«Մենք ունենք ոչ թե դատարանի, այլ սահմանադրականության ճգնաժամ, սահմանադրական բարոյականության ցածր մակարդակ և սահմանադրական զարգացումների ակնհայտ ձևախեղումներ». Սերգեյ Մեղրյան

Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախկին անդամ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի Քաղաքացիական դատավարության ամբիոնի նախկին վարիչ, դասախոս Սերգեյ Մեղրյանի հետ 168.am-ը զրուցել է դատարանների ծանրաբեռնվածության թեթևացման, դատական համակարգը գրավիչ դարձնելու, օրենքի մեկնաբանության, ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի և առհասարակ համակարգային այլ խնդիրների ու դրանց լուծման բանալիների շուրջ։

– Ի՞նչ քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել դատարանների ծանրաբեռնվածությունը թեթևացնելու ուղղությամբ։

– Տվյալ խնդիրը Բարձրագույն դատական խորհրդի, օրենսդրի և գործադիրի առջև ծառացածներից ամենաբարդն է: Խորհրդի ձևավորման առաջին իսկ օրվանից ակնհայտ էր, որ այն պահանջում է խորքային վերլուծություն, առկա կադրային և նյութական ռեսուրսների վերագնահատում, օրենսդիր և գործադիր իշխանության մարմինների կողմից օժանդակելու պատրաստակամություն:

Ձեր կողմից բարձրացված հարցի լուծմամբ է մեծապես պայմանավորված արդարադատության որակի և արդյունավետության բարձրացումը: Ակնհայտ է, որ չի կարելի ակնկալել որակյալ և արագ արդարադատություն մի դատավորից, որի վարույթում տարվա կտրվածքով առկա է 1200-2500 քաղաքացիական կամ 60-100 քրեական գործ: Պարզ թվաբանություն է. հաշվեք, թե որքան ժամանակ կարող է տրամադրել դատավորը մեկ գործին: Այդ ծավալը հաղթահարել, այն էլ՝ որակով, հնարավոր չէ: Նման ծանրաբեռնվածությունը դեմոտիվացնող է: Անորակ և դանդաղ իրականացվող արդարադատությունն էլ դատարանի նկատմամբ անվստահության հիմնական պատճառներից է: Այդպիսի արդարադատությունն է առաջացնում համատարած դժգոհություն թե՛ դատարաններից, և թե՛ քաղաքական իշխանություններից, ծնում է Եվրոպական դատարանի վճիռներ ընդդեմ մեր երկրի, ստեղծում տպավորություն, թե դատարանն ընդհանրապես չի իրականացնում իրավունքների երաշխավորման իր առաքելությունը կամ գործում է ի շահ բանկերի, խոշոր ձեռնարկությունների, քաղաքական ուժերի:

Արդարության համար հարկ է նշել, որ խնդիրը շատ լավ գիտակցում էր նաև նախորդ ԱԺ-ն, որը ձայների 3/5-ով ընդունված Դատական օրենսգրքում նախատեսեց ԲԴԽ-ի մի շարք լիազորություններ՝ ուղղված դատավորների «խելամիտ» ծանրաբեռնվածության չափորոշիչները սահմանելուն, դատավորների ծանրաբեռնվածությունը կառավարելուն, գործերի քննության ուղենիշային ժամկետներ սահմանելուն, դատավորների քանակն ավելացնելուն, դատական գործերն ըստ բարդության բաշխելուն և այլն:

