«Պարոն վարչապետ, եթե Ձեր հարազատի գերեզմանի հետ այդպես վարվեին,ինչպե՞ս կվարվեիք Դուք». Բաց նամակ ՀՀ վարչապետին
Բաց նամակ ՀՀ վարչապետին
168.am–ը բաց նամակ է ստացել Գյումրի քաղաքի բնակիչ Լիլիթ Աղեկյանից։ Այն հրապարակում ենք նույնությամբ։
Պարոն վարչապետ
Ինչո՞ւ եք շաղ տալիս «արդարադատության դասի» կոչումները, ինչո՞ւ եք դրանք շնորհում ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ ոստիկանության պետին, ՀՀ քննչական կոմիտեին նախագահին, նրանց, ովքեր չեն կարողանում իրավապահ համակարգը «աշխատեցնել», պարզ մի հանցագործություն 2 տարվա ընթացքում բացահայտել: Ո՞ւմ շահերի և իրավունքների պաշտպանության համար եք արժանացնում նրանց այդ կոչումներին:
Դուք շատ եք սիրում ասֆալտին փռելու, ծնոտին իջնելու, պատին ծեփելու, «սամոսուդ անելու», սևազգեստներին զգեստափոխելու և «բաբոչկա» կապելու, գետնին քարշ տալու գործողությունները: Բայց դա սիրում եք անել միայն Ձեր քաղաքական ախոյանների նկատմամբ, մինչդեռ ակնհայտ է, որ «կանխարգելիչ և պատժիչ այդ գործողությունները պետք է կիրառել որոշ իրավապահների նկատմամբ ևս: Ձեզ ուղղվող իմ բազմաթիվ նամակներում նրանց անունները բարձրաձայնել եմ, սակայն Դուք բարոյական այդ «սանացիան» և լյուստրացիան չեք կիրառել, չեք զբաղվել իմ՝ ՀՀ արժանապատիվ քաղաքացուս խնդրով:
2017 թվականից ցայսօր չի բացահայտվել Գյումրու թիվ 2-րդ գերեզմանոցում տեղի ունեցած՝ հայ թուրքերի կողմից իրականացրած վանդալիզմի փաստը՝ հայրիկիս գերեզմանի անարգման քրեական գործը՝ N 68105517: Այն հարուցվել է 2017 թվականի հուլիսի 12-ին և Շիրակի մարզի իրավապահների հանցավոր անգործության, ոչ արհեստավարժության, իրապես, մասնագիտական անգրագիտության հետևանքով կասեցվել էր 49 օր անց: Իմ անհաշվելի բողոքներից հետո քրգործի կասեցումը վերացվեց, սակայն կրկին կասեցվեց 2019թ. մայիսի 21-ին՝ հանցագործություն կատարած անձը չհայտնաբերելու նույն ծիծաղելի հիմքով: Փաստորեն, Շիրակի մարզի իրավապահները իրենք իրենց գցել են յուրատիպ կոգնիտիվ դիսոնանսի մեջ՝ հա՛մ չեն բացահայտում քրգործը, հա՛մ կասեցնում են այն:
Ողջ այս ընթացքում դիմում-բողոքներ եմ հղել երկրի բոլոր պատկան ատյաններին ու անձանց, բազմաթիվ նամակներ եմ ուղղել նաև Ձեզ՝ առցանց ևս: Սակայն քրգործը չի բացահայտվել: Դուք էլ, ինչպես և պատկան ատյանները, իմ դիմումները համարել ու համարում եք առոչինչ: Մի քանի անգամ Ձեզ գրավոր ներկայացրել եմ Շիրակի մարզի իրավապահների՝ մարզի դատախազության (որի ղեկավարը, ինչպես գրեց մամուլը, ՀՀ գլխավոր դատախազի սանիկն է), մարզային ու քաղաքային ոստիկանության, քննչական վարչության աշխատանքային և գործառութային «գելթոզիի» մասին, մանրամասնորեն շարադրել եմ , որ վերջինները