Բաժիններ՝

ԵՊՀ-ի ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնն ունի գոյության իրավունք. Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի դեկան

Արդեն տևական ժամանակ է, ինչ քննարկվում է ԵՊՀ-ի` ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի փակման հարցը։

Երեկ լրագրողների հետ հանդիպմանը կենտրոնի ղեկավար Վահագն Վարագյանը նշեց, որ կենտրոնի փակման պատճառը հիմնականում իր քաղաքական հայացքներն են, քանի որ բազմիցս իր անհամաձայնությունն է հայտնել ներկայիս իշխանությունների տեսակետներին։

168.am-ի հետ զրույցում ԵՊՀ-ի ռադիոֆիզիկայի ֆակուլտետի դեկան Խաչատուր Ներկարարյանը նշեց, որ այդ կենտրոնի փակման անհրաժեշտությունը չի տեսնում։
«Սակայն պետք է հստակեցնել, թե ինչ ֆունկցիաներ պետք է կատարի այդ կենտրոնը՝ վեր հանի ուսանողության և երիտասարդության խնդիրը, որոնք այսօր շատ են։

Մասնավորապես՝ այսօր մենք լուրջ խնդիրներ ունենք ուսանողության աշխատանքների հետ կապված, մասսայաբար սկսել են աշխատանքի տեղավորմամբ զբաղվել, ինչն ազդում է ուսումնական գործընթացի վրա։ Կարծում եմ՝ հիմնական խնդիրն այն պետք է լինի, որ ուսանողությանն օգնենք ու ներկայացնենք նրանց կարծիքը։ Ամեն դեպքում, կարծում եմ, որ ուսանողության հետ տարվող աշխատանքների կենտրոնը գոյության իրավունք ունի»,-ասաց Խ. Ներկարարյանը։

Նա նաև հավելեց, որ եթե անհրաժեշտ պահը գա, ապա այս հարցի հետ կապված իր կարծիքը կարտահայտի նաև հոգաբարձուների խորհրդում։
Նրա խոսքով՝ կենտրոնը փակելու հետ կապված պետք է կոնկրետ հիմնավորումներ լինեն, դրանից զատ պետք է լինեն առաջարկներ, թե կոնկրետ այդ կենտրոնն ինչ ուղղությամբ պետք է աշխատի, որը պետք է լինի նրա խնդիրները և այլն։

Հարցին՝ կենտրոնի ղեկավարն ասում է, որ իր ղեկավարած կառույցի փակման գլխավոր պատճառն իր քաղաքական հայացքներն են, դրանից զատ, հոգաբարձուների խորհրդում հարցը դրվել էր քվեարկության և մերժվել էր, այստեղ քաղաքական հետապնդում տեսնո՞ւմ է, մեր զրուցակիցն ասաց, որ եթե ժամանակը գա և պարզվի, որ այս գործընթացները քաղաքական հետապնդում են, այն ժամանակ իր կարծիքը կարտահայտի, այսօր դրա հետ կապված` ոչինչ չի կարող ասել։

«Կարծում եմ՝ համալսարանի հետ կապված բոլոր հացրերը մաքսիմալ պետք է կոնկրետացնել։ Ամեն մեկն իր աշխատանքը պետք է լավ անի, ինձ համար նաև կարևոր է , որ իմ ուսանողները զգան այդ կենտրոնի գոյությունը և օգտվեն նրա հնարավորություներից»,-եզրափակեց Խ. Ներկարարյանը։

Զվարթ Խաչատրյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս