ՀՀ կառավարությունում դեռ մտածում են
ՀՀ կառավարությունում դեռևս որևէ որոշում չկա Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ։
ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ գործադիրում մտածում են լուծումների մասին։
«Մենք մտահոգված ենք և մտածում ենք կառավարության մասնակցության ձևաչափերի մասին»,- ասաց Վ.Կարապետյանը։
Թե ե՞րբ որոշում կլինի, վարչապետի մամուլի քարտուղարը ժամկետ չնշեց, ասաց, որ գուցե և չորոշեն՝ դա պայմանավորելով այն պրոցեսներով ու քննարկումներով, որ տեղի են ունենում Սահմանադրական դատարանում։
«Ցանկացած քայլի մասին կտեղեկացնենք»,- նշեց Վ.Կարապետյանը։
Նշենք, որ Ազգային ժողովի մեծամասնության դիրքորոշման վերաբերյալ երեկ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ԶԼՄ-ներից մեկին հայտարարել է, որ հապճեպ որոշումներ չեն կարող կայացնել, հնարավոր է, որ խմբակցության քննարկումից հետո այլ առաջարկներ էլ ստանան, այլընտրանքային լուծումներ գտնեն, հնարավոր է՝ հանդիպեն նաև Վահե Գրիգորյանի հետ։
Վերջինս, հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանն օրերս ծավալուն նամակ էր ուղղել ՀՀ կառավարությանը, ԱԺ նախագահին, ՀՀ նախագահին, Դատավորների ընդհանուր ժողովին և Սահմանադրական դատարանի անդամներին՝ նշելով նաև իրավիճակի հանգուցալուծման իր 3 տարբերակները.
- Դատարանի անդամների և դատավորների, ինչպես նաև Դատարանի դատարանակազմական լիազորություններ ունեցող մյուս սահմանադրական մարմինների կոնսենսուալ որոշմամբ հաստատված կմնա այս իրավիճակը: Եթե այս տարբերակն է ընտրվում, ապա սահմանադրական մարմիններն իրենց հստակ հայտարարություններով պետք է փաստեն, որ Դատարանն իր այս կազմով և դրա ձևավորման ընթացքում մինչև 2018թ. ապրիլի 9-ը նշանակված անդամների նշանակմամբ չի խախտում Դատարանի ձևավորման համար Սահմանադրությամբ նախատեսված պահանջները, համապատասխանում է Դատարանի ձևավորման համար՝ Սահմանադրությամբ նախատեսված նորմերով հետապնդվող Սահմանադրի նպատակներին՝ ներառյալ Դատարանի համար կարգավորումների ուժի մեջ մտնելու համար մինչև 2035թ. սպասելը:
- Սահմանադրությամբ Դատարանի դատավորների թեկնածուներ ներկայացնող մարմինների կողմից Ազգային ժողովին ներկայացվում են Դատարանի դատավորների 7 թափուր հաստիքների համար թեկնածուներ, որոնց ընտրությունից և 2015թ.-ի փոփոխություններով Սահմանադրությամբ նախատեսված Դատարանի կազմը համալրվելուց հետո վերջինս որոշում է Դատարանի դատավորների կարգավիճակը և 213 հոդվածի իրական սահմանադրաիրավական բովանդակության կիրառության շրջանակը: Իրավական անվտանգության նկատառումներից ելնելով՝ Դատարանը կարող է անդրադառնալ նաև 2018թ.-ի ապրիլի 9-ից մինչ այդ դատարանի կազմության պահը կայացված որոշումների հարցին՝ մեկ և ընդմիշտ կնքելով նաև այդ հարցի վերջնական լուծումը, իսկ մինչ այդ որոշման կայացումը 2018թ. ապրիլի 9-ից կայացված որոշումների իրավական ուժը անվերապահորեն ճանաչվելու է:
- Օրենսդիր իշխանությունը պետք է նախատեսի վաղ կենսաթոշակային սխեմայի գործարկումը Դատարանի անդամների համար բոլոր երաշխիքներով, հաշվի առնելով այս տեսակի հանգուցալուծումների համար միջազգային լավագույն փորձը և մշակված ստանդարտները, որ հրաժարական ներկայացրած անդամները ստանան իրենց կողմից ստացվող աշխատավարձին առնվազն հավասար կենսաթոշակ և օգտվեն այլ երաշխիքներից, եթե կորոշեն հրաժարական ներկայացնել իրենց զբաղեցրած պաշտոններից: