«Նման անիրատեսական նախաձեռնությունը դեռ պետք է հավանություն ստանա իշխանության կողմից»
«Անիրատեսական նախաձեռնություն է, բայց քննարկումներ կարող են լինել այդ մասին»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը՝ անդրադառնալով ԱՄՆ Կոնգրեսում պատրաստվող օրենսդրական նախաձեռնությանը, համաձայն որի՝ ՀՀ-ն ու ԱՄՆ-ը ռազմավարական դաշնակիցներ կարող են լինել։
Հիշեցնենք, որ օրերս «Ամերիկայի ձայնի» հետ հարցազրույցում ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանի հետ բարեկամության խմբի համանախագահ, կոնգրեսական Ֆրանք Փալլոնը հայտարարել էր, որ Հայաստանում թավշյա հեղափոխությունը հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման նոր հնարավորություններ է բացել, արդեն՝ ռազմավարական մակարդակով:
Կոնգրեսականը հեղինակել է հայ-ամերիկյան ռազմավարական համագործակցության մասին օրենսդրական նախաձեռնություն, որը Ներկայացուցիչների պալատի կողմից հավանություն ստանալու դեպքում խրախուսելու է Միացյալ Նահանգների Պետքարտուղարությանը՝ Հայաստանին որպես ռազմավարական դաշնակցի մոտենալ: «Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանն ավելի ժողովրդավար է, այնտեղ իշխում է օրենքի գերակայությունը, խրախուսվում է ազատ շուկայի ձևավորումը:
Ուստի, սա հնարավորություն է մեր երկու երկրների միջև համագործակցության նոր հարթակ ստեղծելու համար, ոչ միայն ժողովրդավարական սկզբունքների, այլև՝ տնտեսական առումով, առևտրի ոլորտներում»,- ասել էր Փալլոնը։
Կոնգրեսականի խոսքով՝ ժողովրդավարական արժեքներից հայերին չեն կարող հետ պահել նույնիսկ Հայաստանի տարածքում տեղակայված Ռուսաստանի զորքերը։
Լուկիանովն ասաց, որ նման անիրատեսական նախաձեռնությունը դեմոկրատ կոնգրեսականի կողմից դեռ պետք է հավանություն ստանա իշխանության՝ հանրապետական մեծամասնության կողմից, ինչը փոքր-ինչ կասկածելի հեռանկար է՝ հաշվի առնելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը, Հայաստանի աշխարհագրական դիրքը, աշխարհաքաղաքական իրողությունները տարածաշրջանում։
Ըստ նրա՝ Կոնգրեսում Հայաստանի հետ բարեկամության խմբի ներկայացուցիչը, որը, ենթադրելի է նաև, որ աշխատում է հայկական լոբբինգի հետ, կարող էր նման օրենսդրական նախաձեռնություն մշակել՝ նպաստելով որոշակի քննարկումների ակտիվացմանը, թեմաների արծարծմանը։ Սակայն, նրա խոսքով, դա այդքան էլ իրատեսական սցենար չէ, քանի որ իշխանության քաղաքականությունը Պետդեպն արդեն իրականացնում է, և այն, մեղմ ասած, բավականին կտրված է տարածաշրջանից՝ նույնիսկ արևմտյան կողմնորոշում ունեցող երկրներից։
«Այսօր եվրաատլանտյան ինտեգրացիայի ուղղությամբ շարժվող երկրները նույնիսկ խնդիր ունեն մնալ ԱՄՆ «տեսադաշտում», քանի որ Օբամայի քաղաքականությունը և Թրամփի քաղաքականությունը տարբերվում են այդ իմաստով։ Եվ հարցն այն է, որ դա չափազանց ակնհայտ է նրանց համար, ովքեր աշխատում են այս ուղղությամբ։ Բայց գուցե խնդիրը հենց քննարկումներ բարձրացնելն է ՀՀ արտաքին քաղաքականության հնարավոր փոփոխությունների մասին։
Այսօր Հայաստանը չի փոխում իր արտաքին քաղաքական կողմնորոշումը, այդ մասին հայտարարվել է ՀՀ վարչապետի կողմից, բայց քննարկումներ կարող են լինել։ Պետք է հասկանալ, թե ինչպես է ձևավորվում արտաքին քաղաքական կողմնորոշումը, ռազմավարական գործընկերությունը, ինչ շահերի վրա, ինչ երկրների միջև, ինչ տարածաշրջաններում։
Հայաստանը՝ լինելով շրջափակման մեջ երկու կողմերից, Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է, Ռուսաստանը Հայաստանի անվտանգության երաշխավորն է, ակտիվ համանախագահ երկիր ԵԱՀԿ ՄԽ-ում, իսկ ի՞նչն է հետաքրքրում ԱՄՆ-ին այս տարածաշրջանում, առավելապես Իրանը և երկրները, որոնք առնչվում են Իրանին սերտորեն։
Ինչպիսի ներգրավվածություն է ունեցել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում Միացյալ Նահանգները ավանդաբար, և ԱՄՆ-ը այս տարածաշրջանի անվտանգության համակարգում ինչ դեր ուներ և կարող է ունենալ։ Սրանք հարցեր են, որոնցից ելնում են պատասխանները։
Յուրաքանչյուր ինքնիշխան երկիր ինքն է կերտում իր արտաքին քաղաքականությունը՝ հաշվի առնելով իր ազգային շահերը, քաղաքական իրողությունները»,- ասաց վերլուծաբանը։
Նա նշեց, որ ԱՄՆ-ը այն երկրներից է, որոնց հետ հարաբերությունները Հայաստանի նման երկրները պետք է կառուցեն առավելապես իրենք, քանի որ ԱՄՆ-ը մեծ շահեր չունի Հայաստանում։ «Եվ քանի որ քաղաքականությունն իրականացնում է իշխանությունը, պետք է աշխատել իշխանության հետ՝ ձևավորելով իրատեսական օրակարգ, եթե հայկական կողմն ԱՄՆ-ի հետ ավելի խորը հարաբերությունների է ձգտում»,- ասաց նա։