Բաժիններ՝

Էդուարդ Աղաջանյանը շարունակում է միջամտել այլ գրասենյակների աշխատանքներին

Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին չի կաշկանդել իր հետ կոնֆիկտից հետո պաշտոնանկ արված Հայկ Այվազյանի հետ կապված սկանդալային պատմությունն առ այն, որ Այվազյանը վարչապետ Փաշինյանի դեմ հայցով մտել է դատարան:

Տեսչական մարմինների գրասենյակում ներքին խարդավանքները շարունակվում են նաև այս օրերին։ Աղաջանյանի տեղակալ Լիանա Ղալթախչյանը շեֆից հանձնառություն է ստացել՝ ազատվել տեսչական մարինների 6 ղեկավարներից, և հնարավորինս շուտափույթ՝ հաջորդ քայլին, նրանց 16 տեղակալների փոփոխման հարցը պետք է լուծվի:

Էդուարդ Աղաջանյանը պահանջել է, որ ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը հասկանալի ներկայացնեն իրեն, հաստատված գործողությունների պլան, և դասակարգված տնտեսվարողներին՝ ըստ ռիսկայնության,  ստուգայցերի հստակ պլան (նաև տարեկան), պահանջել է որպեսզի որոշակի ռազմավարություն մշակեն, որն իր մեջ պիտի ներառի հանրության հետ տարվող իրազեկման և խորհրդատվական բնույթի և այլ աշխատանքները։

Սրանք, ըստ էության, Աղաջանյանի իրավասություների շրջանակը չեն, նա չի կարող և իրավասու չէ տեսչականների պետերից ռազմավարություն պահանջել:

«Աղաջանյանն ի պաշտոնե պարտավոր է գրասենյակին միայն ծառայություններ մատուցել, ուրիշ ոչինչ: Մինչդեռ իր ցանկությունը նա կոմպենսացրել է իբրև իրեն վերագրվող լիազորություններով, որպեսզի տեսչական մարմիններում իր կառավարման տակ առնի բոլոր ղեկավարներին»,- համոզված են աշխատակիցները: Նրանց խոսքով՝ նախարարների լիազորությունները սեփական ոլորտների տեսչական մարմինների ղեկավարների դաշտում բացառելու տարբեր քայլեր է Աղաջանյանը ձեռնարկել, սակայն փոխարենը՝ իր ազդեցությունն է ուժեղացնում, և ակնկալվում է, որ կադրային փոփոխությունների կգնա:

Մեր աղբյուրի պնդմամբ՝ Էդուարդ Աղաջանյանը շարունակում է սևեռված մնալ տեսչական մարմինների գրասենյակի վրա, և պայքարի մեջ է մտել ոլորտային նախարարների հետ: Առաջին դրսևորումը, թերևս, Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ հակամարտությունը շուտով կլինի: Նախարար-Խուրշուդյան հայտնի կոնֆլիկտից հետո խոսակցություններ կան, որ պաշտոնանկ կարվի Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանը, ով, ի դեպ, հենց նախարար Արսեն Թորոսյանի մարդն էր համարվում: Իսկ հաջորդ կադրի թեկնածուի փնտրտուքներն Էդուարդ Աղաջանյանը, ըստ աղբյուրի՝ սկսել է իր միջավայրի ներսում: Քաստինգի հանդիպումներն ավանդաբար անցկացվում են հենց կառավարության շենքում, պնդում է  մեր աղբյուրը:

Հիշեցնենք, հունիսի 11-ին՝ Առողջապահական խորhրդի նիստին, նախարար Արսեն Թորոսյանը լուրջ վեճի էր բռնվել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանի հետ՝ այն պատճառով, որ քաղաքացու ահազանգի համար տեսչական մարմնի ղեկավարն իր գործառույթների շրջանակներում պատժել էր նախարարի ընկերոջը։ Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի վիրաբուժական գինեկոլոգիայի բաժնի վարիչ, «Մի վնասիր» հաղորդաշարի հեղինակ Վահե Տեր-Մինասյանը հեռուստատեսությամբ՝ «Շանթ» հեռուստաընկերության եթերում, «Գարդասիլ» պատվաստանյութի վերաբերյալ հարցազրույց տալու համար ենթարկվել է 250 հազար դրամի չափով վարչական տույժի։

«Հեռանկար» հեռուստահաղորդման ժամանակ, պատասխանելով լրագրողի հարցերին, Վահե Տեր-Մինասյանը պատմել էր, թե որ թվականից և քանի երկրներում է կիրառվում «Գարդասիլը»։ Նաև խոսում է արգանդի վզիկի քաղցկեղի դեմ երկու տարբեր ընկերությունների արտադրած պատվաստանյութերի և դրանց տարբերությունների մասին՝ ընթացքում տեղեկացնելով նաև արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելման երկու մեխանիզմների՝ սքրինինգային ծրագրերի և պատվաստումների մասին։ Հարցազրույցի ընթացքում խոսվում է պապիլոմա վիրուսի փոխանցման ուղիների մասին և այն մասին, թե ինչու նաև տղամարդիկ պետք է պատվաստվեն։

Հաղորդման ավարտին Վահե Տեր-Մինասյանը եզրափակում է, որ ինքը և իր հեղինակած հաղորդաշարը շարունակելու են գովազդել պատվաստումների անհրաժեշտությունը։ Ավելին՝ ամեն շաբաթ իր հաղորդման ընթացքում ինքը հայտնելու է, թե քանի հոգի են պատվաստվել «Գարդասիլ» դեղանյութով։

Տեր-Մինասյանի հենց այս միտքն էլ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը համարել է օրենքի խախտում։ Նշենք նաև, որ Վահե Տեր-Մինասյանը վարչական տույժի կիրառումն իր խոսքի ազատության սահմանափակում է համարում և ասում է, որ այն անձնական բնույթ ունի, քանի որ պապիլոմա վիրուսի կանխարգելման ճանապարհների վերաբերյալ իր և տեսչական մարմնի ղեկավարության տեսակետները տարբերվում են։

Էդգար Խուրշուդյանն իր հերթին՝ ԶԼՄ-ների հետ զրույցում ասել է, որ անձնական բնույթի լինել չէր կարող, քանի որ վարույթի հիմք է հանդիսացել քաղաքացու դիմումը, իսկ իրենք աշխատում են ընթացք տալ գրեթե բոլոր դիմումներին։ Վահե Տեր-Մինասյանի դեմ վարույթի հիմքում Մարինա Խաչատրյանի դիմումն է եղել։

Մեր տեղեկություններով՝ երբ նախարար Արսեն Թորոսյանը տեսչական մարմնի ղեկավարից հաշիվ է պահանջել, թե ինչո՞ւ է իր դեմ «խաղում»,  Էդգար Խուրշուդյանն ասել է, որ այլ բան չէր կարող անել՝ կար քաղաքացու ահազանգ, իսկ նախարարը բղավելով հակադարձել է՝ «պասլա՛տ անեիր» այդ քաղաքացուն: Առողջապահության նախարարը պատրաստվում է դիմել վարչապետին՝ կառավարությանը ենթակա Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնավարման հարցը վերանայելու համար, սրվող դիմակայության դաշտում Արսեն Թորոսյանը հայտարարել է, որ գնալու է մինչև վերջ:

Նշենք, որ Տեսչական մարմնի ղեկավարի ընտրության ողջ գործընթացը կանոնակարգվում է ՀՀ կառավարության 2017 թվականի ապրիլի 27-ի N 444-Ն որոշման, ինչպես նաև 2014 թ. դեկտեմբերի 17-ի «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքի համաձայն: Ի դեպ, տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնը վարչական պաշտոն է: ՀՀ վարչապետը տեսչական մարմնի կառավարման խորհրդի ներկայացմամբ պաշտոնի է նշանակում տեսչական մարմնի ղեկավարին և նրա նկատմամբ կիրառում է խրախուսման և պատասխանատվության միջոցներ: Պաշտոնից ազատում է դարձյալ ՀՀ վարչապետը:

Ուշագրավ է այն, որ համակարգի ներսում բավականին դրական են անդրադարձները Խուրշուդյանի գործողությունների մասին, կոլեգաները համոզված են, որ տեսչականի պետը գործել է բացառապես իրավունքի դաշտում, մինչդեռ նախարարը սուբյեկտիվ ընկալումով վիրավորված է իր ընկերոջ նկատմամբ կիրառված օրինական քայլից և անձնական մղումով պայքար է մղում տեսչական մարմնի ղեկավարի դեմ:

Սյուզի Բադոյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս