ՀԱԱԽ-ը «Առողջապահական բարեփոխումներ» քննարկման արդյունքում առաջարկներ կուղարկի նախարարությանը

Հայկական առողջապահական ազգային խորհուրդը ոլորտի խնդիրների քննարկման և լուծման առաջարկների համար մեկ սեղանի շուրջ էր հավաքել ոլորտի, ինչպես նաև խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներին: ՀԱԱԽ-ը քննարկման արդյունքում կազմված արդյունքները կուղարկի Առողջապահության նախարարությանը:

Քննարկմանը մասնակցեցին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը, Հանրապետական կուսակցության անդամ Կարեն Ավագյանը, «Մեկ Հայաստան» կուսակցություն անդամ Վլադիմիր Մարտիրոսյանը և Ռեֆորմիստներ կուսակցություն անդամ Վահան Բաբայանը:

«Առողջապահության ոլորտում խնդիրները բազմազան են ու բազմաթիվ: Որևէ քաղաքական ուժ ու անձ ի վիճակի չէ դրանք մեկ օրում լուծելու: Մեր խնդիրն է կոնսոլիդացնել թե քաղաքական ուժերին, թե մասնագետներին մեկ հարթակում՝ հանուն առողջապահության ոլորտում խնդիրների լուծմանը: Կլսենք դիրքորոշումները, հետո արդյունքները բնականաբար կմշակենք և կտրամադրենք պատասխանատու մարմին՝ առողջապահության նախարարությանը»,-ասաց Հայկական առողջապահական ազգային խորհրդի նախագահ Գևորգ Գրիգորյանը:

Նա նշեց՝ հանդիպումը սկիզբ է դնելու քննարկումների շարքին, որտեղ բժշկական հանրությունը, քաղաքական ուժերը, իրավաբանները, տնտեսագետները, բոլորն իրենց ներուժը ներդնեն երկրում առողջապահական խնդիրների լուծմանը:

Խորհրդի անդամ, «Կառուցողական ստոմատոլոգիա» ՀԿ նախագահ Հովհաննես Գևորգյանը ներկայացրեց ոլորտային խնդիրները: «Խնդիրներ ենք տեսնում մարզային բուժաշխատողների համար շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտավորված համակարգի միջոցառումների հասանելիության ապահովման հարցում: Նաև խնդիրներ ենք տեսնում նեղ մասնագիտացումների կրեդիտավորված միջոցառումների հավասարաչափ բաշխման և կոնֆերանսների արժեքների հասանելիության առումով»,-ասաց նա ու նշեց՝ այդ փաթեթը ներկայացնելու են կառավարությանը:

Գևորգյանն անդրադարձավ նաև պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնությանը: Նրա կարծիքով՝ առողջության առաջնային պահպանման ծրագրի համար տրամադրվող բյուջետային միջոցները ստոմատոլոգիական ոլորտում չեն աճել, ցանկանում է, որ պետությունը վերանայի այդ չափը:

Քաղաքական ուժերի ներկայացուցիչները քննարկեցին տարբեր հարցեր, քննարկումը հիմնականում ծավալվեց հենց պետպատվերով տրամադրվող ծառայությունների, դրանց որակի վերաբերյալ, հնչեցին տարբեր կարծիքներ, եղավ տեսակետների բախում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031