Ցուցանիշները չէ, որ բնութագրում են տնտեսության իրական վիճակը. Աճ էլ կա, աճ էլ
Որքան էլ Նիկոլ Փաշինյանը փորձի դրական լույսի ներքո ներկայացնել Հայաստանի տնտեսության զարգացումները, միևնույն է, դրանից տնտեսական իրավիճակը չի լավանա։ Իշխանափոխությունից հետո տնտեսության խնդիրներն ու ռիսկերը ոչ միայն չեն պակասել, այլև մի բան էլ ավելացել են։
Դրանք գրեթե ամենուրեք են, կապված՝ ինչպես տնտեսության կառուցվածքի, այնպես էլ՝ ներդրումային գրավչության, ֆինանսական կարիքների, արտահանման, ներդրումների և բազմաթիվ այլ երևույթների հետ։ Իսկ այն, որ տնտեսության մեջ աճ է գրանցվում, դեռ ոչինչ չի նշանակում։ Աճ էլ կա, աճ էլ։
Հայաստանի տնտեսության մրցակցային միջավայրի բարելավման, մենաշնորհների վերացման վերաբերյալ ժամանակին արված հայտարարություններն ըստ էության հայտարարություն էլ մնում են։ Դրանից տնտեսության մեջ ու ապրանքային շուկաներում էական տեղաշարժեր առայժմ չեն նկատվում։
Առաջվա նման տնտեսական միջավայրում պահպանվում է բարձր կենտրոնացվածությունը, նոր խաղացողներ, որպես այդպիսիք, չկան կամ շատ քիչ են, տնտեսական գործընթացները դանդաղ են տեղից շարժվում, ներդրումային ծրագրերը սակավ են, չկան առարկայական բարեփոխումներ. եթե նույնիսկ կան էլ, ապա արդյունքներն առայժմ տեսանելի չեն, չնայած իշխանափոխությունից և քաղաքական վերջին վերադասավորումներից հետո քիչ ժամանակ չի անցել։
Ավելի քանի մեկ տարի պահանջվեց հարկային փոփոխությունների փաթեթն ամբողջացնելու համար։ Ու չնայած դրա հետ ժամանակին շատ մեծ հույսեր էին կապում, հիմա այդ հույսն էլ կարծես չկա։ Կառավարությունն էլ չի շտապում այդ փոփոխությունները կյանքի կոչել։ Ինչպես հայտնի է, օրենսգրքի հիմնական դրույթները գործողության մեջ կմտնեն հաջորդ տարվանից։ Այդպես է որոշվել, որովհետև կան մտավախություններ՝ պետական բյուջեի եկամուտների հետ կապված։ Չնայած բազմաթիվ քննադատություններին, այնուհանդերձ կառավարությունը նախընտրեց բյուջեի հաշվին լավություն անել հասարակության համեմատաբար հարուստ խմբերին, ինչի հետևանքով պետական գանձարանը ստիպված կլինի կորցնել մի քանի տասնյակ միլիարդ դրամ։ Ու դեռ հարց է, թե դա որքանով կարդարացնի այն տնտեսական սպասելիքները, որոնք փայփայում է քաղաքական իշխանությունը։
Մի բան պարզ է, որ այդքան թմբկահարվող հարկային բարեփոխումներն ամեևին էլ այնպիսին չէին, ինչպիսին ակնկալում էր հասարակությունը։ Այն չի ապահովում վարչապետի խոստացած թռիչքային աճը։
Եվ, ընդհանրապես, կառավարությունը կարծես վաղուց մոռացել է տնտեսության թռիչքային զարգացումների մասին։ Գոնե մինչև այժմ տնտեսության մեջ նման հեռանկարներ չկան։ Նախորդ տարվա ցածր բազայի հաշվին որոշակի աճ ապահովելը դեռ չի նշանակում, թե տնտեսությունը գտնվում է շատ լավ ազդակի մեջ, ինչպես ասում է վարչապետը։
Այս տեմպով շարժվելու դեպքում պետք է ընդմիշտ մոռանալ թռիչքային զարգացումների մասին։ Առավել ևս, աճի այն կառուցվածքի պայմաններում, որը կա Հայաստանի տնտեսության մեջ։
Թեև ժամանակին քաղաքական իշխանությունը խոստանում էր շրջադարձային փոփոխություններ կատարել տնտեսության մեջ, այդ փոփոխությունները գրեթե տեսանելի չեն։ Տնտեսության կառուցվածքը նույնքան մտահոգիչ է, որքան նախկինում էր։
Այն, ինչ տնտեսության վերամշակող հատվածում վարչապետը ներկայացնում է՝ որպես լուրջ ձեռքբերում և առաջընթաց, սովորական պրոցես է, որը սկսվել է ոչ թե իշխանափոխությունից հետո, այլ սկսվել է իշխանափոխությունից առաջ։ Տնտեսության կառուցվածքի բարելավման ուղղությամբ էական փոփոխություններ վերջին մեկ տարում տեղի չեն ունեցել։ Տնտեսական աճին նպաստող հիմնական հատվածները շարունակում են մնալ ծառայությունների և առևտրի ոլորտները։
Փոխարենը` իրական հատվածում զարգացումները շատ դանդաղ են։ Մի պահ որոշակի հույսեր առաջացան՝ շինարարության հետ կապված։ Վարչապետը նույնիսկ շտապեց հայտարարել հերթական բեկումնային զարգացումների մասին։
Բայց ի՞նչ տեղի ունեցավ դրանից հետո. վերջին մի քանի ամիսներին շինարարության մեջ ակտիվություն գրեթե չկա կամ շատ ցածր է։ Այն տատանվում է ընդամենը 0,5-2 տոկոսի սահմաններում։ Պատահական չէ, որ վարչապետն այլևս չի խոսում շինարարության մասին։ Խոսելու բան չկա։
Ի դեպ, շինարարության մեջ այս դրսևորումները տեղի են ունենում այն պայմաններում, երբ անցած տարվա նույն ժամանակահատվածում` կապված քաղաքական բուռն պրոցեսների հետ, ոլորտում պասիվ շրջան էր։
Պասիվացում է նկատվում նաև անշարժ գույքի շուկայում։ Նիկոլ Փաշինյանի այն լավատեսական սպասումները, որոնք կային իշխանափոխությունից անմիջապես հետո, մնացել են անցյալում։ Ու բոլորովին էլ զարմանալի չէ, որ շինարարության ակտիվությունը, որը սկսվել էր դեռևս 2017թ. վերջից, էապես նստել է։ Անշարժ գույքի շուկան ու շինարարության ոլորտն ուղղակիորեն կապված են։ Մեկի զարգացումը թելադրված է մյուսով։
Այն, ինչ ուզում է անել տնտեսության այս հատվածում կառավարությունը` Կենտրոնական բանկի օժանդակությամբ, ոչ միայն չի կարող երկարաժամկետ արդյունք ապահովել, այլև լուրջ ռիսկեր է պարունակում։ Խոսքը հիպոթեքի միջոցով շինարարությանը և անշարժ գույքի շուկային ակտիվություն հաղորդելու մասին է։ Դա կարող է ընդամենը ժամանակավոր ազդեցություն ունենալ։ Մինչդեռ, երկարաժամկետ հատվածում զարգացումներ ապահովելու նպատակով անհրաժեշտ է պայմաններ ստեղծել մարդկանց վճարունակությունը բարձրացնելու համար։ Քանի դեռ հասարակությունը բավարար գնողունակություն չունի, արհեստական միջամտությունները կարող են շատ վատ հետևանքներ ունենալ, այդ թվում` բանկային համակարգի համար։
Իշխանափոխությունից հետո Հայաստանում գնողունակության առումով շատ բան չի փոխվել։ Հասարակության եկամուտները շարունակում են մնալ նույնքան ցածր, որքան մինչ այդ։ Ավելին, նկատվում է գնաճային միջավայրի ընդլայնում, ինչը բացասաբար է ազդում մարդկանց սոցիալական վիճակի վրա։
Հասարակության եկամուտների աճի հիմնական աղբյուրը տնտեսության իրական հատվածն է։ Բայց այստեղ ամեն ինչ չէ, որ այդքան լավ է։ Իսկ այն, որ ծառայությունների և, հատկապես՝ շահումով խաղերի ու զվարճանքի հաշվին տնտեսական աճ է գրանցվում, մեծ ձեռքբերում չէ։
Հայաստանի տնտեսությանը ներդրումներ են անհրաժեշտ, այն էլ՝ մեծ ծավալի ներդրումներ։ Այլապես անիմաստ է խոսել լուրջ զարգացումների մասին։
Բայց կառավարությանն առայժմ ոչ մի կերպ չի հաջողվում լուծել այս խնդիրը և վստահություն հաղորդել ներդրողներին։ Իշխանափոխությունից անցել է ավելի քան մեկ տարի երկու ամիս, սակայն տնտեսության մեջ սպասումային վիճակն էլի պահպանվում է։ Կառավարության քայլերում այդպես էլ որոշակիություն չկա։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