«Եթե պարոն Գրիգորյանը չդարձավ ՍԴ նախագահ, ես կարծում եմ, նա կունենա լուրջ խնդիրներ»

Սահմանադրական դատարանի ներկա նախագահ Հրայր Թովմասյանն բոլոր չափանիշներով այսօր համարվում է դատավոր: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը:

Ըստ նրա՝ ցանկացած անհատական մեկնաբանություն սահմանադրական նորմերի վերաբերյալ անընդունելի է.

«Թե ով է ՍԴ դատավոր և թե այն նորմերը, որոնք վիճարկեց պարոն Վահե Գրիգորյանը, ես կարծում եմ, բոլորս զերծ մնանք դրա մեկնաբանություններից, և այդ մեկնաբանությունը կարող է տալ միայն ՍԴ-ն:

Այսինքն՝ պարոն Գրիգորյանը եկավ օրենսդիրում հայտարարեց, որ այս պահից ստանձնում է լիազորությունները, բայց ինչպես տեսնում ենք, անցել է քանի օր և պարոն Գրիգորյանը չի ստանձնել այդ լիազորությունները: Եվ եթե պարոն Գրիգորյանը չդարձավ ՍԴ նախագահ, ես կարծում եմ, նա կունենա լուրջ խնդիրներ»:

Նրա խոսքով՝ մեկ անձը չի կարող ՀՀ-ում լինել իրավունքի աղբյուր, մեկնաբանել սահմանադրական նորմերը և դրանք դառնան պարտադիր կատարման համար.

«Այդ դեպքում ես կարծում եմ, որ սխալ կլիներ, որովհետև Սահմանադրությունն իր կառուցակարգերով պաշտպանում է մեզ բոլոր այդ պատահական մեկնաբանություններից: Սահմանադրության անցումային դրույթներում 213 հոդվածը երաշխավորում է թե՛ ՍԴ անդամների պաշտոնավարումը որպես ՍԴ դատավորներ և ՍԴ նախագահի պաշտոնավարումը»:

Խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը հավելեց, որ Հրայր Թովմասյանն ԱԺ նախագահ է ընտրվել համապատասխան ակտով՝ ԱԺ որոշմամբ և դրան հաջորդող մնացած իրավական ակտերով.

«Այսինքն՝ եթե պարոն Գրիգորյանը գտնում է, որ այդ ակտերը իրավաբանորեն վիճարկելի են, ինքը կարող է դիմել վարչական դատարան և այդտեղ վիճարկել»:

Տեսանյութեր

Լրահոս