն՝ անհավասար մրցակցությունն ամեն դեպքում ներպետական խնդիր չի եղել, այլ կապված է եղել ԵԱՏՄ-ի հետ։
– Այո, դրսի օդանավակայանի հետ է կապված ու նաև նավիգացիայի հետ։ Տեսեք, Ռուսաստանի օդային տարածքով 100 կմ թռիչքի համար մենք վճարում ենք 95.20 դոլար, այսինքն՝ 1 կմ-ն՝ 95 ցենտ, իսկ ռուսական ավիաընկերությունները վճարում են 30 դոլար նույնքան կմ-ի համար, 3 անգամ ավելի էժան։ Դրա համար Երևան-Մոսկվա-Երևան չվերթի՝ նավիգացիայի Ռուսաստանի մասնաբաժինը կազմում է մոտ 2.500 դոլար մեզ համար, իսկ իրենց համար՝ 700 դոլար։ Միայն այդ նավիգացիայի առումով իրենք բավականին շահում են։ Ասենք, 180 տեղանոց օդանավի պարագայում իրենք կարող են 10 դոլար էժան գին առաջարկել միայն նավիգացիայի մասով։ Եթե 2500-ից հանում ենք 700, ու այդ 1800-ը բաժանում 180-ի, դառնում է 10 դոլար։ Բացի դրանից, օդանավակայանում են գները տարբեր՝ 2-3, որոշ դեպքերում՝ 4-5 անգամ։
– Իսկ ներքին շուկայում անհավասար մրցակցություն որևէ կերպ արտահայտվո՞ւմ էր։
– Ներքին շուկայում այն արտահայտվում էր Գյումրիի շուկայում։ Երբ մենք չվերթեր էինք իրականացնում, այնտեղ կար նաև «Պոբեդա» ավիաընկերությունը՝ «Աերոֆլոտի» 100 տոկոս դուստր-ձեռնարկությունը, որը գիշատիչ գներ էր կիրառում, ու մենք ոչ մի լծակ չունեինք իրենց հակազդելու։ Այսինքն՝ ոչ մեր հակամենաշնորհային կոմիտեն, ոչ ավիացիայի կոմիտեն ոչ մի լծակ չունեին դա կանխելու։ Հիմա որքան էլ մեր կառավարությունն ընդունած լինի «բաց երկինք», «հավասար պայմաններ բոլորի համար» սկզբունքը, արդեն իսկ այդ ավիաընկերությունները շահեկան դիրքում են, որովհետև իրենց չվերթերն իրականացվում են իրենց բազային օդանավակայաններից, որտեղ իրենք սպասարկվում են, ինչպես արդեն նշեցինք, 2-5 անգամ ավելի էժան։
2018թ. մայիսից սկսած, երբ Կառավարություն է փոխվել, նոր կառավարություն է ձևավորվել, դիմել ենք ավիացիայի հետ քիչ թե շատ առնչություն ունեցող բոլոր մարմիններին, բայց դեռ արձագանք չկա։