Բաժիններ՝

«Նման իրավիճակում մենք պարտավոր ենք հրաժարվել մի քանի ճոխ պայմաններից». Գևորգ Պողոսյան

ՀԴՄ սարքավորումների սակավությունը, կամ, ավելի ճիշտ, բացակայությունը, անելանելի դրության մեջ է դրել բիզնեսին. ինչպե՞ս սկսել գործունեություն, եթե ՀԴՄ սարք վաճառքում չկա, իսկ առանց դրա արգելվում է որևէ գործարք իրականացնել, այլապես ՊԵԿ-ը կտուգանի։

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն իր հերթին՝ դժգոհ է բիզնեսից՝ պահանջեցին ՀԴՄ սարքերի ներկրումն ազատականացնել, սակայն գործարարների անգործության հետևանքով այսօր դժվարին իրավիճակ է ստեղծվել։

«Ունենք բիզնես, որը չի կարողանում ձեռք բերել ՀԴՄ սարք, այսինքն՝ անընդհատ խոսում ենք ներդրումներն ավելացնելու, տնտեսական հեղափոխություն անելու, բիզնես անելը հեշտացնելու մասին, բայց նվազագույն պահանջը, առանց որի բիզնեսն աշխատել չի կարող՝ առանց ՀԴՄ սարքերի։ Դա փաստ է, որ չենք կարողանում տրամադրել ՀԴՄ սարքեր։ Սա կարևորագույն խնդիր է, որ ոչ մեկը կասկածի տակ չի կարող դնել»,- 168.am-ի հետ զրույցում արձանագրեց Գործարարության աջակցման գրասենյակի ղեկավար Գևորգ Պողոսյանը։

Ըստ նրա՝ կառավարության քայլը միայն դաշտն ազատականացնելը չպետք է լիներ, քանի որ դա շատ քիչ է, այլ կառավարությունը, ՊԵԿ-ը և մյուս կառույցները, որ պատասխանատու ու ներգրավված են այս հարցում, պետք է աջակցեին, որ շուկայում հայտնվեին նոր ներդրողներ, ու ծրագրային ապահովում լիներ։

Նա նշեց, որ ծրագրային ապահովման գաղափարն իրենք արդեն 1 տարի փորձում են ներկայացնել, որ հնարավոր է խնդրին լուծում տալ՝ առանց տեխնիկական սարքի, այսինքն՝ լինի ծրագիր, որ ցանկացած էլեկտրական սարքավորման հետ՝ հեռախոս, համակարգիչ, հնարավորություն կտա ՀԴՄ-ի ֆունկցիան ապահովել։

Ըստ նրա՝ դեռևս շատ քննարկումներ պետք է լինեն՝ հասկանալու համար, որ ծրագրային ապահովումը նույն կերպ անվտանգ ու կայուն է, բայց դրական է, որ քննարկումները սկսված են։

Գ.Պողոսյանի կարծիքով՝ խնդրի կարգավորման համար մեկ այլ լուծումն այն է, որ վերագնահատվեն ՀԴՄ սարքերի տեխնիկական պահանջները. «Արդյո՞ք մեզ պարտադիր պետք են POS տերմինալի ֆունկցիայով ՀԴՄ սարքեր։ Դա թանկացնում է սարքը և շատ դեպքում դարձնում է անհնար, շատ ՀԴՄ-ներ կան, որ GPS-ի հնարավորություն ունեն, բայց կառավարությունը չի համաձայնում։ Պետությունն ուզում է POS տերմինալը, որովհետև դա անկանխիկ գործարքների թափացիկություն է, հարկերի հավաքագրում, և այլն, բայց եթե ունենք նման իրավիճակ, մի քանի ճոխ պայմաններից հրաժարվել մենք պարտավոր ենք, ինչը հնարավորություն կտար այդ առավել մատչելի ՀԴՄ սարքերը կիրառել»։

Հարցին, թե ինչո՞ւ է բիզնեսն անգործություն դրսևորել, և այսօր շուկայում չկան ՀԴՄ սարքեր, Գ.Պողոսյանը դժվարացավ պատասխանել՝ նշելով, որ դա վստահության հարց կարող է լինել, քանի որ սարքեր ձեռք բերելու և ներկրելու համար մեծ ծախսեր են պահանջվում։ Իսկ այն դեպքում, երբ կան այդքան խիստ պայմաններ ու մոնիտորինգ, թե սարքն ինչ կանի, ինչ չի անի, գուցե գործարարները ներկրեին, բայց տվյալ ՀԴՄ-ները մի նեղ տեխնիկական պահանջ չբավարարեին և կանգնեին փաստի առաջ։ Այսինքն՝ շատ մեծ է կարևորությունը, և կառավարությունն առաջինն ինքը պետք է հետաքրքրված լիներ, որ աջակցեր բիզնեսին, վերանայեր իր պահանջները»։

Նրա խոսքով՝ շատ բիզնեսներ կան, որ փորձել են սարքեր ներկրել, անգամ տեխնիկական կոդեր են ստացել, որը թույլ է տալիս հասկանալ՝ կարո՞ղ են բերել, թե՞ ոչ, այդ կազմակերպություններից մեկը սեպտեմբերին արդեն ներկրելու է։ Սակայն, Գ.Պողոսյանի կարծիքով, սա եղել է շատ բարդ ու երկար գործընթացի արդյունքում, գործող ու հին ծրագիրը չի տրամադրվել բոլորին, այսինքն՝ նոր ծրագիր է գրվել, և այլն. «Այդպես չի, որ բիզնեսը չի հետաքրքրվել ու չի փորձել։ Տարիներ շարունակ այդ ամբողջ շուկան թաքուն է պահվել, և սպասել, որ բիզնեսը 5-6 ամսում կգա ու սիրով այդ ամենը կբերի ու կանի, երբ լավ չի պատկերացնում ամեն ինչ, չի կարող լինել»։

Գրասենյակի ղեկավարի համոզմամբ՝ ինչպես կառավարությունը մինչ այս է սուբսիդավորել, և ՀԴՄ սարքերը տնտեսվարողներին հասանելի են եղել 60 հազար դրամով, այնպես էլ հիմա, երբ այդ սարքերը մասնավորը ներկրի, նույնպես պետք է սուբսիդավորի. «Եթե դիտարկում ենք, որ իր արդյունավետ արժեքը 60 հազարն է, ոչ թե ավելին, ուրեմն պետք է դա դիտարկենք թե՛ պետական ներկրումների դեպքում, թե՛ մասնավոր։ ՀԴՄ-ների գինը կարող է իջնել 40-50 հազար դրամ, եթե հրաժարվենք մի քանի ֆունկցիայից, այսինքն՝ եթե ավելորդ պահանջներով չբարդացնենք»։

Ըստ նրա՝ օրինակ, այսօրվա իրականության մեջ առևտուրը, որտեղ ամենաշատը կիրառվում է ՀԴՄ, մարզերում ու բակային կրպակների միջոցով է իրականացվում, որտեղ POS ֆունկցիայի կարիքը չկա, մինչդեռ ՊԵԿ-ն այս պահին չի հրաժարվում այդ պահանջից, և դա սկզբունքային է իր համար։

Թե ինչպե՞ս կարող է հանգուցալուծվել իրավիճակը, Գ.Պողոսյանը նշեց, որ այս պահին պարզ չէ, դեռ քննարկումներ են լինելու։

«Մենք շատ քաջալերում ենք ավելի շատ լուծումը տալ ծրագրային ապահովման միջոցով, որն ավելի ճկուն է, ավելի էժան ու բազմաֆունկցիոնալ»,- ասաց նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս