Ջորջ Մարտինը պատմել է «Գահերի խաղի» պրիքվելի մանրամասները
Սթարքերի, այլ հերոսների, շատ թագավորությունների և սերիալի հավանական անվան մասին:
Ջորջ Մարտինը պատմել է «Գահերի խաղը» սերիալի պրիքվելի մասին որոշ մանրամասներ: Նախկինում Մարտինը խոսել էր սերիալի ժամանակաշրջանի մասին, իսկ այժմ նոր բացահայտումներ է արել որոշ հերոսների և Վեստերոսի կյանքի մասին:
Վեստերոսի 100 թագավորությունները
Էյգոնի գրավման ժամանակ եղել է 7 թագավորություն, բայց եթե խորանանք պատմությունում, ապա այն ժամանակ եղել է 9,12 և ավելի: Պրիքվելում Վեստերոսը բաժանված է լինելու 100 թագավորությունների, այնպես որ, սերիալը խոստանում է լինել ավելի վտանգավոր, քաոտիկ և անօրեն:
Սթարքները կլինեն
Հաշվի առնելով այն, որ Սթարքներն առաջացել են Առաջին Մարդկանցից, պարզ է դառնում, որ նրանք իրենց տեղը կունենան պրիքվելում: Մարտինը սա հաստատել է և ավելացրել, որ սերիալում լինելու են նաև շատ արարածներ, այդ թվում՝ լյուտոգայլեր, մամոնտներ և, իհարկե, Սպիտակ քայլորդները, որոնց շուրջ էլ տեղի են ունենում սերիալի գործողությունները:
Լանիսթերները չեն լինի, ամեն դեպքում, սկզբում
Պրիքվելը կանխատեսում է Լանիսթերների ընտանիքի հայտնվելը, նշել է հեղինակը: Սակայն կա մեկ այլ ընտանիք, որն ապրել է Լանիսթերների ամրոցում՝ Կաստերլիները: Դրա համար էլ ամրոցը կոչվում է Կաստերլի քարափ: Ենթադրվում է, որ Լանիսթերների տան հիմնադիր Լան Խելացին խաբեությամբ խլել է այդ ամրոցը:
Չկան գլխավոր գործող անձինք
Պրիքվելում, «Գահերի խաղի» նման, կլինեն շատ գլխավոր հերոսներ: Չի լինի գլխավոր դերասան կամ դերասանուհի, որոնց շուրջ կզարգանան իրադարձությունները:
Սերիալը կարող է ստանալ անսպասելի անուն
Մարտինը նշել է, որ պրիքվելը դեռ չունի պաշտոնական անուն: Այն կարող է կոչվել «Երկար գիշեր», սակայն նման անուն ունի նաև 8-րդ եթերաշրջանի 3-րդ սերիան: Առաջարկվել է տարբերակ՝ «Ամենաերկար գիշեր», սակայն Մարտինը կտրականապես դեմ է այս տարբերակին:
Հիմա Մարտինը զբաղվում է միանգամից մի քանի նախագծերով, և այս պրիքվելը միակը չէ: Սակայն նա նշում է, որ ամենից շատ զբաղված է 7-րդ գրքի աշխատանքներով: Երբ լույս կտեսնի գիրքը, դեռևս պարզ չէ, սակայն պարզ է, որ պրիքվելը կլինի 2020 թվականի ավարտին կամ 2021 թվականի սկզբին:
Սիրարփի Աղաբաբյան