Անորոշ ու վտանգավոր հայտարարություն Մինսկի խմբից
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ հունիսի 20-ին Վաշինգտոնում կայացած հանդիպիման արդյունքներով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երեկ տարածել են հայտարարություն, որը կարելի է համարել վերջին ամիսների, իսկ գուցե վերջին մեկ տարվա կտրվածքով ամենաանհաջող հայտարարությունը։
Հիշեցնենք, որ արտգործնախարարների հանդիպումը տեղի էր ունենում սահմանային լարվածության աճի պայմաններում, և կարելի էր ակնկալել, որ համանախագահները գոնե որևէ կերպ զսպող ձևակերպումներով կանդրադառնան հայ զինծառայողների սպանությանը։ Մինչդեռ երեկ տարածած հաղորդագրության մեջ համանախագահներն ընդամենն «ափսոսանք են հայտնում» զոհերի առնչությամբ և կողմերին զսպվածության կոչ են անում։ Ընդամենը։
Առանց որևէ հասցեականության ու կոնկրետության։ Համանախագահներն իրենց հայտարարության մեջ չեն հիշատակում նաև նախկին որևէ համաձայնություն, այդ թվում և առաջին հերթին՝ այն համաձայնությունները, որոնց համաձայն՝ կողմերը պարտավորվում են սահմանային մշտադիտարկման հնարավորություն ստեղծել և ավելացնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դիտորդական խմբի անդամների թիվը։ Համանախագահներն ընդհանրապես որևէ փաստաթղթի հղում չեն կատարում։
Եվ դա որքան ցավալի, նույնքան էլ օրինաչափ է ու տեղավորվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի արցախյան մարտավարության տրամաբանության մեջ։
Փաշինյանը, ինչպես հայտնի է, շատ ավելի կարևորում է Իլհամ Ալիևի հետ վերելակում կամ որևէ այլ տարածքում իր ձեռք բերած պայմանավորվածությունները, քան փաստաթղթային ամրագրում ստացած համաձայնությունները։
Համանախագահներն էլ, թերևս, հետևում են այդ տրամաբանությանը և ամբողջությամբ մոռացության են մատնել Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները։ ԵԱՀԿ Մինսկի խմբի այս անորոշ ու ոչինչ չասող հայտարարությունը շատ մտահոգիչ է այն առումով, որ Ադրբեջանը շարունակում է ռազմատենչ հռետորաբանությունը, իսկ այդ երկրի նախագահն էլ օրերս հայտարարեց ռազմական բյուջեն մի քանի անգամ ավելացնելու մասին։