Բնականաբար, Բարձրագույն դատական խորհուրդը, նշված լիազորություններն արդյունավետ իրականացնելու նպատակով, ստեղծման առաջին իսկ օրվանից ձեռնամուխ է եղել դատական ծանրաբեռնվածության վրա ազդող գործոնների բազմակողմանի վերլուծությանը: Կատարվել է հսկայածավալ աշխատանք, որի արդյունքներն ամփոփվել են նախ՝ ՀՀ-ում արդարադատության արդյունավետության բարելավման հայեցակարգում, իսկ ապա նաև՝ Խորհրդի 2018 թ. Տարեկան հաղորդման շրջանակներում: Բազմահազար դատական գործերի ուսումնասիրության միջոցով լրջագույն աշխատանքներ են տարվել դատավորների և նրանց կցված օգնականների օպտիմալ թվաքանակը հաշվարկելու, դատավորի խելամիտ ծանրաբեռնվածության չափորոշիչները սահմանելու, ծանրաբեռնվածության աճին և գործերի դանդաղ լուծմանը նպաստող գործոնները վեր հանելու և դրանք օրենսդրական և կազմակերպչական բնույթի միջոցառումների իրականացման միջոցով հաղթահարելու համար: Հուսով եմ՝ Խորհրդի ներկայիս կազմն այդ աշխատանքները բարեհաջող կհասցնի ավարտին: Դրա համար Խորհրդին ժամանակ է պետք, և անհրաժեշտ է նրան չծանրաբեռնել կեղծ օրակարգերով:

Անելիքները շատ են՝ դատավարական ընթացակարգերի պարզեցում, դատավարություններում նորագույն տեխնոլոգիաների կիրառում, դրա համար անհրաժեշտ տեխնիկական հզորությունների ստեղծում, բողոքարկման ընթացակարգերի կատարելագործում, պետական մարմինների կողմից անխտիր բոլոր ակտերը բողոքարկելու պրակտիկայի վերացում, վեճերի լուծման այլընտրանքային եղանակների ներդրում, կատարելագործում և խթանում, ոչ արդարադատական գործառույթների փոխանցում այլ մարմինների, և այլն: Մի խոսքով, անհրաժեշտ է կատարել տքնաջան աշխատանք՝ ցուցաբերելով համակարգային մոտեցում: Այլ ճանապարհով քննարկվող հարցում բեկում մտցնել հնարավոր չէ: Ընդ որում, այդ աշխատանքը ևս պետք է տարվի ոչ միայն Բարձրագույն դատական խորհրդում, այլ նաև ԱԺ-ում և Կառավարությունում: Կուտակված պրոբլեմների թնջուկը կարող է լուծվել բացառապես փոխգործակցության կառուցողական մթնոլորտում:

Ուշագրավ է, որ նման արդյունավետ գործակցության օրինակ Բարձրագույն դատական խորհուրդն արդեն ունի: Մասնավորապես, բոլորովին վերջերս Ազգային ժողովը, առանց անհարկի խոչընդոտներ ստեղծելու, ընդունեց Խորհրդի և Արդարադատության նախարարության կողմից համատեղ մշակված օրենքի նախագիծ, որը տեսանելի ապագայում էապես թեթևացնելու է քաղաքացիական գործեր քննող դատավորների փաստացի ծանրաբեռնվածությունը՝ նրանց ազատելով պարզեցված վարույթի կարգով քննվող գործերի զգալի մասով վճիռներն «ավանդական եղանակով» պատճառաբանելու պարտականությունից: Հուսով եմ, չնայած նախարարությունում և Խորհրդում տեղի ունեցած կադրային փոփոխություններին, նման համագործակցությունը շարունակական կլինի:

– Ի՞նչ օրենսդրական փոփոխություններ կարող են նախաձեռնվել կալանքը՝ որպես խափանման միջոց կիրառելու դեպքերը նվազեցնելու համար։

– Այդ հարցը ևս գտնվել է Խորհրդի ուշադրության կենտրոնում: Ես քրեական դատավարության մասնագետ չեմ, սակայն ակնհայտ է, որ հարցի պատասխանն առկա է առաջադեմ երկրների դատավարական օրենսգրքերում և Եվրոպական դատարանի նախադեպային ակտերում: Անհրաժեշտ է զարգացնել խափանման այլընտրանքային միջոցների ինստիտուտը, օրենքով հստակեցնել խափանման միջոցի ընտրության հարցում դա­տա­կան հա­յե­ցո­ղութ­յան սահ­ման­նե­րը՝ դարձ­նե­լով դրանք հնա­րա­վո­րինս կան­խա­տե­սե­լի և ­բա­ցա­ռե­լով դրանց ոչ ի­րա­վա­չափ ըն­կա­լումն ու հնա­րավոր չա­րա­շա­հում­նե­րը, որոշակիացնել և ­մի­ջազ­գա­յին ի­րա­վա­կան չափանիշե­րին լիովին հա­մա­պա­տաս­խա­նեց­նե­լ կա­լան­քը որ­պես խա­փան­ման մի­ջոց կի­րա­ռե­լու հիմ­քե­րը և սահմանել վերջիններիս ապացուցման անհրաժեշտ սահմանը:

