Բաժիններ՝

ՊԵԿ-ը պետք է պատասխանի՝ մարդիկ որքա՞ն գումար են վճարելու, որպեսզի ստանան իրենց բեռը

Բագրատաշենի մաքսակետում շարունակում են պահել Թուրքիայից Հայաստան բերված ապրանքները, որի առիթով էլ այսօր ասուլիսով էին հանդես գալու առևտրականները:

Ասուլիսի բուն ժամից մոտ կես ժամ անց մամուլի ակումբ զանգահարեց առևտրականների շահերը բացառապես վարչական վարույթի ընթացքում ներկայացնող իրավաբան Աշոտ Շահսուվարյանը, ներողություն խնդրեց լրագրողներից՝ բարձրախոսով հայտնելով, որ քաղաքացիները չեն ներկայանալու:

Ավելի ուշ 168.am-ի հետ զրույցում Աշոտ Շահսուվարյանն ասաց.

«Ես վստահեցնում եմ, որ ասուլիսների կարիք չկա, և խնդիրը մոտակա ժամանակներում կլուծվի՝  առանց որևէ ասուլիսի: Այսինքն՝ մարդիկ կստանան օրենքով իրենց հասանելիք բեռը»:

Հարցին,՝ Թուրքիայից ապրանք բերող առևտրականների համար գլխացավանք էր դարձել վրացական մեքենան, այն վերադարձվե՞լ է տիրոջը, Աշոտ Շահսուվարյանը պատասխանեց.

«Այո, մեքենան վաղուց բաց է թողնվել, իսկ բեռը մաքսայինի պահեստում է գտնվում: Իրականացվել է բեռի ստուգում, և հիմա վարույթն իրականացնող մարմինը հարցում է արել Պետեկամուտների կոմիտե՝ վճարման ենթակա գումարի չափը  որոշելու համար, ու գործն այս փուլում է: ՊԵԿ-ը պետք է պատասխանի, թե մարդիկ որքա՞ն գումար են վճարելու, որպեսզի ստանան իրենց բեռը»:

Նշենք, որ մայիսի 18-ից Բագրատաշենի մաքսակետում են պահվում Թուրքիայից Հայաստան բերված ապրանքները: Հունիսի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ  առևտրականներից Քրիստինե Մանուկյանն ասել էր. «Մենք չենք ասում, որ անմեղ ենք. այստեղ կան նաև մեր սխալները, որոնք բարձրաձայնել և ընդունել ենք: Մենք չգիտենք, թե մեր գործով ովքե՞ր են զբաղվում: Միայն տեղեկացրել են, որ քրեական գործ է հարուցվել 205 հոդվածի առաջին կետով:

Որոշակի քանակություն կա, որ առանց մաքսազերծման՝ փորձել ենք հանել, ու դրա մասին խոստովանել ենք: Ունեցել ենք մեխանիզմ, որն աշխատացրել ենք, այնտեղ մաքսավորներ չկան: Ինչ սխալ արել ենք՝ դա պարսպից դուրս է եղել, իսկ ԱԱԾ-ն բերել է պարսպից ներս: Խախտված բեռի չափը մոտ 3 տոննա է: Անօրինական քայլի դիմել ենք մաքսազերծման բարձր գնի պատճառով: Մենք ապրում ենք Հայաստանում, բայց 4 եվրոյին համարժեք դրամով ենք մաքսազերծում: Եթե, ասենք, վերնաշապիկը 1 դոլարով ես գնել, 4 եվրո մաքսազերծումն էլ ավելացնես՝ բերես, պետք է մտածես, թե ում նվիրես, որովհետև չես կարող վաճառել այդ գներով: Միայն ես շաբաթը 4-5 տոննա բեռ եմ մաքսազերծում: Բեռները պատկանում են 40 ուղևորի: Ընդունում ենք մեր սխալը, տվե՛ք մեր տույժի չափը»:

Հիշեցնենք, որ մայիսի 24-ին  լրագրողների հետ ճեպազրույցում  ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարել էր, որ ԱԱԾ սահմանապահ զորքերը Բագրատաշենի մաքսատանն օրենքին համապատասխան միջոցառումներ են իրականացրել:

Արթուր Վանեցյանի փոխանցմամբ՝ ԱԱԾ-ն տվյալներ ունի, որ Մաքսային ծառայության որոշ ծառայողների հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ որոշակի գումարի դիմաց այդ ապրանքները տեղափոխել Հայաստանի Հանրապետություն։ ԱԱԾ-ի կողմից իրականացված համապատասխան միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է խախտումը և կասեցվել է բեռների անցումը։

Հավելենք, որ Թուրքիայից Հայաստան ապրանք բերող առևտրականները մեզ հետ զրույցում հայտնել էին, որ քրեական գործ է հարուցվել 205 հոդվածի առաջին կետով, և այն քննվելու է ՀՔԾ-ում:

ՔՕ հոդված 205-ը վերաբերում է հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելուն և այդ նպատակով 1) օրենքով սահմանված հաշվետվությունում, հաշվարկում, հայտարարագրում կամ հարկման հիմք հանդիսացող՝ հարկը, տուրքը, պարտադիր այլ վճարը հաշվարկելու կամ վճարելու պարտավորություն առաջացնող պարտադիր այլ փաստաթղթում ակնհայտ կեղծ տվյալ մտցնելը կամ 2) օրենքով սահմանված հաշվետվությունը, հաշվարկը, հայտարարագիրը կամ հարկման հիմք հանդիսացող՝ հարկը, տուրքը, պարտադիր այլ վճարը հաշվարկելու կամ վճարելու պարտավորություն առաջացնող պարտադիր այլ փաստաթուղթը օրենքով սահմանված կարգով և ժամկետներում չներկայացնելը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից երեքհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

2. Նույն արարքը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ: 3. Սույն հոդվածի իմաստով խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհազարապատիկից տասնհինգհազարապատիկը չգերազանցող գումարը, իսկ առանձնապես խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգհազարապատիկը գերազանցող գումարը:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս