
«Հույս ունենք, որ այս հարցը կհարթվի»

«Մեր ցանկությունը՝ որպես պետության, այն է, որ այդպիսի բաներ չլինեն, և Հայաստանն իր համեստ հնարավորությունների շրջանակներում, իհարկե, կնպաստի խաղաղությանը մեր տարածաշրջանում: Մենք հույս ունենք, որ այս հարցը՝ բանակցությունների ձևով կամ այդ որոշ անհասկացողությունները կամ տեղեկությունների պակասի լրացման ձևով, կհարթվի»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Իգիթյանը՝ անդրադառնալով ԱՄՆ-Իրան հարաբերությունների սրացմանը:
Թե լարվածության խորացումն ինչպե՞ս կազդի Ղարաբաղյան հակամարտության վրա, հնարավո՞ր է Ադրբեջանը փորձի օգտվել դրանից՝ հարցին, Հ.Իգիթյանը պատասխանեց.
«Ընդհանրապես եկեք նախապես չխոսենք, որովհետև ցանկացած լարվածություն ազդում է ամբողջ տարածաշրջանի, էլ չասած՝ որոշ դեպքերում աշխարհում իրադարձությունների վրա: Իսկ ԼՂ հարցն այսօր գտնվում է ՄԽ շրջանակներում, այդտեղ ավելի կարևոր է, թե կողմերն ինչպես կկարողանան այն սպասվող մթնոլորտը ստեղծեն, որ, ի վերջո, ընդհատված բանակցությունները մի օր շարունակվեն»: