Իշխանական պատգամավորը՝ մամուլի դեմ
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի կարծիքով՝ մամուլում և սոցիալական ցանցերում իր դեմ արշավ են սկսել՝ նպատակ ունենալով արատավորել իր պատիվն ու արժանապատվությունը, խոչընդոտել պատգամավորական գործունեությանը։ Այս առթիվ՝ հունիսի 7-ին պատգամավորն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրեց, որ այդ արշավը դադարեցնելու համար 6 դեպքով դիմել է դատարան, և բոլոր դիմումները վարույթ են ընդունվել։
«Սիրելի հայրենակիցներ, տևական ժամանակ է՝ մամուլում և սոցիալական ցանցերում տեղեկատվական արշավ է սկսվել իմ դեմ։ Նախաձեռնության հեղինակներն ու նրանց լրատվամիջոցները սուտ ու կեղծ տեղեկություններ են տարածում իմ մասին՝ նպատակ ունենալով արատավորել իմ պատիվն ու արժանապատվությունը, խոչընդոտել իմ պատգամավորական գործունեությունը։ Այս արշավը դադարեցնելու համար՝ 6 դեպքով դիմել եմ դատարան, բոլոր դիմումներն ընդունվել են վարույթ։ Լրատվական համարվող կայքերից՝ վիրավորանքի միջոցով պատճառված վնասի փոխհատուցման համար պահանջվող գումարներն ամբողջությամբ փոխանցելու եմ հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին։ Իմ հիմնական աշխատանքից չշեղվելու համար այս ողջ գործընթացով լիազորել եմ զբաղվել փաստաբան Տիգրան Հայրապետյանին»,- գրել էր պատգամավորը։
Նշենք, որ պատգամավորի այս գրառումից առաջ Hraparak.am-ը տեսանյութ էր հրապարակել, որտեղ պատմել էր, թե ինչպես է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը զվարճանում գեղեցիկ աղջիկների հետ, որոնցից մեկը Բաղրամյան 26-ում՝ ՀՀ նախագահի նստավայրում, լուսանկար էր արել և հրապարակել իր Ինստագրամում։ Բաղրամյան 26-ում տեղի ունեցածի վերաբերյալ նախագահականի լրատվական ծառայությունից պարզաբանել էին, որ «Հանրապետության նախագահի աշխատակազմը Բաղրամյան 26 հասցեում (ներկայումս՝ Բաղրամյան 26/1) գտնվող վարչական շենք տեղափոխվել է այս տարվա մարտից, շենք ելքն ու մուտքն իրականացվում է նախագահի աշխատակազմի ղեկավարի և Պետական պահպանության ծառայության պետի «Հանրապետության նախագահի աշխատակազմի անցագրային և ներքին ռեժիմը հաստատելու մասին» հրամանի համաձայն։ Ուստի այս ընթացքում տեսանյութում պատկերված անձանց մուտք նախագահական նստավայր չի եղել, ավելին՝ բացառել են, որ նախագահի աշխատակազմը նստավայրի շենքում նման «արարողություններ» թույլատրի»։
Հ.Սարգսյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը Hraparak.am-ի հետ զրույցում նշել էր, որ դիմել են ՀՔԾ, այժմ նյութեր են նախապատրաստվում, դեռ պարզ չէ՝ քրեական գործ կհարուցվի՞, թե՞ ոչ. «Ըստ էության պետք է ուսումնասիրություն կատարվի, հաղորդում ներկայացնելիս լրատվամիջոցների անուններ չենք նշել։ Սա պետության անվտանգության հարց է, իրականում ազգային անվտանգության խնդիր կա այստեղ»,- ասել է փաստաբանը։ Ավելի վաղ նա հայտարարել էր, որ դիմել են ոչ միայն զրպարտության և վիրավորանքի համար փոխհատուցում ստանալու համար, նաև՝ որպեսզի քրեական գործ հարուցվի և այդ քրեական գործի շրջանակներում որոշ լրատվամիջոցների գործունեությունը դադարեցվի։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար, քաղաքագետ Աղասի Ենոքյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Հայկ Սարգսյանի ներկայացրած հայցադիմումներին, նկատեց՝ նախորդ ամսվա տվյալներով՝ 91 դատական հայց է ներկայացվել լրատվամիջոցների դեմ, ինչն ավելի շատ է, քան նախորդ հինգ տարիներին միասին վերցրած։
«Սա մամուլի հանդեպ ճնշումների հերթական շարքն է, քանի որ բոլորն էլ շատ լավ հասկանում են, որ մամուլի համար դատական գործընթացներին մասնակցելը չափազանց ծանր գործ է՝ թե՛ ժամանակի, թե՛ ֆինանսական առումներով։ Հիմա Հայկ Սարգսյանը կարծես թե մամուլին պատժելու համար նրան ներքաշում է այդպիսի գործընթացի մեջ»,- ասաց Աղասի Ենոքյանը։
Ինչ վերաբերում է Բաղրամյան 26-ում տեղի ունեցածին, մեր զրուցակիցը նշեց, որ եթե այդ ամենը ճիշտ է, և լուսանկարներն արվել են նախագահական նստավայրում, և, եթե նախագահականից պնդում են, որ Արմեն Սարգսյանի աշխատանքի ընթացքում նման մարդիկ չեն եղել Բաղրամյան 26-ում, ապա այդ ամենը նշանակում է, որ ամեն ինչ եղել է ավելի շուտ՝ մինչև Արմեն Սարգսյանի տեղափոխվելը Բաղրամյան 26։
Հարցին՝ իսկ սա իրավիճակը փոխո՞ւմ է, Աղասի Ենոքյանն ասաց, որ իրավիճակը դա ավելի է վատթարացնում։ «Սա նշանակում է, որ նշված պատգամավորն այնքան ամենակարող է, որ անգամ Նիկոլ Փաշինյանի աշխատասենյակ կարող է տանել տարբեր ծանոթ և անծանոթ աղջիկների»,- եզրափակեց Ա. Ենոքյանը։
Հիշեցնենք, որ Հայկ Սարգսյանը հայցադիմումներից երեքը ներկայացրել է «Հրապարակ» օրաթերթի դեմ, մեկը՝ «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ի և նրա լրագրողի, իսկ մյուս երկուսը՝ «Անդրադարձ մամուլի ակումբ» հ/կ-ի դեմ։
«Հրապարակ» թերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը մեզ հետ զրույցում ասաց. «30 տարվա մեջ չեմ հիշում նման հայտարարություն, որ հնչի որևէ պատգամավորի կողմից, ո՛չ Շմայսի ու Թոխմախի Մհերի, ո՛չ գեներալ Մանվելի ու Սեյրան Օհանյանի կողմից չի հնչել։ Երբ ասում ենք՝ նոր հեղափոխական իշխանավորները գերազանցեցին բոլոր նախկիններին իրենց գործողությունների մեջ, հենց սա նկատի ունենք, երբ իրենց դուր չեն գալիս հրապարակումները, պատրաստ են դիմելու բոլոր միջոցներին, այդ թվում՝ քրեական գործ հարուցելուն, լրատվամիջոցների գործունեությունը կասեցնելուն։ Սա հենց խոսում է այն մասին, որ իշխանությունն ամեն ինչ անում է ազատ խոսքը խոչընդոտելու, մեր աշխատանքին խանգարելու և սահմանափակումներ կիրառելու համար։ Որովհետև պատգամավորն իշխանության ամենակարևոր օղակներից մեկն է, օրենսդիր մարմնի ներկայացուցիչ, նա չի կարող խոսքերն օդ շպրտել և դրանց համար պատասխան չտալ։ Չի կարող երկրի վարչապետը հայտարարել, որ մամուլն այսօր առավել ազատ է, քան երբևէ, իսկ պատգամավորը հայտարարի, որ իր դեմ արված հրապարակումների համար դիմելու է և կասեցնելու լրատվամիջոցի գործունեությունը։ Սա այն վերջին խայտառակությունն է, որը կարող էր լինել մեր երկրում»,- ասաց Արմինե Օհանյանը։
Նրա խոսքով՝ 30 տարի այս ամենի համար չեն պայքարել, ազատ խոսքի, բազմակարծության հնարավորություններ երկրում նրա համար չեն ստեղծել, որ հայկ սարգսյանների նման մարդիկ գան ու հայտարարեն, որ իրենց դեմ հրապարակումներ անողներն իրավունք չունեն դաշտում գոյություն ունենալու։
«Իհարկե, այս ամենը միայն մեր դեմ չէ, Հ. Սարգսյանն ասում է՝ ընդհանուր լրատվամիջոցները, սակայն հասկանալի է, որ այդ լրատվամիջոցների թվում նկատի ունի նաև հենց «Հրապարակին»։ Նա նկատի ունի բոլոր նրանց, որոնք իր հետ կապված հրապարակումներ են անում։ Բայց նա շատ փոքր մարդ է, որ կարողանա լրատվամիջոցների գործունեությունը կասեցնի կամ քրեական գործեր հարուցի լրատվամիջոցի նկատմամբ։ Պատմության մեջ, այն էլ՝ 21-րդ դարում, նման բաներ այդքան հեշտ չեն արվում, միայն ասելով չէ։ Հայկ Սարգսյանի այսօրվա հայտարարությունը դա ֆաշիզմն է , բռնապետությունն է և 37 թիվը»,- շեշտեց Արմինե Օհանյանը։
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հ.Գ. փաստաբան Տիգրան Հայրապետյանի հետ կապվելու մեր փորձերն ապարդյուն անցան. ցանկանում էինք ճշտել, ՀՀ քրեական օրենսգրքի՝ իրենց կողմից ակնկալվող ո՞ր հոդվածով հարուցված քրեական գործի քննության արդյունքում են ցանկանում հասնել որոշ լրատվամիջոցների գործունեության դադարեցմանը։