«Այսօրվա ընտրությունն ընդամենը հնարավորություն է՝ թույլ չտալու, որ այդ իշխանության պարագլուխները և նրանց նորելուկ արբանյակները վերադարձի շանս կամ հույս ունենան»

Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածության քննարկման ընթացքում հնչած ելույթներից առանձնահատուկ ուշադրության արժանացավ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի ելույթը: Դրա ավարտից հետո իշխանական պատգամավորները ծափերով ողջունեցին այն, սակայն չբավարարվեցին դրանով: Աժ միջանցքներում «Իմ քայլի» ներկայացուցիչները մոտենում են Բաբաջանյանին և սեղմում նրա ձեռքը:

Ելույթում Ա.Բաբաջանյանը հայտարարեց, որ այս քննարկումից ու քվեարկությունից է կախված Հայաստանում դատաիրավական համակարգի բարեփոխումների հետագա ընթացքն ու ճակատագիրը: Միևնույն ժամանակ պատգամավորն արձանագրեց, որ Հայաստանի դատական համակարգում ստեղծված իրավիճակը իշխող ուժի մեկամյա «անգործության և արխայնության» հետևանք է.

«Բայց դա այս պահին կարևոր չէ և ես դրա մասին չեմ ուզում խոսել: Այսօր այս Ազգային ժողովի, մեր բոլորի պարտականությունն է ավելի քան 20 տարի առաջ մեր երկրում բույն դրած քրեաօլիգարխիկ համակարգին սպասարկող «դատական իշխանություն» կոչվող որջը վերադարձվի ժողովրդին և անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի Հայաստանի դատական իշխանությունն անշրջելիորեն իր բոլոր դատական ակտերն ու որոշումները բխեցնի միայն ժողովրդից իշխանությունից և հռչակվեն բացառապես Հանուն Հայաստանի հանրապետության։

Եվ հենց այստեղ առաջարկում եմ վերացարկվել մեր այսօրվա օրակարգի առարկայից և կենտրոնանալ մեր երկրում ստեղծված իրողությունների համատեքստին, որի պայմաններում մեզ է ներկայացվել Վահե Գրիգորյանի թեկնածությունը՝ ՍԴ դատավորի պաշտոնում: Հայաստանը ներկայումս գտնվում է դատաիրավական համակարգի արմատական բարեփոխումների անհրաժեշտության առաջ։ Հայտարարարվել է դատական իշխանությունը վեթինգի ճանապարհով զտելու կամ ատեստացիայի ենթարկելու և դատաիրավական համակարգը վիրահատական միջոցներով առողջացնելու անհրաժեշտության մասին:

Հայտարարավել է այն բանից հետո, երբ առանձին վերցրած մեկ դատական գործով ի ցույց դրվեց Հայաստանի դատական համակարգի ճղճիմ և կախյալ վիճակը, դատարանների՝ ամենատարբեր ազդեցություններին տուրք տալու երևույթը»:

Նա կոչ արեց լինել անկեղծ և իրերը կոչել իրենց անուններով. «Հեղափոխությունից մեկ տարի անց մեր երկրի ինքնիշխանությունն ու պետականությունը նսեմացրած քրեաօլիգարխիկ համակարգի կնքահայրը ապացուցեց, որ ի զորու է ազդել Հայաստանի դատարանների վրա և ստանալ իր համար ցանկալի որոշումներ: Այդ մեղադրյալը շարունակում է դա ապացուցել նաև այսօր՝ դատարանում ցուցաբերելով ցինիզմի հասնող ինքնավստահություն՝ առնվազն տեսանելի մակարդակում բարոյական և հոգեբանական ճնշում գործադրելով դատարանի վրա»:

Ա.Բաբաջանյանի կարծիքով՝ Վ.Գրիգորյանը՝ ՍԴ դատավորի պաշտոնում իր լիազորությունների շրջանակներում կոչված է հակազդել Ռ.Քոչարյանի կնքահայրությամբ հաստատված և Սերժ Սարգսյանի կողմից խորացված անարխիայի տարածմանը.

«Այս քննարկումն ու քվեարկությունն ամբողջությամբ քաղաքական ակտ է, հետևաբար` մեր դրդապատճառները ու եզրահանգումները նույնպես պետք է ունենան քաղաքական բովանդակություն և հիմանվորում»:

Մինչև վերջ անկեղծանալով՝ Ա.Բաբաջանյանը նշեց, որ այս հարցը իր համար քաղաքական հավատամքի ու ինքնության հարց է:

Նա խոսեց ՀՀ ազատազրկման վայրերում այդ տարիների սարսուռը սեփական մաշկի վրա զգալու ու ապրելու մասին, մարդատյաց դատարանների ապօրինի որոշումների համար կյանքով ու առողջությամբ վճարելու, կամ արտագաղթելու մասին:

Ա.Բաբաջանյանը նաև իմիջայլոց հիշեցրեց, որ օրերս այդ իշխանության անկյունաքարերից մեկին այսօրվա մարզպետներից մեկը աղուհացով էր դիմավորում, իսկ փոխվարչապետը նրա հետ տոնախմբության էր մասնակցում:

Պատգամավորի համոզմամբ՝ չարաչար սխալվում է և մոլորության մեջ է նա, որ մտածում է, թե նախկին իշխանությունները իսպառ հեռացել են.

«Այսօրվա ընտրությունն ընդամենը հնարավորություն է՝ թույլ չտալու, որ այդ իշխանության պարագլուխները և նրանց նորելուկ արբանյակները վերադարձի շանս կամ հույս ունենան: Հեղափոխությանը հաջորդած ավելի քան մեկ տարվա ընթացքում մենք պարբերաբար, գրեթե անընդհատ ականատես ենք դառնում հին ու նոր Հայաստանների բախմանը: Հարգելինե՛ր, երեկվա և այսօրվա միջև ես ընտրում եմ վաղը»:

Տեսանյութեր

Լրահոս