«Երկուստեք նշվեց ՀՀ-ԵՄ համաձայնագրի  մեծ նշանակությունը և  եվրոպական երկրների կողմից այն շուտափույթ վավերացնելու կարևորությունը»․ Փաշինյան

ՀՀ վարչապետը երախտագիտություն հայտնեց Եվրոպական հանձնաժողովի նախագահ Դոնալդ Տուսկին ԵՄ-ի կողմից  Հայաստանին ցուցաբերվող օժանդակության և գաղափարական զորակցության համար։ Այս մասին այսօր ՀՀ վարչապետը հայտարարեց  ՀՀ Կառավարությունում  Եվրոպական հանձնաժողովի նախագահ Դոնալդ Տուսկի հետ համատեղ ասուլիսի ընթացքում՝ անդրադառնալով երկկողմ հարաբերություններին և Տուսկի հետ հանդիպմանը քննարկված հարցերին։

Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ հանդիպման ընթացքում խոսել է  Հայաստանում իրականացվող բարեփոխումների մասին՝ հիշատակելով անկախ  դատական համակարգ կառուցելու՝ իրենց ներկայիս գործադրած ջանքերը։ Փաշինյանն ասաց, որ ընդգծել է՝ այդ առումով Հայաստանը մեծապես կարևորում է Եվրոպական միության հաստատությունների աջակցությունը, հայտնում երախտագիտություն ցուցաբերվող օժանդակության և գաղափարական  զորակցության համար։  Ըստ վարչապետի՝ հանդիպմանն ինքը նաև ընդգծել է  ԵՄ և ԵՄ անդամ պետությունների հետ  գործակցության ընդլայնման վերաբերյալ Հայաստանի քաղաքական հանձնառությունը։

«Երկուստեք նշվեց ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի  մեծ նշանակությունը և  եվրոպական երկրների կողմից այն շուտափույթ վավերացնելու կարևորությունը։ Տվյալ պայմանագիրը մի գործիք է, որի իրականացումը ոչ միայն նպաստելու է ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը, այլև  օգնելու է ՀՀ իշխանությունների բարեփոխումների օրակարգի իրականացմանը։ Այս առումով ցանկանում եմ տեղեկացնել, որ ՀՀ կառավարության  գերատեսչությունները ԵՄ համապատասխան մարմինների  համագործակցությամբ մշակել են ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ   իրականացման ճանապարհային քարտեզ, այն իմ կողմից  հաստատվել է հունիսի 1-ին՝ պայմանագրի  ժամանակավոր կիրառման սկզբից ուղիղ մեկ տարի անց։ Հունիսին 13-ին պայմանագիրն  արժանացավ նաև ՀՀ-ԵՄ գործընկերության  խորհրդի երկրորդ հանդիպման  հավանությանը»,- նշեց Փաշինյանը։ ՀՀ վարչապետը նաև տեղեկացրեց, որ  անդրադարձ է եղել վիզային դյուրացման երկխոսության մեկնարկին։

«Իմ կողմից  նշվեց ՀՀ շահագրգռվածությունն այս հարցում՝ հատկապես միջանձնային շփումների  ընդլայնման անհրաժեշտության տեսանկյունից։ Դիմեցի նախագահ Տուսկին ԵՄ անդամ  պետություններին այս ուղերձը փոխանցելու խնդրանքով։ Անդրադարձ եղավ նաև Արևելյան գործընկերությանը, որն այս  տարվա մայիսին նշեց  իր հիմնադրման  10-րդ տարեդարձը։  Մենք զրուցեցինք նաև տարածաշրջանային խնդիրների  մասին, երախտագիտություն  հայտնեցի ԵՄ-ի կողմից ԼՂ հակամարտության  կարգավորման հարցում  հավասարակշռված դիրքորոշում ցուցաբերելու և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների դիրքորոշումները  աներկբայաբար պաշտպանելու համար։ Համոզվածություն հայտնեցի ԵՄ այս կեցվածքի շարունակականության հարցում։ Հարգելի գործընկերներ, ցանկանում եմ նախագահ Տուսկին վերստին շնորհակալություն հայտնել արդյունավետ համագործակցության համար»,- ասաց Փաշինյանը։

 

 

Տեսանյութեր

Լրահոս