չեն կարող, ունակ չեն կամ չեն ուզում բացահայտել վանդալիզմի այս փաստը: Շիրակի մարզի իրավապահների մասնագիտական ամլության, հանցավոր անգործության, ապիկար ու ապաշնորհ աշխատաոճի արդյունքում գերեզման անարգողները դրսում են, վայելում են ազատությունը: Սա հերթական անգամ վկայում է՝ իրավապահները բավարար ջանքեր, միջոցներ, հնարավորություններ չեն գործադրել, չեն իրականացրել օբյեկտիվ, համակողմանի, լրիվ քննություն, փաստերի ու հանգամաքների վերլուծություն, չեն արել համադրություններ:Իրենց փոխարեն դա արել եմ ես:նՔրգործում առկա իմ՝ տուժողիս, գրավոր միջնորդությունները և բանավոր կասկածները վկայում են այդ մասին:
Քանի որ Շիրակի մարզի իրավապահները, ըստ ամենայնի, սկզբունքորեն չեն ցանկանում բացահայտել հանցագործներին, դիմել եմ ՀՀ ոստիկանությանը, ՀՀ դատախազությանը, ՀՀ քննչական կոմիտեին՝ մայրաքաղաքից բարձրակարգ քննիչներ, դատախազներ ու ոստիկաններ ուղարկելու հարցով: Չի արվել: Դիմել եմ ԱԱԾ-ին, Հատուկ քննչական ծառայությանը՝ զբաղվելու այն իրավապահներով, որոնք ուղղակի չեն կարող աշխատել, 2 տարվա ընթացքում չեն կարողացել առաջ քաշել իրենց վարկածը տեղի ունեցածի շարժառիթի վերաբերյալ, չեն նշել կասկածյալների իրենց շրջանակը, չեն էլ փորձել գտնել, հայտնաբերել այն գործիքը, որի միջոցով տեղի է ունեցել գերեզմանի շինության վնասումը: Մի խոսքով, պարզ ու հստակ է, որ սա «անքյար» գործ է Շիրակի մարզի մասնագիտական ամլությամբ տառապող իրավապահների համար: Մինչդեռ, դիմելով ոստիկանությանը, ես կարծում էի, որ կկանխեմ գերեզման անարգողների հանցավոր մտադրությունները:
Այս քրգործի երկրորդ կասեցումը տեղի է ունեցել իմ կողմից կասկածվող անձանցից մեկի՝ ինձ զանգելուց և քննիչին իր աշխատասենյակից վռնդելուց ուղիղ 4 օր հետո: Կասեցման որոշումը չէր կարող ստույգ հենց այնպես համընկնել վերոգրյալ փաստերի հետ: Ողջամիտ կասկածներ ունեմ, որ քրգործը կասեցնելու հարցում գործել է կոռուպցիոն սխեմա և հուժկու պրեսինգ՝ նախաքննության, ոստիկանության և դատախազության վրա: Ըստ Գյումրիում շրջանառվող լուրերի, քրգործի շրջանակներում հարցաքննված և իմ կողմից կասկածվող անձը, իր մերձավոր շրջապատը առնչվում են քրեական որոշ տարրերի հետ, արատավոր սովորությունների հակվածություն ունեն, ինչպես նաև մերձավոր կապեր Գյումրու քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտնոնյաններից մեկի հետ: Նշեմ՝ կասեցման որոշումը դակվեց գործը հսկող դատախազ Արտյոմ Օվսյանի կողմից, որը վերջերս է նշանակվել Շիրակի մարզի դատախազի տեղակալ: Ըստ տեղեկությունների, Շիրակի մարզի դատախազի կողմից նրան են մակագրվում բոլոր այն քրգործերը, որոնք պետք է «մեռցնել»:
Պարոն վարչապետ
Երբ Դուք ասում եք՝ ձեր ձեռքը չի դողա ներքին թշնամիներին վերացնելու հարցում, երբ Դուք խոսում եք Հայաստանում դրախտային պայմաններ ստեղծելու մասին, տպավորություն է ստեղծվում, որ Դուք հայտնվել եք Ձեր նախորդի կարգավիճակում՝ Ձեր բառերով ասած, չեք տիրապետում այն իրավիճակին, որը տիրում է երկրում, չգիտեք, որ «երկրի թշնամիները», հակահեղափոխականները, «5-րդ շարասյունը» նաև այն դատախազներն ու քննիչներն են, ոստիկաններն ու մարդու իրավունքներով զբաղվողները (նորօրյա պիղատոսները), որոնք սուտը ստով կոծկելու աշխատաոճով իրականում լլկում են մեզ՝ քաղաքացիներիս, մեր իրավունքները: Թերևս, Դուք չեք տիրապետում երկրում տիրող իրավիճակին, որի հետևանքով հարկադրված եք «քավության» երթեր անել, ներողություն խնդրել Ձեզանից հիասթափվածներից: Բայց Ձեր այդ «մեղայականներին» չեն հետևում իրավիճակը իրապես փոխելու քայլերը: Քաղաքացիներին ականջալուր լինելու ղեկավարի լիազորությունները Դուք փոխանցել եք Ձեր աշխատակազմին, որի աշխատակցուհիներից մեկը հպարտությամբ հայտարարեց, որ «ՀՀ վարչապետը մեր՝ քաղաքացիներիս, նամակները չի կարդում» և հենց ինքն է որոշում, թե կոնկրետ իմ նամակները ո՞ւմ պետք է ուղարկի: Ձեր աշխատակազմը փոստատարի դե՞ր է տանում՝ վերահասցեավորելով նամակները: Ընդ որում՝ այն կառույցներին, որոնց հանցավոր անգործության և կոռուպցիոն «տանիքավորումներից» են դժգոհությունները: Սա ծա՞ղր է, խեղկատակությո՞ւն, փոխված իրավիճա՞կ, աշխատաո՞ճ:
ՀՀ քաղաքացին Ձեր քաղաքական շահերն ու նկրտումները սպասարկող «հրե գնդի զինվորը» չէ, որ նեղն ընկած ժամանակ հրավիրեք ԱԺ շենքը, դատարանները շրջափակելու, Ձեր «քավության» քայլերթերին մասնակցելու, այլ իրապես երկրի տերն է՝ ով էլ կլինի երկրի ղեկավար: Խոսում եք հիբրիդային պատերազմից: Իմացեք՝ Հայաստանում տեղի է ունենում հիբրիդային պատերազմ արդարության դեմ: Ձեր օրոք նույնպես Հայաստանը մնում է ֆանտաստիկ անարդար երկիր, որտեղ քրիստոնյա հայ մարդը պաշտպանված չէ:
Պարոն վարչապետ
Վստահ եմ, որ Դուք խորությամբ ուսումնասիրել եք «Թքած ունենալու նուրբ արվեստը» գիրքը, բայց եթե այս բաց նամակից հետո էլ Դուք չարձագանքեցիք, հարկադրված կլինեմ դիմել այլ երկրների ղեկավարների՝ օգնություն խնդրելով նրանցից: Ուստի Ձեզանից ակնկալում եմ՝ հանձնարարել իրավապահներին՝ բացահայտել հայրիկիս գերեզմանի անարգման քրեական գործը, պատժել 2 տարի փաստացի անգործություն, ոչ արհեստավարժություն դրսևորած և քրեական գործը ուղղակի սպանած իրավապահներին: Ստացվում է՝ հայը Հայաստանում ոչ կարող է ապրել, ոչ թաղվել:
Եթե Ձեր հարազատի գերեզմանի հետ այդպես վարվեին, իրավապահներն էլ դրսևորեին այսօրինակ անգործություն, ինչպե՞ս կվարվեիք Դուք:
Լիլիթ Աղեկյան
ք. Գյումրի, +374 91712958