Նիկոլ Փաշինյանի մեսիջը, որն անտեսվեց
Եթե վերանանք իզմերի թեմայից, ՔՊ համագումարում Նիկոլ Փաշինյանի ելույթը ներքաղաքական առումով կարևոր մեսիջ ուներ, որի վրա շատ մեծ ուշադրություն չդարձվեց։ Հայտարարվեց, որ իշխող կուսակցությունը, ի վերջո, պետք է հասկանա՝ ինչ դիրքորոշում ընդունել այն քաղաքական ուժերի հանդեպ, որոնք նախկինում՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի իշխանության օրոք, եղել են ընդդիմություն, իսկ հիմա ո՛չ իշխանություն են, ո՛չ ընդդիմություն։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը, ապա առանձնացրեց համագումարի մի քանի դրվագներ։
«Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ քաղաքական այսօրվա իշխող ուժի լիդերը հարց է դնում՝ եկեք, ի վերջո, կողմնորոշվենք՝ կարողանո՞ւմ ենք միայն մեր ռեսուրսներով ղեկավարել երկիրը, թե՞ արդեն պետք է այլ պոտենցիալ դաշնակից կուսակցությունների ռեսուրսները պաշտոնական մակարդակով ներգրավել, որովհետև մենք տեսնում ենք, որ այսօր էլ մեր երկրում 7-8 կարևոր քաղաքական պաշտոններ կան, որոնք զբաղեցնում են նախկին ՀՀՇ, ՀԱԿ և այդ շրջանակներին մերձ մարդիկ: Սա մեսիջ էր Նիկոլ Փաշինյանի կողմից, որ պետք է, ի վերջո, ֆորմալիզացնել բոլոր հարաբերությունները նման ուժերի հետ»,- նշեց քաղտեխնոլոգը:
Արձագանքելով 168.am-ի հարցին, թե հնարավո՞ր է, որ նշյալ 7-8 ներկայացուցիչները և հենց Նիկոլ Փաշինյանն ինքը կշարունակեն Լ. Տեր-Պետրոսյանի քաղաքական գիծն Արցախյան գործընթացում, Վիգեն Հակոբյանը պատասխանեց.
«Ի սկզբանե կային կասկածներ, որ որոշակի քաղաքական կապեր կան այսօրվա իշխող ուժի և Տեր-Պետրոսյանի թիմի միջև: Ակնհայտ է, որ որոշակի կապեր կան, կրկնում եմ՝ կան 7-8 առանցքային պաշտոններ՝ ուժային և քարոզչական բլոկներում, որոնք զբաղեցնում են մարդիկ, որոնք ուղղակիորն ասոցիացվում են այդ քաղաքական թևի հետ են։ Այս առումով՝ կարծում եմ` Տեր-Պետրոսյանի կողմնակիցներին բավականին լուրջ տեղ տալը ցույց է տալիս, որ այդ թևը Նիկոլ Փաշինյանի կողմից չի ընկալվում՝ որպես անընդունելի թև:
Ինչ վերաբերում է Արցախի հարցին, ապա առայժմ` այս պահի դրությամբ, չկան լուրջ նշաններ, որ վերցնում են Լևոն Տեր-Պետրոսյանի կուրսը: Պաշտոնապես ընդամենը կա 2 կետ, որ Արցախը պետք է վերադարձվի բանակցային սեղանի շուրջ, և հստակություններ պետք է մտցվեն Մադրիդյան սկզբունքների կետերի շուրջ: Առայժմ չկա մեսիջ, որ մենք գնում ենք տերպետրոսյանական սխեմայով: Բայց, իհարկե, մտահոգությունների տեղիք տալիս է, որ նաև արտաքին քաղաքական շրջապատում հայտնվում են մարդիկ, որոնք կապված են եղել այդ թևի հետ՝ մերձավոր շրջապատում՝ մամլո խոսնակ և այլն, որոնք, հնարավոր է՝ բացի իրենց պաշտոնական պարտականություններից, գուցե այլ ֆունկցիաներ են կատարում»:
Քաղտեխնոլոգը ՔՊ համագումարի մյուս մեսիջը համարեց այն, որ անցկացված ընտրությունները փաստեցին իշխող ուժում կատարվող տրանսֆորմացիաների մասին. «Նույն Սասուն Միքայելյանի չհայտնվելը ՔՊ վարչության կազմում և Ռոմանոս Պետրոսյանի հայտնվելը ցույց են տալիս, որ ավելի շուտ ընդդեմ քվեարկություն է գնացել, ինչը պայմանավորված է եղել նրանով, թերևս, որ Սասուն Միքայելյանը չէր աջակցում ՔՊ թեկնածուին Աբովյանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ»։
Մանրամասները՝ տեսանյութում
Զարուհի Դիլանյան