Ի դեպ, հարցի լուծումը վաղուց առաջարկվում է Քրեական դատավարության օրենսգրքի նախագծում, որի ընդունումը, ըստ իս, օրակարգի հարց պետք է լինի:

Օրենքի դրույթները երբեմն տառացի են մեկնաբանվում։ Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկել, որ դրա տառացի մեկնաբանությունը չգերակայի մարդու իրավունքների վրա, քանի որ դատավորն ամեն դեպքում իր հայեցողությամբ կարող է շատ դեպքերում մեկնաբանել օրենքի՝ հատկապես վիճելի դրույթները։ Կոռուպցիոն ռիսկեր այստեղ տեսնո՞ւմ եք։

– Կոռուպցիոն ռիսկեր կարող են լինել ցանկացած իրավակարգավորման պայմաններում:

Շատ երկրների փորձը ցույց է տալիս, որ լավագույն ինստիտուցիոնալ և ընթացակարգային կանոնները չեն կարող գործել առանց այն անձանց բարի կամքի, ովքեր պատասխանատու են դրանց կիրառման և կատարման համար: Կոռուպցիան կենսակերպ  է, իրավական մշակույթի արատների հետևանք, որը պետք է հաղթահարել: Իմ խորին համոզմամբ՝ պետք է պայքարել այն ծնող սոցիալական, քաղաքական և տնտեսական պատճառների հետ:

Ինչ վերաբերում է օրենքի մեկնաբանմանը, ապա այն ունի բազմաթիվ կանոններ, որոնցից մեկը տառացի մեկնաբանումն է: Չի կարելի ասել, որ այն սխալ կանոն է, սակայն հարկ է նկատի ունենալ, որ այն միակը չէ և կիրառելի չէ որոշ դեպքերում, օրինակ՝ եթե հանգեցնում է աբսուրդի կամ հակասում է սահմանադրական իրավունքների անմիջական գործողության կամ իրավունքի գերակայության գաղափարներին:

Վստահաբար կարելի է պնդել, որ օրենքի պատշաճ մեկնաբանումն իրավական, սահմանադրական մշակույթի հարց է: Մեկնաբանման կանոնները հնարավոր չէ սպառիչ կարգավորել օրենքով: Օրենքը մեկնաբանելու հմտություններն իրավաբանները ձեռք են բերում ուսումնառության, իսկ ապա նաև՝ մասնագիտական գործունեության ընթացքում:

– Եթե դատական սխալները դիտավորության արդյունք չեն, ու հետևաբար՝ այդ մասով չկա հանցակազմ, այլ երբեմն օրենսդրական կարգավորումներով կամ չիմացությամբ են պայմանավորված, ի՞նչ պետք է անել դրանցից հնարավորինս խուսափելու համար։ Ինչպե՞ս եք վերաբերվում դատական սխալների համար դատավորին պատասխանատվության ենթարկելու հարցին:

– Իրավագիտության մեջ աքսիոմա է այն, որ դատավորը չի կարող պատասխանատվություն կրել օրենքի մեկնաբանման, փաստերի և ապացույցների գնահատման համար: «Դատավորները պետք է ունենան անխոչընդոտ անկախություն անաչառ կերպով կայացնելու որոշումներ՝ հիմնվելով իրենց խղճի վրա և օրենքի ու փաստերի իրենց մեկնաբանմամբ` իրավունքի գերակայության սկզբունքին համապատասխան»,- նշվում է Վենետիկի հանձնաժողովի 2010 թ. մարտի 16-ի՝ դատական համակարգի անկախության վերաբերյալ զեկույցում, որն ամփոփում է դատավորի անկախության եվրոպական չափորոշիչները:

Ինչ վերաբերում է դատական հնարավոր սխալներին, դրանց ուղղումը պետք է երաշխավորված լինի օրենքով նախատեսված բողոքարկման և վերանայման գործուն և արդյունավետ ընթացակարգերով: Վերջիններիս ստեղծումը պետության պոզիտիվ պարտականությունն է. եթե այդպիսի ընթացակարգ չկա, դա պետության, օրվա քաղաքական իշխանության թերացումն ու խնդիրն է:

Դատավորին չի կարելի պատասխանատվության ենթարկել իրավունքի իր ընկալմամբ կատարված մեկնաբանության համար: Նրան չի կարելի «պատժել» նաև Եվրոպական դատարանի արձանագրած այնպիսի սխալների համար, որոնք չեն նկատել կամ տարբեր գործոնների ազդեցությամբ ի զորու չեն եղել ուղղել վերաքննիչ և վճռաբեկ դատարանները: Դատավորը չի կարող մեղավոր ճանաչվել այն բանի համար, որ ստիպված է եղել անկախության իրական երաշխիքների բացակայության պայմաններում իր կարիերայի որոշ հատվածն աշխատել գործադիր իշխանության անմիջական ազդեցության ներքո, երկրում անհրաժեշտ իրավական մշակույթի և իրավունքի գերակայության սկզբունքի բացակայության, իրավունքի հարցերում պոզիտիվիստական մոտեցումների արմատավորված լինելու պայմաններում ի կատար ածել հաճախ ոչ իրավական օրենքները: Եվրոպական դատարանի վճիռները պետք է դիտարկվեն՝ որպես ներպետական իրավունքի զարգացման շարժիչ ուժ, թույլ տրված խախտման հետևանքները վերացնելու, այլ ոչ՝ դատավորներին դատական ակտը կայացնելուց հետո տարիներ անց պատասխանատվության կանչելու հիմք:

Իհարկե, նշվածը չի վերաբերում այն դեպքերին, երբ դատական սխալները կատարվում են դիտավորյալ, իսկ դատավորի վարքագիծը պարունակում է հանցակազմ: Նման դեպքերում քրեական օրենսդրությամբ սահմանված շրջանակներում պատժի անխուսափելիության սկզբունքը, անկասկած, պետք է գործի: Սակայն հարկ է նկատի ունենալ, որ այդպիսի դիտավորությունը պետք է ապացուցվի և հաստատվի սահմանված քրեադատավարական ընթացակարգով՝ արդար դատաքննության իրավունքի պահպանմամբ: Մինչ այդ դատավորի ենթադրյալ հանցանքի մասին ցանկալի է չբարձրաձայնել, անտեղի աղմուկ-աղաղակ չբարձրացնել: Կրկնում եմ, դատական իշխանության հեղինակությանը վնասող կամ նման սպառնալիք ստեղծող ցանկացած գործողություն անթույլատրելի է, այն հանրության մոտ կասկած է սերմանում երկրում արդարության գոյության հարցում և մարդկանց համար մշուշոտ է դարձնում վաղվա օրը: Հետևաբար՝ այստեղ պետք է շատ զգույշ ու նրբանկատ լինել:

Կտրականապես դեմ եմ երկրի բարձրագույն դատական ատյանի՝ օրենքի միատեսակ կիրառություն ապահովող Վճռաբեկ դատարանի պալատների կազմերի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու գաղափարին. դատական իշխանությունը հեղինակազրկելու, օրենքի միատեսակ կիրառության ապահովման համար պատասխանատու միակ սահմանադրական մարմնի անկախությունը սահմանափակելու և նրա սահմանադրական առաքելությունը խափանելու ավելի կարճ ճանապարհ գոյություն չունի: Վճռաբեկ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած և բողոքարկման ոչ ենթակա դատական ակտը չի կարող սխալ լինել: Եթե իշխանության մյուս ճյուղերն ակնկալում են որակապես այլ բովանդակությամբ դատական ակտեր և իրավական խնդիրների այլ լուծումներ, իրավական քաղաքականությունը մշակող և կենսագործող մարմիններին ոչինչ չի խանգարում գործող օրենսդրության մեջ կատարելու անհրաժեշտ խելամիտ փոփոխություններ: Միևնույն ժամանակ, ներքին անվտանգության վրա հսկայական ռեսուրսներ ծախսող պետության համար դժվար չէ նաև վեր հանել «ակնհայտորեն ոչ իրավաչափ» դատական ակտ կայացնելու «իրական պատճառները»՝ մեղավորներին անխուսափելիորեն ենթարկելով քրեական պատասխանատվության:

Դատական սխալների կանխարգելմանն էլ պետք է ուղղված լինի դատավորների և դատական ծառայողների վերապատրաստման ինստիտուտը, որը, ի դեպ, ևս ենթակա է արմատական վերանայման՝ շեշտակի բարձրացնելով դրա արդյունավետությունը:

– Ի՞նչ է պետք է անել, որ դատական համակարգը գրավիչ լինի, ու կատարվի անցնցում սերնդափոխություն։

– Որպես փորձառու դասախոս՝ կարող եմ վստահաբար ասել, որ իրավաբանների նոր դաստիարակվող սերունդն իր մասնագիտական կողմնորոշումներն ընտրելիս մտովի միշտ փնտրում է իդեալներ, որոնց ձգտում է նմանվել, որոնց օրինակով փորձում է կառուցել իր կարիերան: Այսօրվա իրողությունների պայմաններում (դատավորներին ուղղված համատարած անհասցե մեղադրանքներ, տարբեր մակարդակի գործիչների կողմից համատարած դատավորների հասցեին հնչող վիրավորական արտահայտություններ, քաղաքական հետապնդման կամ ճնշման ենթադրության տեղիք տվող գործողություններ) դատավորի կերպարը գրավիչ լինել չի կարող, այն չի կարող հավակնել օրինակելի լինելուն: Համապատասխանաբար՝ դատավոր դառնալու ձգտումն էլ նոր սերնդի մոտ վերջին ժամանակներում մարել է:

Նորաթուխ իրավաբանները դատական իշխանության համակարգում աշխատանքի անցնելու փոխարեն՝ ընտրում են շատ ավելի բարձր վարձատրվող և, միաժամանակ, այսպես ասած, «շառից հեռու» մասնավոր ոլորտը: Անկասկած, նրանք այդ ոլորտում կաճեն, իսկ դատավոր դառնալու համար անհրաժեշտ տարիքին հասնելուց հետո, բնականաբար, չեն ցանկանա նվիրվել այլևս իրենց համար «խորթ» աշխատանքի: Դատական համակարգը գրավիչ դարձնելու, դեպի դատական համակարգ իրավաբանների նոր սերնդի հոսքն ապահովելու համար, նախևառաջ, պետք է հրաժարվենք տեղի-անտեղի դատավորների վրա անհասցե «ցեխ շպրտելու» գործելաոճից:

Այն, որ դատական համակարգում պետք է սերնդափոխություն կատարվի, որ դատական համակարգը պետք է հետևողականորեն ձերբազատվի անորակ, կոռումպացված, մոտիվացիան կորցրած, իրավունքի գերակայությունը և դատավորի վարքագծի կանոնները ոտնատակ տվող որոշ դատավորներից, այսօր որևէ կասկած չի հարուցում: Անկասկած, դա նաև հանրային պահանջ է: Սակայն կարևորն այս գործընթացում պատշաճ իրավական մեխանիզմների և միջազգայնորեն ճանաչված սկզբունքների պահպանումն է: Միշտ ասել եմ, ժողովրդավարությունը լավ բան է, սակայն այն պետք է իրավական լինի: Հանրային պահանջին իշխանությունները պարտավոր են ականջալուր լինել, ակտիվ գործողություններ կատարել իրենց լեգիտիմության աղբյուրի պահանջները բավարարելու համար, սակայն դա կարող է արվել բացառապես եվրոպական արժեքները դավանող պետությանը հարիր իրավական միջոցներով:

