Հրաբխի ժայթքում է տեղի ունեցել Պապուա-Նոր Գվինեայում
Հունիսի 26-ի առավոտյան Ուլավուն հրաբխի ժայթքում է տեղի ունեցել Պապուա-Նոր Գվինեայի Նոր Բրիտանիա կղզու հարավարեւմտյան մասում: Այդ մասին հայտնել է Radio New Zealand ռադիոկայանը:
Մերձակա բնակավայրերի բնակիչները տարհանվել են: Հրաբուխն արտանետել է շուրջ 13 հազար մետր բարձրությամբ մոխրասյուն, հայտարարել է Ռաբաուլ քաղաքի Հրաբխային դիտարանի ներկայացուցիչ Սթիվ Սոնդերսը: Հրաբուխը վերջին մի քանի շաբաթվա ընթացքում բարձր ակտիվության նշաններ էր տալիս:
Մոխրի մեծ մասը քամին ծով է քշել: Պապուա-Նոր Գվինեան այսպես կոչված «խաղաղօվկիանոսյան կրակե օղակի»՝ սեյսմիկ բարձր ակտիվությամբ հզոր տեկտոնիկ բեկվածքի մի մասն է, որին բաժին է ընկնում Երկրի վրա տեղի ունեցող բոլոր երկրաշարժերի 90 տոկոսը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: