«Իրանի և Հայաստանի շուրջ տարածաշրջանում այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ այս հարաբերությունների պահպանումը կողմերը կարևորում են ինչպես երբևէ»

«ԻԻՀ-ի և ՀՀ-ի շուրջ տարածաշրջանում այնպիսի իրավիճակ է ներկայումս ստեղծվել, որ այս հարաբերությունների պահպանումը կողմերը կարևորում են՝ ինչպես երբևէ։ Բավարար է միայն նշել Իրան-ԱՄՆ լարումը, ինչպես նաև ԼՂ հակամարտության չկարգավորվածության հարցը։

Իհարկե, տարածաշրջանում խնդիրները սրանցով չեն սահմանափակվում, խնդրահարույց հարցերը շատ են, շահերը՝ ևս, ուստի գիտակցումը, որ հայ-իրանական հարաբերությունների պահպանումը գոնե ներկայիս տեսքով՝ առանց վատթարացման, նույնիսկ՝ խորացման, կարևոր է թե՛ Իրանի, թե՛ Հայաստանի համար»,- «168 Ժամի» թղթակցի հետ զրույցում այս մասին է ասել իրանցի վերլուծաբան Կայհան Բարզեգարը՝ անդրադառնալով հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի նիստի օրակարգին և երկկողմ հարաբերություններին։

Նրա կարծիքով՝ այս փուլում կարևոր է, որպեսզի կողմերը չփոխեն իրենց ունեցած ավանդական դիրքորոշումներն այս խնդիրների ուղղությամբ, որոնք էլ, ըստ էության, ունեցել են գերակա, թելադրող դիրքեր հարաբերությունների ողջ սպեկտրի համատեքստում։

«Վերջին տարիների դրական առաջընթացը, որը սկսվեց Միջուկային գործարքից հետո, հայ-իրանական ներուժի առավել ակտիվ դիտարկումն էր կողմերի կողմից, քանի որ այդ գործարքն ընկալվեց որպես հնարավորություն՝ վերանայել հարաբերությունները՝ վերջ դնելով կարծիքներին, որ այս հարաբերություններում կա մեծ չիրացված ներուժ։ Կարծում եմ՝ ներկայումս այդ ներուժը բացահայտելու համար կան բոլոր անհրաժեշտ նախագծերը, կա անհրաժեշտ բովանդակությունը, կա գիտակցում, կա հետաքրքրվածություն, բայց պահպանվել են արտաքին քաղաքական սահմանափակող գործոնները»,- նշել է նա։

Տեսանյութեր

Լրահոս