Բարձրագույն դատական խորհրդում աշխատանքի շուրջ մեկամյա փորձս հուշում է, որ արմատապես վերանայման է ենթակա դատավորների թեկնածուների ընտրության ընթացակարգը:

Այսօր գործող կարգը ևս դեմոտիվացնող է: Հարկ է հանրության համար թափանցիկ դարձնել ԲԴԽ-ի կողմից այս կապակցությամբ որոշումների կայացման ընթացակարգը՝ ներդնելով որակավորման ստուգման ու զտման խիստ կանխատեսելի և օբյեկտիվ չափանիշերի վրա խարսխված մեխանիզմներ, Խորհրդում բաց քվեարկության կառուցակարգ, ինչը կապահովի Խորհրդի անդամի անհատական հաշվետվողականությունն իր ձայնի տնօրինման կապակցությամբ և կբացառի առերևույթ որևէ բացատրություն չունեցող որոշումների կայացումը, արժանավոր թեկնածուների ձախողումը (ցավոք, մի քանի նման դեպք մենք արդեն ունեցել ենք): Մրցույթները ճիշտ կլինի կազմակերպել ըստ կոնկրետ դատարանում ազատ հաստիքների, քանի որ հաճախ լավագույն թեկնածուները հրաժարվում են մշտական հիմունքներով աշխատանքի անցնել իրենց կենսական շահերի կենտրոն հանդիսացող բնակավայրերից տարբերվող այլ վայրերում (մարզերում):

Շատերը հրաժարվում են դատավորների ցուցակ մտնելու մտադրությունից, քանի որ կանխատեսելի չէ, թե այդքան ընթացակարգերով (քննություն, հարցազրույց, ուսում, սպասում-վերապատրաստում, նշանակում) անցնելուց հետո իրենց կառաջարկվի դատավորի պաշտոն Սյունիքում, Ղարաբաղում թե Մարալիկում: Բնականաբար, նշանակման ընթացակարգի անկատարությունը նպաստում է դատական իշխանությունում աշխատանքի անցնելու գրավչության նվազմանը: Դրան են նպաստում նաև դատավորի անմարդկային ծանրաբեռնվածությունը, կատարված աշխատանքին ոչ համարժեք վարձատրությունը, անկախության սոցիալական, ինստիտուցիոնալ և գործառութային մի շարք միջազգայնորեն ճանաչված երաշխիքների բացակայությունը կամ անկատարությունը:

Իմ խորին համոզմամբ՝ խնդիրը բարդագույններից է, այն հնարավոր չէ լուծել զուտ աշխատավարձի կրկնապատկմամբ կամ քառապատկմամբ: Հարկավոր է համալիր մոտեցում:

– Ծանո՞թ եք Վահե Գրիգորյանի հայտնի նամակին։ Կա՞ արդյոք ՍԴ-ում ճգնաժամ, և առհասարակ ինչպե՞ս եք տեսնում ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը։

– Ստեղծված իրավիճակը Սահմանադրական դատարանի ճգնաժամ չէի որակի: Այդուհանդերձ, ՍԴ-ի հետ քաղաքական իշխանության բացահայտ առճակատումը, ՍԴ-ի ներսում տեղի ունեցող խմորումները խիստ խնդրահարույց են: Իմ խորին համոզմամբ՝ մենք ունենք ոչ թե դատարանի, այլ սահմանադրականության ճգնաժամ, սահմանադրական բարոյականության ցածր մակարդակ և սահմանադրական զարգացումների ակնհայտ ձևախեղումներ։ Ստեղծվել է բարդագույն իրավիճակ, որի լուծման բանաձևը պետք է առաջարկեն Սահմանադրական դատարանը, սահմանադրագետները և մասնագիտացված միջազգային կառույցները: Խնդրի լուծման համար իրավական լծակներ, իմ խորին համոզմամբ, որևէ սահմանադրական մարմին չունի:

ԳՈՀԱՐ ՍԱՎԶՅԱՆ

 

Տեսանյութեր

Լրահոս