«Ոսկե ծիրան»-ի «Եղիցի լույս» հատուկ մրցանակն ստացավ Ալեքսանդր Մինդաձեն
«Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում հուլիսի 9-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ «Եղիցի լույս» հատուկ մրցանակի հանձնման արարողությունը:
Հոգևոր, մշակութային և մարդասիրական արժեքների քարոզչության, համաշխարհային կինոարվեստում ունեցած նշանակալի ավանդի համար տրվող մրցանակը հանձնվեց կինոփառատոնի այս տարվա լիամետրաժ ֆիլմերի անվանակարգի ժյուրիի նախագահ, կինոռեժիսոր, սցենարիստ Ալեքսանդր Մինդաձեին:
Կինոռեժիսորին մրցանակը հանձնեց Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: Միջոցառումը սկսվեց Տերունական աղոթքով, որից հետո մասնակիցներին ողջունեց կինոփառատոնի հիմնադիր-տնօրեն Հարություն Խաչատրյանը:
Նա շնորհակալություն հայտնեց Վեհափառ Հայրապետին` մշակույթի և արվեստի տարածման գործին մշտապես օժանդակելու համար: «Պարոն Մինդաձեն հարգված և սիրված արվեստագետ է և’ Ռուսաստանում, և’ արտասահմանում: Ի դեպ, նա առաջին անգամ է գալիս Հայաստան, առաջին անգամ է նաև Մայր Աթոռում: Մրցանակը շնորհելուց նկատի ունեցան նրա ստեղծած ողջ արվեստը` հոգևոր, մշակութային, համամարդկային արժեքների վրա հենված, և նրա վերջին տասը տարիների «վերակենդանացումը», որպես կինոռեժիսոր: Արվեստագետ մարդու համար շատ կարևոր է, թե ինչպիսի պատգամներ կթողնի իրենից հետո: Նա ամենամնայուն և մարդկային ամենակարևոր արժեքները կրող արվեստագետներից մեկն է: Այդ է պատճառը, որ մեր և եկեղեցական խորհրդի կողմից որպես մրցանակակիր ընտրվեց հենց նա»,- ասաց Խաչատրյանը:
Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը բարձր գնահատեց ռեժիսորի վաստակը կինոարվեստում հոգևոր արժեքների արտացոլման գործում: Սրբազանն ընդգծեց` Մինդաձեի արվեստում երևում է այն գաղափարը, որ Աստծո արարչության մեջ մարդկային կյանքից առավել արժեքավոր բան գոյություն չունի և նրա ֆիլմերում թեև կան շատ հակասական կերպարներ, սակայն արտացոլվում է այն միտքը, որ բոլորն էլ արժանի են կյանք ունենալու պարգևին:
Շնորհակալական խոսքով հանդես եկավ Մինդաձեն: Նա նշեց, որ այս մրցանակն իր համար մեծ նվեր է, և այն խթան կհանդիսանա շարունակելու ստեղծել ֆիլմեր հանուն «լույսի» և հանուն մարդու: Ռեժիսորի համար նշանակալի հանգամանք էր նաև այն, որ մրցանակը հաստատումն էր այն գաղափարների, որոնց նա ձգտել էր ամբողջ կյանքում:
Մրցանակաբաշխության ավարտին համերգային կատարումներով հանդես եկավ Մայր Աթոռի սարկավագաց երգչախումբը, որից հետո կինոռեժիսորին ընդունեց Ամենայն հայոց կաթողիկոսը: