Բաժիններ՝

Հայտնի է, թե որ մարմինն է քննելու Թուրքիայից Հայաստան ապրանք բերած և մաքսազերծումից խուսափած առևտրականների գործը

«Թուրքիայից Հայաստան ապրանք բերող առևտրականներին հայտնել են, որ քրեական գործ է հարուցվել 205 հոդվածի առաջին կետով, և այն քննվելու է ՀՔԾ-ում»,- այս մասին 168.am-ին ասացին նրանք:

ՔՕ հոդված 205-ը վերաբերում է հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելուն և այդ նպատակով 1) օրենքով սահմանված հաշվետվությունում, հաշվարկում, հայտարարագրում կամ հարկման հիմք հանդիսացող՝ հարկը, տուրքը, պարտադիր այլ վճարը հաշվարկելու կամ վճարելու պարտավորություն առաջացնող պարտադիր այլ փաստաթղթում ակնհայտ կեղծ տվյալ մտցնելը կամ 2) օրենքով սահմանված հաշվետվությունը, հաշվարկը, հայտարարագիրը կամ հարկման հիմք հանդիսացող՝ հարկը, տուրքը, պարտադիր այլ վճարը հաշվարկելու կամ վճարելու պարտավորություն առաջացնող պարտադիր այլ փաստաթուղթը օրենքով սահմանված կարգով և ժամկետներում չներկայացնելը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից երեքհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով: 2. Նույն արարքը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ: 3. Սույն հոդվածի իմաստով խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհազարապատիկից տասնհինգհազարապատիկը չգերազանցող գումարը, իսկ առանձնապես խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգհազարապատիկը գերազանցող գումարը:

Ինչ վերաբերում է դեռևս Բագրատաշենի մաքսակետում պահվող իրենց ապրանքին ու վրացուն պատկանող ավտոբուսի խնդրին՝ ասացին, որ դեռ հարցը լուծում չի ստացել:

«Սպասում ենք, իբր թե այսօր պետք է բաց թողնեն ապրանքը: Մաքսակետում շարունակում է մնալ նաև վրացուն պատկանող ավտոբուսը: Չենք էլ իմանում, թե ի՞նչ է լինելու մեզ հետ»,- ասաց առևտրականներից մեկը:

«Ոչ մի հարց առայժմ չի լուծվել, մեզ ընդամենն ասել են՝ սպասեք պատասխանի: Նստած անհամբեր պատասխանի ենք սպասում: Այսօր նոր իմացել ենք, թե ում մոտ է գործը, ՞վ է քննիչը»,- հավելեց մյուսը:

Հիշեցնենք, որ մայիսի 18-ից Բագրատաշենի մաքսակետում են պահվում Թուրքիայից Հայաստան բերված ապրանքները:

«Մենք չենք ասում, որ անմեղ ենք. այստեղ կան նաև մեր սխալները, որոնք բարձրաձայնել և ընդունել ենք: Որոշակի քանակություն կա, որ առանց մաքսազերծման՝ փորձել ենք հանել, ու դրա մասին խոստովանել ենք: Ունեցել ենք մեխանիզմ, որն աշխատացրել ենք, այնտեղ մաքսավորներ չկան: Ինչ սխալ արել ենք՝ դա պարսպից դուրս է եղել, իսկ ԱԱԾ-ն բերել է պարսպից ներս: Խախտված բեռի չափը մոտ 3 տոննա է: Անօրինական քայլի դիմել ենք մաքսազերծման բարձր գնի պատճառով: Մենք ապրում ենք Հայաստանում, բայց 4 եվրոյին համարժեք դրամով ենք մաքսազերծում: Եթե, ասենք, վերնաշապիկը 1 դոլարով ես գնել, 4 եվրո մաքսազերծումն էլ ավելացնես՝ բերես, պետք է մտածես, թե ում նվիրես, որովհետև չես կարող վաճառել այդ գներով: Միայն ես շաբաթը 4-5 տոննա բեռ եմ մաքսազերծում»,- ավելի վաղ ասել էին առևտրականները:

Իսկ ավտոբուսը, որը պատկանում է վրացու, և ամեն շաբաթ 2400 դոլար են վճարում, մայիսի 19-ից գտնվում է Բագրատաշենի մաքսակետում:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս