Ինչո՞ւ է կառավարությունը դեմ նվազագույն աշխատավարձի առաջարկվող բարձրացմանը

Իշխանափոխությունից հետո թվում էր, թե կառավարության առաջին քայլերից մեկը լինելու է նվազագույն աշխատավարձի բարձրացումը։ Հատկապես որ, այն անփոփոխ է արդեն մի քանի տարի։

Սակայն կառավարությունը ոչ միայն չգնաց դրան, այլև դեմ է նվազագույն աշխատավարձը բարձրացնելու վերաբերյալ ներկայացված նախաձեռնությանը։ Այնպիսի տպավորություն է, թե իշխանափոխությունից հետո կյանքը Հայաստանում այնքան է լավացել, որ այլևս դրա կարիքը չկա։ Եվ սա՝ այն դեպքում, երբ ժամանակին Նիկոլ Փաշինյանն առիթը չէր կորցնում` խոսելու հասարակության սոցիալական անմխիթար վիճակի մասին։ Այսօր նա ունի բոլոր լծակները՝ անելու այն, ինչի համար ժամանակին քննադատում էր նախկիններին, բայց հակված չէ դրան։

Ինչպես հայտնի է, «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանը և Վարազդատ Կարապետյանը հանդես են եկել նվազագույն աշխատավարձը բարձրացնելու առաջարկությամբ։ Գործող 55 հազարի փոխարեն՝ առաջարկվում է 63 հազար դրամը։

Ի սկզբանե թվում էր, թե պատգամավորներն իրենց նախաձեռնությունը համաձայնեցրել են կառավարության հետ։ Ինչու ենք սա ասում, որովհետև նվազագույն աշխատավարձի բարձրացումը կախված էր լինելու ոչ թե պատգամավորների ցանկությունից, նույնիսկ, եթե նրանք ներկայացնում են «Իմ քայլը» խմբակցությունը, այլ կառավարության հայեցողությունից։ Իսկ կառավարությունը ոչ միշտ է պատրաստ հանդուրժել ինքնագլուխ նախաձեռնությունները, որքան էլ դրանք կարող են հիմնավորված լինել։

Ժամանակին այդպես եղավ Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթի դեպքում։ Հաշվի առնելով ծագած մի շարք խնդիրները, Ազգային ժողովի Տնտեսական հարցերի հանձնաժողովը ներկայացրեց օրենսդրական նախաձեռնություն` փաթեթում ընդգրկված որոշ օրենքների հետ կապված կարգավորումներն ավելի շուտ ընդունելու վերաբերյալ։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում էր շրջանառության հարկի շեմին։ Ինչպես հայտնի է, այս տարվա հունվարի 1-ից շրջհարկի շեմը կազմում է 58,3 մլն դրամ` նախկին 115 միլիոնի դիմաց։ Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթով կառավարությունը նախատեսել է վերադառնալ նախկին սահմանին, բայց մտադիր է դա կիրառել հաջորդ տարվանից։ Սա լուրջ գլխացավանք է դարձել շրջհարկի դաշտում գործող տնտեսվարողների համար։ Մյուս կողմից` խոչընդոտում է ստվերից շրջանառությունների դուրսբերմանը, որն այդքան կարևորում է կառավարությունը։

Որքան էլ թվում էր, թե նախաձեռնությունը տրամաբանության սահմաններում է, այնուհանդերձ կառավարությունը՝ տարօրինակ պատճառաբանությամբ, այն մերժեց։

Նույն ճակատագիրն է սպասվում նաև նվազագույն աշխատավարձի բարձրացման վերաբերյալ ներկայացված նախաձեռնությանը, որքան էլ, ըստ օրինագծի հեղինակների, պետական բյուջեի կորուստները կարծես ամբողջությամբ զրոյացված են, և մտահոգվելու հիմքեր գրեթե չկան։ Հաշվարկները ցույց են տվել, որ այդ փոփոխությունը պետական բյուջեի վրա կնստի 1,1 մլրդ դրամ։ Ճիշտ նույնքանով կավելանան բյուջեի եկամուտները` այլ ոլորտներում ընդգրկված աշխատողների աշխատավարձի նվազագույն շեմը բարձրացնելու արդյունքում։ Այսինքն` դրանք ամբողջությամբ կփոխհատուցեն բյուջեի հնարավոր վնասները։

Այլ հարց, որ կտուժեն տնտեսական հատվածի մասնակիցներն ու համայնքային բյուջեները։ Առաջինի դեպքում, նախաձեռնության հեղինակների հիմնավորումներով, կորուստները կլինեն շուրջ 3,2 մլրդ դրամ, երկրորդի դեպքում` 580 մլն դրամ։

Ակնհայտ է, որ հիմնական ծանրությունն ընկնելու է հատկապես տնտեսական հատվածի վրա։ Դա նշանակում է, որ առաջարկվող փոփոխության հետևանքով նրանք ստիպված են լինելու լրացուցիչ ծախսեր կատարել։

Ինչքանո՞վ է նպատակահարմար տնտեսական հատվածի մասնակիցներին և համայնքային բյուջեներն այս պահին դնել նման ծանրության տակ, այլ հարց է։ Դրա հետևանքով որոշակի մարդիկ գուցե և կորցնեն իրենց աշխատանքը։ Ինչպես սովորաբար լինում է նման դեպքերում, գործատուները հավելյալ ֆինանսական բեռը փորձում են փոխհատուցել հիմնականում աշխատողների քանակը կրճատելու միջոցով։ Բայց, իհարկե, դա չի նշանակում, թե պետք է հրաժարվել նվազագույն աշխատավարձի բարձրացումից։

Որպես այդպիսին՝ այն Հայաստանում շատ ցածր է։ Վերջին չորս տարիներին նվազագույն աշխատավարձը որևէ փոփոխության չի ենթարկվել։

Հիշեցնենք, որ 55 հազար դրամը գործում է սկսած 2015թ.։ Այդ ընթացքում թեև շեմը վերանայելու վերաբերյալ բազմիցս խոստումներ հնչել են, այնուհանդերձ դրանք այդպես էլ մնացել են օդում կախված։

Գործունեության առաջին տարում նվազագույն աշխատավարձի բարձրացումից խուսափեց նաև Նիկոլ Փաշինյանի կառավարությունը։ Եթե 2018թ. դրան չգնալն ինչ-որ առումով գուցե հիմնավորված էր, ապա նույնը չենք կարող ասել ընթացիկ բյուջետային տարվա համար. պետական բյուջեի ձևավորման ժամանակ կառավարությունն այդպես էլ քայլ չարեց նվազագույն աշխատավարձը բարձրացնելու ուղղությամբ։

Նվազագույն աշխատավարձի բարձրացումը սոցիալական առումով, անշուշտ, դրական քայլ է։ Այն որոշ չափով կավելացնի ցածր աշխատավարձ ստացողների եկամուտները։ Խոսքը 7,8 հազար դրամի մասին է։

Հասկանալի է, որ սրանով էական սոցիալական խնդիր չի լուծվում։ Հատկապես, եթե հաշվի առնենք բավական բարձր գնաճային ճնշումը լայն սպառման ապրանքների վրա։ Այս քայլով գուցե թե կարող է մեղմվել գնաճի ազդեցությունը, բայց դա բավարար չէ երկրում տարիներ շարունակ ձևավորված սոցիալական բևեռացումը թուլացնելու համար։ Առավել ևս, որ կառավարությունն իր չպատճառաբանված քայլերով պատրաստվում է նպաստել բևեռացման խորացմանը։ Խոսքը բարձր վարձատրվողների համար եկամտային հարկի բեռի նվազեցման մասին է, ի տարբերություն ցածր աշխատավարձ ստացողների։

Այս պայմաններում հարկավոր է շատ ավելի առաջընթաց քայլ կատարել` հասարակության սոցիալապես անապահով խավերի եկամուտներն ավելացնելու ուղղությամբ, քան առաջարկվող նվազագույն աշխատավարձի 8 հազար դրամ հավելումն է։ Բայց պարզվում է՝ կառավարությունը դեմ է նույնիսկ ներկայացված փոփոխությունը։ Էլ ուր մնաց, թե կողմ լինի ավելի կտրուկ քայլերի։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս