Բաժիններ՝

«Սա Ճանապարհային ոստիկանության համար փող լվալու տեղ է, իսկ վարորդների համար՝ զուտ զբաղմունք». Վարորդների իրավունքների պաշտպանը՝ բալային նոր համակարգի մասին

Վարորդների իրավունքների պաշտպան Արտակ Խաչատրյանը կարծում է, որ  վարորդական նոր բալային համակարգը չի գործելու:

«Այս բալային համակարգը Ճանապարհային ոստիկանության համար փող լվալու տեղ է, իսկ վարորդների համար՝ զուտ զբաղմունք: Ասելու են՝ տատիս անունով է մեքենան,  թող նրան էլ զրկեն վարորդական իրավունքից»,- 168.am-ի հետ զրույցում ասաց նա:

«Բալային համակարգը, 100 տարի է, Հայաստանում ներդրված է: ԱՊՊԱ-ում կա   «Բոնուս-Մալուս» համակարգը: Մարդիկ լավ էլ խախտումներ են անում: Հիմա 22-րդ դասով Մալուսով վարորդին գնա ասա՝ պատրա՞ստ ես այնպես վարել, որ բալերդ իջնեն 5-ի կամ 6-ի: Նա թքած ունի: Եկեք ձեզ բոնուս տամ, որ լավ վարեք, այդ մեխանիզմը չի գործում:

Գործում է միայն բարեխիղճ վարորդների մոտ: Այն վարորդները, ովքեր իրոք պարապել են, գնացել հերթ են կանգնել ու քննություն հանձնել, կարող են խախտումներ անել, բայց շատ չնչին. գրագետ մարդու արած խախտումն ի՞նչ պետք է լինի: Կոպիտ խախտումներ անողները, բացառված է, որ գնան,  հերթ կանգնեն, քննություն հանձնեն»,- հավելեց Արտակ Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ ալտերնատիվ պատժիչ միջոցներ են հարկավոր:

«Բևեռացումը միշտ կա, ինչ ուզում ես՝ կիրառի, տուգանք  կամ բալային համակարգ: Բոլորի վրա ազդող մեխանիզմ պետք է լինի,  ենթադրենք՝ հանրային աշխատանքի, կրկնակի քննություն հանձնելու, վարորդական իրավունքից զրկելու տեսքով, իսկ տուգանքները չեն աշխատում: Գերմանիայում կա Idiotentest-ը. երբ վարորդը նույն խախտումը երկու անգամ է կատարում, թուղթ է գալիս, որտեղ ասվում է, որ պետք է գնա հոգեբանի մոտ»,- նկատեց Արտակ Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ մայիսի 16-ին Կառավարության նիստում փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը ներկայացրեց վարորդական բալային համակարգի հետ կապված՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը: Ըստ նախագծի՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ունեցող անձին վարորդական վկայական ստանալու օրվանից մեկ տարի ժամկետով տրվելու է 9 միավոր. ճանապարհային երթևեկության կանոնների խախտում ամրագրելու դեպքում վարչական իրավախախտում կատարած անձին տվյալ տարում տրված ընդհանուր միավորներից ինքնաշխատ եղանակով հանվելու են տվյալ իրավախախտման համար սահմանված տուգանային միավորները:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս