Ինչո՞ւ ԱՄՆ-ում Պոմպեո-Մնացականյան հանդիպում չի կայացել
«Հայ-ամերիկյան հարաբերությունների մակարդակը որոշակի առանձնահատկություններ ունի»,- այս մասին 168.am–ի հետ զրույցում ասաց գերմանացի քաղաքագետ Ուվե Հալբախը՝ անդրադառնալով հայ-ամերիկյան հարաբերությունների մակարդակին։
Հիշեցնենք, որ վերջին մեկ ամսվա ընթացքում երկրորդ անգամ, Կրոնական ազատության հարցերով նախարարական երկրորդ համաժողովին մասնակցելու նպատակով, աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հուլիսի 16-ին հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի հետ։
Հարկ է նշել, որ միջոցառմանը մասնակցում է անձամբ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, սակայն ՀՀ ԱԳ նախարարի հետ հանդիպել է պետքարտուղարի տեղակալը։
Հունիսի 19-ին ևս աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող Մնացականյանը հանդիպել էր Ռիքերի հետ։ Հունիսյան այցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել էր նաև ԱՄՆ Նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ։
Մեզ հետ զրույցում փորձագետները մինչ հունիսին ԱՄՆ-ի նախաձեռնությամբ կայանալիք Մնացականյան-Մամեդյարով հանդիպումն ուշադրություն էին հրավիրում այն հանգամանքի վրա, թե ԱՄՆ դիվանագիտական կորպուսից որ պաշտոնյան է ներկա գտնվելու հանդիպմանը կամ ընդունելու Հայաստանի և Ադրբեջանի նախարարներին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վաշինգտոնյան հանդիպմանը նախորդել էր նախարարական հանդիպում Մոսկվայում՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի նախաձեռնությամբ, և ՌԴ ԱԳ նախարարն ունեցել էր առանձին հանդիպումներ Մնացականյանի և Մամեդյարովի հետ, նույնը վերաբերում է նաև Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լը Դրիանին, ով վերջին ամիսներին մի քանի հանդիպում է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի հետ։ Փորձագետներն ուշադրություն էին հրավիրում այն հարցի վրա, թե ինչ մակարդակով է ԱՄՆ-ն ընդունելու նախարարներին, և արդյո՞ք ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ԱԳ նախարարների ակտիվ մասնակցությամբ և ընդունելությամբ Մնացականյան-Մամեդյարով հանդիպումները կպահպանվի նաև ԱՄՆ-ում, սակայն ԱՄՆ-ում, ինչպես արդեն նշեցինք, ՀՀ ԱԳ նախարարը հանդիպեց Ռիքերի և Բոլթոնի հետ։
Ուվե Հալբախն ասաց, որ այս հարցում որոշակի նրբություններ կան, որ պետք է հասկանալ, քանի որ խոսքը գերտերության և նրանից բավականին հեռու գտնվող փոքր երկրի հարաբերությունների մասին է։ Ըստ նրա, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում Միացյալ Նահանգներն ամենաբարձր մակարդակով ներգրավված չի եղել և չի լինի, քանի որ սա ԱՄՆ-ից շատ հեռու տարածաշրջան է, որտեղ ԱՄՆ-ը աշխատում է իր դիվանագետի և նրա անմիջական վերադաս պաշտոնյաների մակարդակով։ Գերմանացի քաղաքական վերլուծաբանը հիշեցրեց, որ ԱՄՆ պետքարտուղարի, մասնավորապես՝ նախկին պետքարտուղար Ջոն Քերիի մասնակցությամբ և նախաձեռնությամբ եղել են բարձրաստիճան և նախարարական հանդիպումներ ԼՂ հակամարտության գոտում լարված իրավիճակներում, որոնցից մեկը՝ 2016 թվականի ապրիլյան ռազմական գործողություններից հետո, Վիեննայում ԵԱՀԿ ՄԽ համանախագահ մյուս երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ։
«Դա այն իրավիճակն էր, որը ստիպում էր համանախագահ երկրներին նախաձեռնել լուրջ քայլեր վտանգավոր իրավիճակը բեկելու նպատակով։ Թրամփի ադմինիստրացիայի արտաքին քաղաքականությունը, շատ փոքր փոփոխությամբ, սակայն ավելի հեռացված քաղաքականություն է վարում այս տարածաշրջանում, կոնկրետ՝ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում։ Եթե հետևեք պետքարտուղարի և Պետքարտուղարության գործունեությանը, կտեսնեք, որ բոլոր անդրադարձերը և հիմնական աշխատանքը վերաբերում են ԱՄՆ արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, խնդիրներին անմիջականորեն։ Այս ամենի հետ մեկտեղ՝ ավանդաբար այս տարածաշրջանը դիտարկվում է ռուսական ազդեցության գոտի, որը ՌԴ-ն շարունակում է պահել այդպիսին։ Այսինքն՝ տարածաշրջանով զբաղվում են ԱՄՆ դիվանագետներ, որոնք գերտերության տեսանկյունից այս տարածաշրջանում համարժեք մակարդակի են և համապատասխանում են Ռուսաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների մակարդակին։ ԱՄՆ-ում պետքարտուղարի տեղակալը բավականին բարձր դիվանագետ է, բայց ավանդաբար տարածաշրջանով զբաղվել են ավելի ցածր դիվանագետներ, քան պետքարտուղարն է, և դա բնական է, քանի որ ԱՄՆ-ը գերտերություն է, խնդիրները և գլոբալ խնդիրները, մարտահրավերները շատ ավելի մեծ են ու շատ»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է Ջոն Բոլթոնի ուշադրությանը տարածաշրջանի նկատմամբ՝ Ուվե Հալբախն ասաց, որ Բոլթոնը համակարգում է Իրանի դեմ ամերիկյան քաղաքականությունը, մասամբ՝ նաև Ռուսաստանի հետ հարաբերությունները։ « Սա ենթադրում է ուշադրություն Հարավային Կովկասի տարածաշրջանի երկրների նկատմամբ, այս ուղղություններով ավելի սերտ համագործակցության համար։ Այսքանով սահմանափակվում է ամերիկյան հետաքրքրությունը։ Մնացած աշխատանքը պետք է իրականացնի Հայաստանը, եթե ցանկանում է այլ մակարդակ։ Այս առումով Հայաստանի քաղաքականությունը, ամենայն հավանականությամբ, չի փոխվել, չի փոխվել նաև ԱՄՆ-ի ընկալումը հայ-ամերիկյան հարաբերությունների։ Սա այն մակարդակն է, որը ենթադրվում է ՀՀ ներկայիս արտաքին քաղաքականության պայմաններում, երբ հայտարարվում է, որ արտաքին քաղաքական կողմնորոշման փոփոխություններ չեն լինելու»,- ասաց վերլուծաբանը։