Վարչապետ Փաշինյանը Սինգապուրի խորհրդարանի նախագահի հետ քննարկել է երկկողմ կապերի զարգացման հեռանկարները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Սինգապուրի խորհրդարանի նախագահ Թան Չուան-Ջինի հետ: Մինչ հանդիպումը վարչապետը գրառում է կատարել պատվավոր հյուրերի գրքում:
«Բարի գալուստ Սինգապուր, պարոն վարչապետ: Շնորհակալություն խորհրդարան այցելելու համար: Համոզված ենք, որ Ձեր այցը Սինգապուր կնպաստի Հայաստանի հետ բարեկամական կապերի զարգացմանն ու ընդլայնմանը»,- նշել է Թան Չուան-Ջինը:
Նիկոլ Փաշինյանը կարևորել է Սինգապուր այցը և նշել, որ բոլոր հանդիպումներն անցել են արդյունավետ, գործնական ու բարեկամական մթնոլորտում: «Մենք շահագրգռված ենք Ձեր երկրի հետ կապերի զարգացմամբ, այդ թվում քաղաքական ու տնտեսական»,- ասել է վարչապետը` ընդգծելով հատկապես գործարարների միջև համագործակցության խթանման անհրաժեշտությունը: Այդ առումով, կառավարության ղեկավարը կարևորել է Եվրասիական տնտեսական միության և Սինգապուրի միջև ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումն ու դրա սեղմ ժամկետներում վավերացումը: Վարչապետն անդրադարձել է կառավարության առաջնահերթություններին և Հայաստանում իրականացվող համակարգային փոփոխություններին` նշելով դրանց կյանքի կոչման ուղղությամբ Սինգապուրի հետ համագործակցության կարևորությունը:
Սինգապուրի խորհրդարանի խոսնակն ընդգծել է երկկողմ պատմական ու մշակութային կապերի առկայության փաստն ու ավելացրել, որ դրանք լավ հիմք են կառավարությունների ու խորհրդարանների միջև համագործակցությանը նոր ազդակ հաղորդելու համար:
Նիկոլ Փաշինյանը Թան Չուան-Ջինին է փոխանցել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի` Հայաստան այցելելու հրավերը, ինչը սիրով ընդունվել է: Զրուցակիցները նաև ընդգծել են միջխորհրդարանական բարեկամական խմբի ձևավորման, ինչպես նաև խորհրդարանականների` միջազգային հարթակներում սերտ համագործակցության անհրաժեշտությունը:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել նաև տարբեր ոլորտներում Սինգապուրի զարգացման փորձին և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի: