«Սա քաղաքական դիվերսիա էր Հայաստանի նկատմամբ». ԵԱՀԿ ԽՎ բանաձևի նախագծի հակահայկական և վտանգավոր ձևակերպումների մասին
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության անդամներն այսօր Ազգային ժողովում ամփոփեցին հուլիսի 4-8-ը Լյուքսեմբուրգում տեղի ունեցած ԵԱՀԿ ԽՎ ամառային նստաշրջանի արդյունքները:
Պատվիրակության ղեկավար Հայկ Կոնջորյանը նշեց, որ իռլանդացի պատգամավոր Ալան Ֆարելի ներկայացրած բանաձևի նախագիծը, մեղմ ասած, շատ մտահոգիչ էր և պարունակում էր Արցախի հակամարտության հետ կապված խիստ անցանկալի ձևակերպումներ, սակայն դիվանագիտական խողովակներով, ՀՀ Արտաքին գործերի նախարարության, սփյուռքի ներկայացուցիչների ջանքերով դրանք չեզոքացվել են։
Մասնավորապես՝ չեզոքացվել է «Ադրբեջանի 7 շրջաններ» խայտառակ կետը, ավելացվել է ԵԱՀԿ ՄԽ ֆորմատի մասին ձևակերպում և այն, որ կա որոշակի առաջընթաց, նաև նշվել է, որ ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի Հելսինկյան 3 սկզբունքների հիման վրա՝ ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ազգերի ինքնորոշում:
Կոնջորյանը նշեց, որ քաղաքական կոմիտեի նախագահ Ֆիլիպո Լոմբարդին շվեյցարաադրբեջանական բարեկամական խմբի անդամ է, և այս զեկույցի նախագծում հակահայկական ձևակերպումների առկայությունն ադրբեջանական կողմի տարիների աշխատանքի արդյունք էր:
Հ. Կոնջորյանն ընդգծեց մի կարևոր հանգամանք՝ ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանը չունի և չի ունեցել որևէ պաշտոն, մինչդեռ Ադրբեջանն ունի նախագահի տեղակալի պաշտոն, Վրաստանը՝ ԵԱՀԿ ԽՎ նախագահի և հանձնաժողովի նախագահի, այսինքն՝ մեր տարածաշրջանից միայն Հայաստանը չունի որևէ պաշտոն, և պատվիրակությունը սկսել է այսպիսի ստարտային պայմաններից:
«Վիթխարի տարբերություն կա սկզբնական և ավարտական բանաձևերի միջև»,- ասաց Հ. Կոնջորյանը:
«Մեծ գործ է կատարվել: Սա քաղաքական դիվերսիա էր Հայաստանի նկատմամբ»,- հայտարարեց պատվիրակության անդամ Անի Սամսոնյանը:
Ըստ նրա՝ իրենք 3 ուղերձ են հղել ԽՎ անդամներին, որ բանաձևում տեղ չեն գտել ԵԱՀԿ ԽՎ Հելսինկյան սկզբունքները, Մինսկի խմբի (ՄԽ) մանդատը, և կա վատ նախադեպ՝ 2016թ. ԽՎ-ում ընդունված բանաձևը, որից հետո Ադրբեջանը կազմակերպեց հարձակում Արցախի դեմ. «Արդյունքում՝ կողմ քվեարկեցին խաղաղ բանակցություններին ու ՄԽ ջանքերին»:
Հ.Կոնջորյանը հավելեց, որ Ադրբեջանի պատվիրակ Ազայ Գուլիևը 10 տարուց ավելի ներկայացված է ԵԱՀԿ ԽՎ-ում, զբաղեցնում է նախագահի տեղակալի պաշտոնը, իսկ նման ձեռքբերման համար անհրաժեշտ են կապեր: Կոնջորյանի հավաստմամբ՝ պատվիրակությունը շատ ակտիվ է եղել.
«Մեր ակտիվությունը պարտադրված էր ինչ-որ առումով, և մենք ամենակատիվ պատվիրակություններից մեկն ենք եղել: Երբ բավականաչափ ճանաչելիություն կունենանք, որոշ կոնֆերանսներ կբերենք Հայաստան, կդառնանք գործոն, օրինակ՝ Ադրբեջանն անընդհատ ինչ-որ միջոցառումներ է կազմակերպում, այդ մարդկանց բերում է Ադրբեջան, իսկ աննձնական կապերը շատ կարևոր են, որը մենք պետք է փորձենք անել: ԵԱՀԿ ԽՎ-ում մեր ունեցած ներդրման արդյունքում կհասնենք նրան, որ կառաջադրվենք, և մեզ կընտրեն: Այն, ինչ արվել է այս նստաշրջանում, դա հիանալի հիմք է, և մենք ունենալու ենք: ԽՎ-ի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն ասաց, որ դուք այնքան ակտիվ եք, որ դա արդեն վտանգավոր է: Երբ կլինի մի օր, որ ես չեմ լինի այս պատվիրակության ղեկավարը, հաջորդ ղեկավարին կփոխանցեմ կրիչ, որի վրա կլինեն այն մարդկանց անունները, որոնք սիրում են հայերին, որոնք սիրում են ադրբեջանցիներին, ում հետ դեռ աշխատելու տեղ կա, հեռախոսահամարներ, մեյլեր, այսինքն՝ կինի տվյալների բազա, և անկախ իմ անձնական համակրանքից՝ այդ մարդուն կփոխանցեմ տվյալները, որպեսզի նա չսկսի այն կետից, որ կետից ես եմ սկսել»:
«Անձամբ ես և պատվիրակությունից որևէ մեկը չի խոսել Արմեն Աշոտյանի հետ և նրան որևէ բան չի խնդրել». Հայկ Կոնջորյան
Հարցին՝ Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանն ի՞նչ ներդրում է ունեցել հակահայ ձևակերպումների չեզոքացման գործում, Հ. Կոնջորյանը նշեց, որ անձամբ ինքը և պատվիրակությունից որևէ մեկը չի խոսել Աշոտյանի հետ և նրան որևէ բան չի խնդրել.
«Ռուբեն Ռուբինյանի հետ խոսակցության ընթացքում Արմեն Աշոտյանն ինքն է բացել Խորհրդարանական վեհաժողովի թեման, Ոուբինյանն ասել է, որ Ալան Ֆարելը մերժել է հայ պատգամավորների՝ մինչև նիստը սկսվելը հանդիպելու բոլոր առաջարկները, եթե կարող եք, քանի որ նա է ցանկություն հայտնել, որը շատ լավ է, քանի որ դրսում չկա ո՛չ ընդդիմություն, ո՛չ իշխանություն, եթե հանդիպում կազմակերպվի, շատ լավ կլինի, բայց Արմեն Աշոտյանը չի կարողացել կազմակերպել, որը ևս տարօրինակ չէր, որովհետև մենք էլ դիմում էինք, և Ֆարելը մերժում էր»:
Կոնջորյանի խոսքով՝ Արմեն Աշոտյանն ընդամենը մեկ ինֆորմացիա է փոխանցել Ռուբեն Ռուբինյանին, այն էլ՝ տեխնիկական բնույթի. «Ես տիրապետում եմ այս խնդրի բոլոր կարևոր հիմնական դետալներին: Գուցե այլ մակարդակներում է փորձ արվել աջակցել, ես դրան նայում եմ շատ նորմալ»:
Կոնջորյանը նշեց, որ, ի վերջո, Ալան Ֆարելին հանդիպել է Լյուքսեմբուրգում, հայտնել հայկական կողմի դիրքորոշումն ու անհամաձայնությունը, իսկ նա ընդունել է ի գիտություն:
Պատվիրակության անդամ Համազասպ Դանիելյանը նկատեց, թե հաղթանակն ունի շատ ծնողներ, իսկ պարտությունը՝ ոչ մի. «Եթե այլ արդյունքով վերադառնայինք, այլ քննադատություն էր լինելու: Ես որևէ խնդիր չունեմ հաղթանակը որևէ մեկի հետ կիսելու: Բայց միայն այդ հանգամանքը բավարար է հասկանալու, թե ինչ ձեռքբերում ունենք»:
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հռչակագրի կետ 22-ը խոսում է հակամարտությունների լուծումներին միտված բանակցություններն ակտիվացնելու անհրաժեշտության մասին, կոչ է արվում ինքնակամ սկսել բանակցություններ առանց նախապայմանների՝ կայուն խաղաղության հասնելու համար՝ հարգելով Վրաստանի, Ուկրաինայի, Ադրբեջանի և Մոլդովայի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և միջազգայնորեն ճանաչված սահմանները:
ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հայկ Կոնջորյանից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ են թույլ տվել, որ նման կետ ներառվի հռչակագրում:
Նա պատասխանեց, որ այդ կետը չի վերաբերում Ղարաբաղյան հակամարտությանը, այլ, ի թիվս, մի շարք երկրների տարածքային ամբողջականության մասին է և հիշատակում է նաև Ադրբեջանը, սակայն այդ կետը չեզոքացնում է կետ 21-ը՝ մի ամբողջ պարագրաֆ, որը նշում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին կոչ է անում ակտիվացնել երկխոսությունը Մինսկի խմբի շրջանակներում, կոնկրետ և շոշափելի միջոցներ ձեռնարկել Ղարաբաղյան հակամարտությունը Հելսինկյան փաստաթղթի հիմնարար սկզբունքների հիման վրա, այդ թվում՝ զերծ մնալով ուժի կիրառումից կամ դրա սպառնալիքից, հարգելով տարածքային ամբողջականությունը և ազգերի ինքնորոշումը:
«Այս ձևակերպումից հետո հաջորդ պարագրաֆը, որտեղ չի խոսվում կոնֆլիկտի մասին, ըստ էության չեզոքացված և անիմաստ է դառնում ընդհանրապես»,- ասաց Հ.Կոնջորյանը:
Մեր դիտարկմանը, որ շեշտվում է Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների մասին, պատվիրակության ղեկավարը նշեց, որ մեր համար այս հարցը հետաքրքիր է ԼՂ հակամարտության կոնտեքստում, իսկ 22 կետից անմիջապես առաջ՝ 21 կետում, խոսվում է ազգերի ինքնորոշման սկզբունքի մասին: Նա օրինակ բերեց, որ 2015թ.-ի ԵԱՀԿ ԽՎ Հելսինկյան հռչակագրում նշվել էր կետ Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին և չէր նշվել ընդհանրապես ազգերի ինքնորոշման մասին ԼՂ հակամարտության կոնտեքստում, այսինքն՝ դա ևս ունեցել է նախադեպ, նաև ՆԱՏՕ-ի տարբեր փաստաթղթերում է տեղ գտել:
«Վերջին 6 տարվա կտրվածքով առաջին անգամ է, որ ԵԱՀԿ ԽՎ-ի հռչակագրում ԼՂ կոնտեքստում նշվում է ազգերի ինքնորոշման սկզբունքը: Սա շատ կարևոր է, այսինքն՝ այս իմաստով մենք արդեն չեզոքացրել ենք հաջորդ կետը»,- ասաց Հ.Կոնջորյանը:
https://www.youtube.com/watch?v=2Uwm82bBPfU&feature=youtu.be