Բաժիններ՝

«Վրացիներն ամբողջ օրը մեզ անհանգստացնում, ահաբեկում են». Բագրատաշենի մաքսակետում գտնվող առևտրականներն առաջին հերթին ավտոբուսն են խնդրում, որ վերադարձնեն տիրոջը

Բագրատաշենի մաքսակետում շարունակում են պահել Թուրքիայից Հայաստան բերված ապրանքները:

«Գնում-գալիս ենք, բայց բեռներից դեռ ոչ մի տեղեկություն չունենք: Ինչ վերաբերում է մեքենային, ապա վրացիներն ամբողջ օրը մեզ զանգահարում, անհանգստացնում, ահաբեկում են: Երկու շաբաթից ավելի է՝ ավտոբուսը կանգնած է, պարտավոր ենք մոտ 5000 դոլար վճարել, Շաբաթը 2400 դոլար է»,- 168.am-ի հետ զրույցում ասացին առևտրականները:

Նրանք հայտնեցին նաև, որ դեռ չգիտեն, թե ո՞ր մարմինն է քննելու գործը:

«Ասացին՝ 10 օր է տևելու, հետո գործը տալու են ինչ-որ մեկին, որ վարի»,- նշեցին նրանք:

Ինչ վերաբերում է տույժի չափին, որը 17.000 եվրո է, առևտրականները հայտնեցին, որ այդ մասին էլ դեռ խոսք չկա, պատկան մարմինները չեն արձագանքում:

«Անորոշ վիճակ է»,- հավելեցին նրանք:

Ինչ վերաբերում է մայիսի 18-ից Բագրատաշենի մաքսակետում պահվող Թուրքիայից Հայաստան բերված ապրանքներին՝ հունիսի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ  առևտրականներից Քրիստինե Մանուկյանն ասել էր. «Մենք չենք ասում, որ անմեղ ենք. այստեղ կան նաև մեր սխալները, որոնք բարձրաձայնել և ընդունել ենք: Մենք չգիտենք, թե մեր գործով ովքե՞ր են զբաղվում: Միայն տեղեկացրել են, որ քրեական գործ է հարուցվել 205 հոդվածի առաջին կետով:

Որոշակի քանակություն կա, որ առանց մաքսազերծման՝ փորձել ենք հանել, ու դրա մասին խոստովանել ենք: Ունեցել ենք մեխանիզմ, որն աշխատացրել ենք, այնտեղ մաքսավորներ չկան: Ինչ սխալ արել ենք՝ դա պարսպից դուրս է եղել, իսկ ԱԱԾ-ն բերել է պարսպից ներս: Խախտված բեռի չափը մոտ 3 տոննա է: Անօրինական քայլի դիմել ենք մաքսազերծման բարձր գնի պատճառով: Մենք ապրում ենք Հայաստանում, բայց 4 եվրոյին համարժեք դրամով ենք մաքսազերծում: Եթե, ասենք, վերնաշապիկը 1 դոլարով ես գնել, 4 եվրո մաքսազերծումն էլ ավելացնես՝ բերես, պետք է մտածես, թե ում նվիրես, որովհետև չես կարող վաճառել այդ գներով: Միայն ես շաբաթը 4-5 տոննա բեռ եմ մաքսազերծում: Բեռները պատկանում են 40 ուղևորի: Ընդունում ենք մեր սխալը, տվե՛ք մեր տույժի չափը: Առաջին օրն ասացին, որ 9000 եվրո տուգանք են տալու:

Համաձայնվեցինք՝ ասելով, մենակ թե բեռները թողնեն: 4 ժամ հետո մոտեցան, ասեցին՝ չէ, թիվը փոխվեց, 14.000 եվրո է: 4 տոննա 900 կգ բեռ է եղել, որից 2 տոննա 800 կգ մաքսազերծված ապրանքն է եղել, 1 տոննա 50 կգ էլ եղել է հասանելի ապրանքը (ուղեկցվող 25 կգ չմաքսազերծվող բեռի մասին է խոսքը): Մեզ ասացին, որ գործ է հարուցվելու, մենակ մենք չէինք կարող այս ամենն անել: Կնքեցին վրացիներին պատկանող ավտոբուսը, որի համար օրը 2400 դոլար է պահանջում վրացական կողմը:

Ընթացքում մեզ հայտնեցին, որ տույժը հաշվել են, և 17.000 եվրո է դարձել, կրկին համաձայնության եկանք, որովհետև այլընտրանք չունեինք, բայց հիմա պահանջում ենք, որ կրկին զննեն ապրանքը, տույժի չափը վերանայեն: Խնդրում եմ՝ ներեն մեզ, պատիժը ներկայացնեն»:

Հիշեցնենք, որ մայիսի 24-ին  լրագրողների հետ ճեպազրույցում  ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարել էր, որ ԱԱԾ սահմանապահ զորքերը Բագրատաշենի մաքսատանն օրենքին համապատասխան միջոցառումներ են իրականացրել:

Արթուր Վանեցյանի փոխանցմամբ՝ ԱԱԾ-ն տվյալներ ունի, որ Մաքսային ծառայության որոշ ծառայողների հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ որոշակի գումարի դիմաց այդ ապրանքները տեղափոխել Հայաստանի Հանրապետություն։ ԱԱԾ-ի կողմից իրականացված համապատասխան միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է խախտումը և կասեցվել է բեռների անցումը։

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս