Ինչո՞ւ են ուժային կառույցներից հետևողականորեն հեռացվում գեներալները
Մայիսյան հաղթանակի օրերին Արցախում գտնվող ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ պատերազմական ընկերների՝ գեներալիտետի հետ հայտնի լուսանկարը, բավական լուրջ աժիոտաժ առաջացրեց հանրային տարբեր շրջանակներում:
Տարաբնույթ մեկնաբանություններ եղան, ոմանք այդ հանդիպումից քաղաքական ուղերձներ «վերծանեցին», հավանական ու անհավանական սցենարներ կանխատեսեցին, իսկ իշխող՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորած քաղաքական ուժի ներսում այդ մի լուսանկարը մեկնաբանվեց՝ որպես գաղափարակից գեներալիտետի հետ հատուկ հավաք: Այո՛, «գաղափարակից» բառը օգտագործվեց… և, թերևս, ոչ անզգուշորեն:
Գործող իշխանությունները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մի քանի անգամ ցուցադրել են բարձրաստիճան զինվորականների նկատմամբ իրենց վերաբերմունքը։ Իսկ արցախյան լուսանկարի այդ դրվագն է՛լ ավելի է խորացրել նրանց նկատմամբ վերաբերմունքը, քանի որ իշխանությունների համոզմամբ՝ գեներալիտետը պետք է համախմբվի միմիայն իրենց շուրջ։
Առհասարակ, ովքեր առնչվում են նախկինների հետ՝ հայտնվում են «թավշյա» իշխանությունների թիրախում՝ անկախ գործունեության ոլորտից։
Պաշտոնանկություններով ու հեռակա բանավեճերով դրսևորված վարչապետ Փաշինյանի վերաբերմունքը՝ առ գեներալիտետ, միայն այսքանով չի սահմանափակվել: Այս խավի նկատմամբ նրա ընկալումն արտահայտվել է նաև հայտնի դրվագներից դուրս՝ ելույթների, հարցազրույցների ժամանակ: Իշխանության ներսում ձևավորված այդ ընկալումն էր, որ պայթեց Թալինում՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսացության նախընտրական քարոզարշավին:
Հիշեցնենք, որ Թալինում հանրահավաքի ժամանակ Սասուն Միքայելյանն իր ելույթում ասել էր. «…Ես այս պահին չեմ վախենում ու վարանում ասել, որ այս հաղթանակն ավելի կարևոր է, քան Արցախյան ազատամարտում տարած հաղթանակը»,- հայտարարել էր Միքայելյանը՝ նկատի ունենալով Փաշինյանի գլխավորությամբ 2018թ. տեղի ունեցած թավշյա իշխանափոխությունը։
Նրա այդ հայտարարությունը, բնականաբար, բուռն արձագանք ստացավ և խիստ քննադատվեց բարձրաստիճան զինվորականների կողմից։ Միքայելյանը փորձեց, իհարկե, փոքր-ինչ սրբագրել իր խոսքը, բայց այն կայծակնային արագությամբ կրքեր բորբոքեց հասարակության տարբեր շերտերում: Արցախից խիստ քննադատություններ հնչեցին, որին ֆեյսբուքյան ուղիղ կապով անդրադարձավ Փաշինյանը։
«Ես զարմանում եմ, որ մարդիկ, ովքեր տարիներ շարունակ մասնակցել են բանակի թալանին, զինվորների բաժինը գողցողների հետ են նստել ու վեր կացել, հիմա մի սխալ ձևակերպման համար ուզում են աչոկներ հավաքել: Այդ մարդիկ հիմա ուզում են ինչ-որ բա՞ն ապացուցել, կարծում են՝ սա հարմար առիթ է, որ կարող են իրենք ոգևորվել. չոգևորվե՛ք, նստե՛ք տեղներդ ու չստիպեք, որ մենք ձեր թեմաներով ավելի բաց խոսենք: 20 տարի բանակը թալանել եք, ոչ մի բան տեղի չէ՞ր ունենում, հիմա 1 սխալ նախադասության համար փորձել են ոգևորվել: Իբր ազատամարտի պաշտպաննե՞ր եք, չի ստացվելու, հանգիստ նստեք տեղներդ»:
Ստեփանակերտից ստացված կոշտ արձագանքներից, ապա՝ Արցախի նախագահ Բակո Սահակյան-Փաշինյան հանդիպումից հետո աղմկոտ պաշտոնանկություներ եղան՝ Արցախի ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը նախարարի պաշտոնից ազատվեց, գրեթե զուգահեռ տեղի ունեցավ Արցախի ԱԱԾ պետ, Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանակիր, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանի պաշտոնանկությունը, հաջորդիվ ՝ Արցախի պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը (Օգանովսկի) հրաժարական ներկայացրեց, այնուհետև Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից ազատվեց Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը։ Եվ այս բոլոր գործողությունները տհաճ զուգադիպություներ չէին, դրանք բոլորը միմյանց հետ փոխկապակցված գործընթաց կարելի է համարել: Կարծիք կա, որ ՀՀ իշխանությունների կողմից հետևողականորեն և ծրագրված կերպով գլխատվում է բանակի փորձառու-բարձրաստիճան կազմը, վարկաբեկվում է բանակի սպայակազմը, ջլատվում են ներքին ուժերը, Արցախում ներքաղաքական խմորումներ են հրահրվում Հայաստանից… միայն հասկանալի չէ՝ զինուժը ներսից թուլացնելու Նիկոլ Փաշինյանի բուն մոտիվացիան:
Փաստացի ուժային կառույցներում այս դեմքերն այսօր չունեն որոշում ընդունողի դերակատարում: Ստացվում է՝ հեղափոխությունը փորձում է ջախջախել նաև հերոսական կերպարների նկատմամբ ձևավորած հասարակական ընկալումը, հերոսից հակահերոս են ստանում, և հետևաբար՝ հեղափոխությունը մերժում է նաև բարձրաստիճան զինվորականության փորձառու խավին:
Ասվածի ապացույցը միայն Արցախում արված պաշտոնանկությունները չեն, հեղափոխությունը գեներալներից փորձում է «զինաթափել» նաև Հայաստանի ուժային կառույցները:
Այդ իմաստով բավականին խղճուկ է վիճակը հատկապես Հայաստանի ոստիկանական համակարգում: Հեղափոխության անցումային շրջանում պաշտոններից ազատվեցին միանգամից թվով 6 գեներալներ: Այսօր միակ գեներալը համակարգում ոստիկանական ակադեմիայի ղեկավար Մուշեղ Բաբայանն է մնացել, կրթահամալիրի պետն ունի գեներալ-մայորի զինվորական կոչում:
Բարձրագույն ոստիկանական կոչում չունի անգամ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
Եվ ուշագրավ է այն, որ Հայաստանի ամենաբարձր կոչում ունեցող գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանին փոխարինելու եկած Վալերի Օսիպյանն ընդամենը ոստիկանության գնդապետ է:
Նկատենք, հեղափոխությունից հետո մինչ օրս Օսիպյանին գեներալի կոչում չի էլ շնորհվում, և հայտնի չէ, թե ինչո՞ւ նախկին իշխանություններից առաջինը Փաշինյանի հավանությանն արժանացած այս թեկնածուն արժանի չի համարվում այդ բարձր կոչմանը գերագույն հրամանատարի կողմից:
Մինչդեռ նախկինում ավանդաբար նույն ստրատեգիան էր կիրառվում ՝ ուժայիններում բարձր պաշտոններում նշանակումից առաջ թեկնածուին շնորհվում էր բարձրագույն զինվորական կոչում, և այս ժեստն ուժայիններում որոշակի առումով ղեկավար պոստը ընդգծելու նկատառումից ելնելով էր արվում, որպեսզի համակարգում հիերարխիայի կանոնները պահպանվեն: Նկատենք, գնդապետ Վալերի Օսիպյանը Հայաստանի գլխավոր ոստիկանապետ նշանակվելուց հետո առաջին քայլը որ արեց՝ համակարգի գեներալներից հրաժարումը եղավ:
Իր պաշտոնավարման առաջին իսկ ամսում նա ազատվեց միանգամից 6 գեներալներից՝
Ոստիկանության ՊՊԳ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Արամ Մայի Զաքարյան,
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (6-րդ վարչության) պետ Ռաֆիկ Զաքարյան,
Ոստիկանապետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյան,
Ոստիկանապետի տեղակալ, գեներալ-մայոր Սամվել Հովհաննիսյան,
Ոստիկանապետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Վարդան Եղիազարյան։
Եվ Ոստիկանապետի տեղակալ, գեներալ-մայոր Անուբաղ Համբարյանը, ում, ի դեպ, Վալերի Օսիպյանն ազատեց նաև ոստիկանության ծառայությունից:
Նշենք, որ գրեթե նույնն է իրավիճակը նաև մյուս ուժային կառույցներում:
Ազգային անվտանգության ծառայությունում (ԱԱԾ) ևս այդ ընթացքում այդ առումով փոփոխություններ եղան հեղափոխությունից հետո։ Օրերս էլ զբաղեցրած պաշտոնից ազատվեց երեք գեներալներից մեկը՝ ԱԱԾ պետի տեղակալ Արզուման Հարությունյանը:
1984 թվականից ՀԽՍՀ պետական անվտանգության մարմիններում իր ողջ կենսագործունեությունը կերտած կադրավիկ Արզուման Հարությունյանը, ում պաշտոնանկությունն օրգանապես հաջորդեց եղբոր՝ ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի պաշտոնանկությանը, համակարգից հեռացավ գեներալ-լեյտենանտի զինվորական բարձր կոչումով: Վանեցյանի մյուս երեք տեղակալներից երկուսն են կրում բարձրագույն կոչում՝ գեներալ-լեյտենանտ Ստեփան Մելքոնյանը և գեներալ-մայոր Արամ Հակոբյանը (թեև գաղտնի ծառայողների մեջ էլ հնարավոր է լինեն):
Ինչ վերաբերում է ուժայիներից երրորդ կառույցին՝ Արտակարգ իրավիճակների նախարարությանը, ապա այս համակարգում ևս երկու գեներալ է մնացել՝ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթևոսյանը և ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը:
Մի տարբերություն ևս՝ հակառակ նախորդ երկուսի՝ ԱԱԾ-ի և Ոստիկանության, այս գերատեսչության ղեկավարին շնորհվել է գեներալի կոչում: Ֆելիքս Ցոլակյանը, հիշեցնենք, ԱԱԾ-ի նախկին պետ գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանի տեղակալն էր, գործադիրում հայտնվելուց հետո Ցոլակյանն ԱԱԾ գեներալ-լեյտենանտի զինվորական կոչումով էր անցել թոշակի:
Սյուզի Բադոյան